ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Խաղաղ օվկիանոս
Վաղուց է հայտնի, որ չծնված հանճարի վրա չեն ողբում: Այդ իմաստությունը հիանալի ու զվարճալի պատկերել է Հովհաննես Թումանյանն իր «Կիկոս»-ում: Իրոք, հավանաբար արցունք չէինք թափի, եթե շրջանցեինք Նոր Զելանդիան: Դպրոցական նստարանից հայտնի քանի՜-քանի՜ այդպիսի աշխարհագրական անվանումներ է թողել «Արմենիա»-ն իր նավախելի հետեւումՙ հազիվ դիպչելով դրանց իր աջ կամ ձախ նավակողով: Եվ ոչինչ, չենք վշտացել: Կարող էինք, չէ՞, ասենք, Մար-Դել-Պլատա նավահանգստից հետո թեթեւակի դեպի արեւելք շրջվել ու հասնել մինչեւ Ֆոլկլենդյան կամ Մալվինյան կղզիներ: Մանավանդ որ հիմնավորապես նախապատրաստվել էի նման հանդիպման: Իմացել էի նույնիսկ այն մասին, որ առաջին անվանումըՙ Ֆոլկլենդյան կղզիներ, տրվել է 1690 թվականին անգլիացի ծովագնաց Ջոն Սթրոնգի կողմից, ի պատիվ իր տիրոջՙ վիկոնտ Ֆոլկլենդացու, իսկ երկրորդըՙ Մալվինյան, 1764 թվականին տվել է ֆրանսիացի Լուի Անտուան դե Բուգենվիլը, նկատի ունենալով, որ քանի որ տեղի առաջին վերաբնակիչները ֆրանսիական Սան-Մալո կղզու ձկնորսներն էին, կոչեց դրանք Մալվինյան: Իսկ երկու անվանումների ծագումը ցանկանում էի պարզել, որովհետեւ մինչեւ հիմա էլ չեն դադարում վեճերը դրանց շուրջը եւ շահարկումներըՙ համարյա թե քարոզչական նպատակներով: Բայց շատ ավելի հետաքրքրական է մեկ այլ բան: Եղել են ժամանակներ, երբ այդ կղզիները պարզապես պայթում էին հարստությունից: Դա շատ հետաքրքրական պատմություն է եւ կապված է Կալիֆոռնիայի 1848 թվականի ոսկու տենդի հետ: Այն ժամանակ Ֆոլկլենդյան-Մալվինյան կղզիներում, մասնավորապես Ստենլի նավահանգստում ընդամենը ութ նավ կարելի էր հաշվել: Եվ հանկարծ, մեկ տարվա ընթացքում այդ թիվն աճեց հարյուրապատիկ: Ստենլի նավահանգիստը դարձավ փոխաբեռնման կետ, քանզի օր ու գիշեր այստեղ նավանորոգման աշխատանքներ էին կատարվում: Հազարավոր նավեր Ատլանտյան օվկիանոսով անցնում էին Կալիֆոռնիաՙ բացառապես Հորն հրվանդանով: Եվ կանգառ էին կատարում Ստենլիում: Սակայն կղզու բնակիչները հարստացան միայն մինչեւ 1914 թվականը, այսինքնՙ մինչեւ Պանամայի ջրանցքի բացումը: Ես շատ հետաքրքրական պատմություններ եմ հավաքել, բայց դրանց մասին կարելի էր պատմել, եթե միայն այցելեինք այդ կղզիները: Եվ անպայման կայցելեինք, իհարկե, եթե այնտեղ ապրեին մեր հայրենակիցները: Այսօր դժվար թե գոնե մեկին գտնենք այնտեղ: Ասենք, 1982 թվականին Անգլիայի եւ Արգենտինայի միջեւ բռնկված պատերազմից հետո այնտեղ ընդամենը երեք հազար մարդ է ապրում, որից երկու հազարըՙ Ստենլի նավահանգստում, եւ թերեւս նրանք բոլորը զինվորականներ են կամ պայմանագրային ծառայողներ: Եվ այնուամենայնիվ, շատ էի ցանկանում այցելել այդ կղզիներ: Բայց սառը դատողությունը հաղթեց: Կանարյան արշիպելագում հայեր չկան, բայց այցելեցինք Լաս-Պալմաս կղզիներ նախ այն պատճառով, որ ուղղակի մեր երթուղու վրա էր, եւ երկրորդ, եւ ամենագլխավորըՙ որ այնտեղ կա հայկական Գամա-Աստղադիտարան: Իսկ Բարբադոս կղզին չանտեսեցինք ոչ միայն այն պատճառով, որ ե՛ւ ծովագնացության պատմություն է, ե՛ւ վերջնագծի ժապավենի վայրը նրանց համար, ովքեր իրենց առջեւ նպատակ են դրել հատել Ատլանտյան օվկիանոսը: Հենց Բարբադոսում մենք նշեցինք հայկական ծովագնացության առաջին, այսպես ասածՙ օվկիանոսային հաղթանակը, մեր պատմության մեջ առաջին անգամ հատելով Ատլանտյան օվկիանոսը:
Դեռ ոչ շատ վաղուց այդպիսի անցումներին առագաստանավորդները նախապատրաստվում էին տարիներով: Մի խոսքով, բոլոր վայրերի հետ խոր հիշողություններ ունենք կապված, ինչը չէի ասի, օրինակ, Ֆոլկլենդյան եւ Մալվինյան կղզիների մասին, քանի որ չայցելեցինք, չզգացինք: Բայց դե, չծնված հանճարի վրա չեն ողբում: Ի դեպ, այդ բառերը շատ էր սիրում կրկնել ինքըՙ Լեւ Տոլստոյը: Եվ ահա հիմա էլ Նոր Զելանդիան: Եթե շրջանցեինք էլ, իհարկե, աշխարհը շուռ չէր գա: Սովորականի պես ճանապարհ կանցնեինք: Ավելի շուտ կհասնեինք Ավստրալիայի ափերին: Եվ ահա հենց այդ մտքից միայն մաշկս փշաքաղվում է: Հիմա արդեն անհնար է պատկերացնել, որ մեր կյանքից հանկարծ կարող էինք բացառել հանդիպումները ե՛ւ հայրենակիցների, ե՛ւ բուն երկրի հետ, որն այնքան նման է ու տարբեր իմ հրաբխային ու հեյզերային Կամչատկայից:
Սկսեմ նրանից, որ ճամփորդությունից դեռ շատ առաջ ձեռքիս կար Նոր Զելանդիայում ապրող հայերի համարյա ողջ ցուցակը: Եվ նրանց մեջ մի մարդՙ Սիլվայի ազգանունով եւ հայրանվամբ: Էդվարդ Բարունակի Կապուտիկյան: Չեմ կարծում, թե այդ ազգանունն ու հայրանունը շատ տարածված են: Սկսեցին բարձր հնչել Սիլվայի շնորհիվ: Իսկ մեր մեծ բանաստեղծուհու պատվին նրա անունն է կրում Սփյուռքի կանանց համարյա թե կեսը: Փորձեցի զանգել Արա Շիրազին (Սիլվայի եւ Շիրազի որդուն), կապ չկար:
Եվ ահա Օկլենդում վայրէջք կատարելուց անմիջապես հետո ինձ դիմավորող հայրենակիցներիցս հետաքրքրվեցի Էդվարդի մասին: Բոլորը միանգամից սկսեցին խոսել: Ընդգծում էին ազգակցական կապերը Սիլվայի հետ: Տեղեկացա, որ Էդվարդը հաջորդ օրը թռչելու է Թբիլիսի: Այնտեղ ծեր մայր ուներ, որն ընկել էր, չխուսափելով տարեցների դժբախտությունիցՙ ազդրի վզիկի կոտրվածքից: Եվ իհարկե, առաջին հերթին հանդիպեցի Էդվարդի հետ:
Ընդհանրապես Նոր Զելանդիայի համայնքի հետ հանդիպումների մասին կպատմեմ, հենց որ տեղ հասնեն տղաները: Իսկ առայժմՙ երկու խոսք Սիլվա Կապուտիկյանի ազգականի մասին: Բարձրահասակ է, բարեկազմ: Կլինի 55-60 տարեկան: Խոսում է ռուսերեն:
- Այսպես ինձ համար ավելի հեշտ է: Չէ՞ որ ծնվել ու մեծացել եմ Թբիլիսիում,-ասաց նա:
- Սիլվային ի՞նչ ես գալիս,-հարցրեցի նրան:
- Իմ պապըՙ Հովհաննես Կապուտիկյանը, Սիլվայի հոր հարազատ եղբայրն էր,-սկսեց Էդվարդը...
...Մեր այդ զրույցն ամփոփվեց մի ամբողջ ճամփորդական ակնարկում: Մեծ բանաստեղծուհու եւ քաղաքացու կերպարին ես հաճախ եմ անդրադարձել նավարկության ընթացքում: Այն օրը, երբ ստացանք նրա մահվան տխուր լուրը, ես հրաժեշտի խոսք գրեցի ուղղակի «Կիլիկիա»-ից: Հիմա դարձյալ վերադառնում եմ նրան: Սնապարծություն չհամարվի, եթե ասեմ, որ մեծագույն հպարտություն ապրեցի, լրագրային լեզվով ասած, այն տեղեկատվությունից, որ Նոր Զելանդիայի ռուսալեզու բնակիչները հերթով կարդում են Սիլվայի Մոսկվայում տպագրված բանաստեղծությունների վերջին ժողովածուներից մեկը:
...Եվ այսպես, խոստումսՙ Հայկ Բադալյանի մասին: Բայց ի սկզբանեՙ խոսքը, որ ուղարկել էր ինձ Արմեն Նազարյանը. «Կազմավորվում է տրոպիկական մեծ ցիկլոն: Պտույտի տրամագիծըՙ ավելի քան հազար մղոն: Քամու արագությունը էպիկենտրոնումՙ մինչեւ 60 հանգույց»: Այս մասին ես գրել էի նախորդ ռեպորտաժում, բայց հատվածներ ներկայացնեմ Արիկի հերթական հաղորդագրություններից. «Տրամագիծն ընդլայնվում է մինչեւ 1400 մղոնի»: «Ցիկլոնը կազմավորվել է Ֆիջի կղզու հյուսիս-արեւելքում»: Իսկույն վերցրեցի քարտեզը եւ իմանալով, որ ներկայումս կղզին կոչվում է Ռոտումա, գտա ցիկլոնի «ծննդավայրը»: Նոր Զելանդիայից դեպի հյուսիս: Բայց ամենասարսափելին այն է, որ «Արմենիա»-ն կարող է հայտնվել ցիկլոնի կենտրոնում, որտեղ քամու ամպրոպային տվյալներ են գործում: Բարեբախտաբար ժամանակ կա, քանզի հայտնի է բուն ցիկլոնի արագությունը: Առաջ անցնելով ասեմ, որ դժբախտությունը կանխվեց: Սակայն ամենագլխավորն այն է, որ առաջինը բռնես ցիկլոնի պոչից: Այդ մասին արդեն ասվել է: Կրկնենք: Ահա տող Արիկի հաղորդումից. «Հայկ Բադալյանըՙ եղանակի կանխատեսման պատասխանատուն, մանրազնին ուսումնասիրելով այդ կայքը, նկատեց, մեղմ ասած, որ մի բան այնպես չէ»:
Բացի Հայհիդրոմետ ծառայության կողմից պարտադիր կարգով «Արմենիա» ուղարկվող տեղեկատվությունից, Հայկը եւ Արմենը մշտապես աչքի են անցկացնում այն քարտեզով կայքը, որն առաջարկում է գլոբալ ծովային համակարգը: Այդ հզոր ցանցը թարմ տեղեկատվություն է ներկայացնում ողջ աշխարհում առանձնապես քամու կանխատեսումների մասին: Հիշեցնեմ, որ խոսքը բացարձակապես անվճար ծառայության մասին է: Քանզի վերջնական արդյունքում խոսքը ծովում գտնվող մարդկանց կյանքին ու մահին է վերաբերվում: Ընդգծենք եւ այն, որ այդ համակարգը բարձր ճշգրտության կանխատեսում է տալիս յուրաքանչյուր վեց ժամը մեկՙ առաջիկա ամբողջ յոթ օրերի համար: Մի խոսքով, շնորհիվ Հայկի ժամանակին հայտնի դարձավ, թե որտեղից եւ ուր է գնում ցիկլոնը, եւ ինչպիսի արագությամբ: Իսկ երբ ամեն ինչ հայտնի է, մնում է ընդամենը ունենալ այնպիսի նավապետ, ինչպիսին Սամվել Կարապետյանն է, որի համար մնացած ամեն ինչ տեխնիկայի եւ փորձառության հարց է: Եվ ահա որոշում էր ընդունվել փոխել ուղղությունը, գնալ հյուսիս-արեւելք, իսկ մեկ օր անց շրջվել արեւելք եւ ապա ուղղվել դեպի նորզելանդական Օկլենդ:
Բայց, կրկնում եմ, կանխված աղետի ակունքներում Հայկն էր կանգնած: Խոսենք նրա մասին: Կարծում եմ, շատ չեմ հոգնեցնում, անընդհատ հիշեցնելով այն փաստը, որ նա Մհեր Մկրտչյանի զարմիկն է, հենց թեկուզ այն պատճառով, որ Ֆրունզիկը շատ էր սիրում Հայկին նրա համար, ինչպիսին որ կա. խաղաղ ու պոռթկուն, հանգիստ ու բորբոքվող, ուշադիր եւ ցրված, միամիտ ու հնարամիտ, եւ՛ քնարի, եւ՛ տեխնիկայի սիրահար, մաքուր ու վեհանձն հոգի, մշտապես ձեռնահաս եւ բամբասանք ատող: Երակներում հոսող արյան քսան տոկոսը վրացական է, այդ պատճառով էլ նրան հոգեհարազատ են ոչ միայն Նարեկացու «Եվ չտա Աստված գնալՙ չհասնել», այլեւ Ռուսթավելու «Ինչ պահեցիրՙ կորցրեցիր: Ինչ տվեցիրՙ մնաց քեզ» բառերը: Նրա նավային տասը դերակատարություններին ավելացել է եւս մեկը: Ինչպես արդեն նշեցիՙ եղանակի կանխատեսման պատասխանատու: Իհարկե, եղանակի համար կարող է պատասխանատու լինել միայն Աստված, բայց կարծում եմ, Աստված կների, քանզի կհասկանա մեզ: Մտածում եմ Հայկի վրա եւս մեկ նավային պարտականություն դնելու մասին: Բայց դաՙ հետո:
Տեղավորվեցինք զրույցի մեր ավանդական տեղում, եւ հանկարծ Հայկն առաջինը սկսեց.
- Իսկ ես գիտեմ, թե որն է լինելու ձեր առաջին հարցը: Միայնակ նավարկության եւ հայկական աշխարհաշուրջի հաջորդ երթուղու մասին...
- Բոլորովին էլ ոչ: Չգուշակեցիր: Հենցՙ հակառակը:
- Ի՞նչ իմաստով հակառակը:
- Ուղիղ իմաստով: Ասա, դու ինչպիսի՞ն ես տեսնում մեր ներկայիս երթուղու ավարտը: Չէ՞ որ մինչ լողում ենք, աշխարհն ուղղակի մեր ճանապարհին փուլ է գալիս: Երթուղով մտանք Չիլի, իսկ այնտեղ համարյա բոլոր հանքափորները զոհվեցին: Թեքվեցինք դեպի Նոր Զելանդիա, ճապոնական ահավոր երկրաշարժի լուրն առանք: Գնալու ենք Ավստրալիա, իսկ այնտեղ մայրցամաքի կեսը հեղեղումների տակ է: Բայց դա տարերքն է: Իսկ տես, թե ինչ է կատարվում մեր ճանապարհի վերջնագծին: Եմենը եռում է, կատարյալ մղձավանջ է տիրում Սուդանում եւ ծովահենային Սոմալիում, իսկ Կարմիր ծովի հյուսիսումՙ Եգիպտոսը, եւ ապաՙ Իսրայելը, Լիբանանը: Ի՞նչ խորհուրդ կտայիր ինձ:
- Հնդկաստանի ափերիցՙ ուղիղ Աֆրիկայի հարավ եւ...
- Եվ Բարեհուսո հրվանդանը շրջանցելովՙ դեպի հյուսիս, հանդիպակաց բնական հոսանքները հաղթահարելով հասնել Ջիբրալթար տասը տարում: Չխոսենք արդեն այն մասին, որ չենք կատարի մեր ծովարշավի խնդիրները...
- Կարծում եմ, մինչ այդ ամեն ինչ կկարգավորվի,- փորձեց ինձ հանգստացնել Հայկը,- ինչ վերաբերում է հայկական ապագա միայնակ նավարկությանը, գիտեմ, միեւնույնն է, կազմակերպելու եք: Այնպես որՙ պետք է թեկնածություն նախապատրաստել...
- Համաձայն եմ: Եվ վերջինը: Մենք շատ երկրներ ենք տեսել, շատ հանդիպումներ ենք ունեցել: Ի՞նչ ընդհանուր բան ես տեսել այդ մեծաթիվ երկրների միջեւ:
- Վաղուց, դեռեւս «Կիլիկիա»-ի վրա ես ուշադրություն եմ դարձրել, որ մենք արժանապատվություն հասկացությունը ինչ-որ տարբեր կերպ ենք հասկանում: Այն տպավորությունն ունեմ, որ խոսելով արժանապատվության մասին, մենք նկատի ունենք հարցի միայն բարոյական կողմը: Իսկ այ, ուրիշ երկրներում, ոչ նախկին խորհրդային, իհարկե, խոսքը գնում է տնտեսական արժանապատվության մասին, առանց որի հաստատ ոչ մի այլ արժանապատվություն չի կարող լինել ընդհանրապես:
- Դե, շուտով կմեծանա պստլիկ Վերա Բադալյանը: Կկարդա այս տողերը եւ կհպարտանա իր հայրիկով: