Սրտանոթային հիվանդություններից մահացությունները բավականին մեծ տոկոս են կազմում: Ամբողջ աշխարհում, նաեւ Հայաստանում մահացությունների ավելի քան 50 տոկոսը սրտանոթային հիվանդություններից է: Նման հիվանդությունների տարածվածությունը բնորոշ է հատկապես զարգացած երկրներին: Երեկ այս մասին լրագրողներին ասաց Սրտաբանության ինստիտուտի փոխտնօրեն, Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը : «Նովոստի» մամուլի կենտրոնում անդրադառնալով ասուլիսի հիմնական թեմային, որն էր սրտանոթային հիվանդությունների գարնանային սրացումները, բժիշկ Զելվեյանը նշեց, որ օրգանիզմը գարնանն արթնանում է, ինչը դրսեւորվում է նաեւ սրտանոթային համակարգի ակտիվությամբ. «Եղանակային ու մթնոլորտային ճնշման անընդմեջ փոփոխություններին չեն կարողանում դիմադրել անգամ առողջ օրգանիզմները, էլ ուր մնաց` առողջական խնդիրներ ունեցողները»: Ըստ բանախոսի` այս սեզոնին եղանակի անկայունությունն ազդում է սրտանոթային համակարգի վրա, որին կապված խնդիրներով բժիշկներին դիմելիությունն ավելանում է հենց գարնանն ու աշնանը: Պարունակ Զելվեյանը նաեւ նշում է, որ մեզանում սրտանոթային հիվանդությունների երիտասարդացում է նկատվում, հետեւաբար սրտաբանների աշխատանքը պետք է ուղղված լինի նաեւ դրանց կանխարգելմանը: Առհասարակ, յուրաքանչյուր հիվանդության, մանավանդ սրտանոթային հիվանդությունների կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը:
Հայկական բժշկական ասոցիացիան, որի նախագահը Պարունակ Զելվեյանն է, 2003-2004 եւ 2009-2010 թվականներին Երեւանում կատարել է հետազոտություն, որի համաձայն` միջանկյալ 5 տարիներին զարկերակային գերճնշման տարածվածության փոփոխություն չի նկատվել, այսինքն` հասարակության դարձյալ13-ը զարկերակային գերճնշմանը կապված խնդիրներ ունի, այսինքն` Երեւանի բնակչության շուրջ 200 հազարը զարկերակային ճնշման խնդիրներ ունի: Սակայն հետազոտություններն ուրախալի հանգամանք, այնուամենայնիվ, գտել են` հիվանդները սկսել են հետեւել իրենց զարկերակային ճնշմանը: Ասվածը փաստելու համար բանախոսը նշեց, որ 2003 թվականին արդյունավետ բուժում էր ստանում զարկերակային գերճնշում ունեցող հիվանդների ընդամենը 7 տոկոսը, իսկ այսօր այդ թիվն արդեն 20 տոկոսից ավելի է:
Ինչ վերաբերում է սրտանոթային հիվանդությունների կանխարգելման միջոցներին, Պարունակ Զելվեյանը դրանց մեջ առաջին հերթին կարեւորում է առողջ ապրելակերպը` միաժամանակ նշելով, որ մեր հեռուստատեսությամբ այսօր քարոզվում է ամեն ինչ, բացի առողջ ապրելակերպից. «Հիմա անգամ երեխաներն են թերակտիվ դարձել` շատ են նստում հեռուստացույցի ու համակարգչի առաջ: Մարդու օրգանիզմը պետք է ակտիվ լինի»: Երեւանի գլխավոր սրտաբանը սրտանոթային հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ է տալիս հրաժարվել վատ սովորություններից ու ռիսկի գործոններից` ծխախոտից ու ալկոհոլից: Բանախոսը նաեւ խորհուրդ է տալիս սննդի մեջ սահմանափակել աղի ու կենդանական ճարպերի քանակը. «Մեր իրականության մեջ, ցավոք, մի գերակշիռ տոկոս ապրում է ուտելու համար, ինչը վաղ թե ուշ հանգեցնելու է ավելորդ քաշի ու ճարպակալման, որոնք սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման գործոններից են»: Սրտաբան Զելվեյանը ցանկություն է հայտնում, որ Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման պետական ծրագիր ունենանք, ինչը կօգնի նվազեցնելու այս հիվանդություններից վաղաժամ մահացությունը:
Այնուհետեւ անդրադառնալով սրտի թանկարժեք վիրահատություններին` բժիշկ Զելվեյանը պատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե համավճարի համակարգի ու սրտի վիրահատությունների հարաբերակցումն ինչպե՞ս է լինելու: «Համավճարի համակարգը սրտի վիրահատության հետ կապ չունի», հենց այսպիսի կարճ ու կոնկրետ պատասխան տվեց պարոն Զելվեյանը: Իսկ «Ազգի» հարցին` սրտի վիրահատություններն ինչքա՞ն արժեն, պարունակ Զելվեյանը պատասխանեց. «Նվազագույն գինը սկսում է 7000 դոլարից: Դե տարբեր հիվանդանոցներում գները տարբեր են լինում` 7-20 հազար դոլարի սահմաններում»: Թե կոնկրետ ո՞ր հիվանդանոցում սրտի ո՞ր վիրահատությունը որքա՞ն արժե, սրտաբանը չպարզաբանեց, ոչ էլ նշեց, թե այդ 20 հազար դոլարի դիմաց որտե՞ղ եւ ի՞նչ վիրահատություն է արվում: Ինչեւէ, «Ազգը» սրտի վիրահատությունների գների վերաբերյալ զրուցեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ֆինանսական գծով փոխտնօրեն Մերուժան Գալստյանի հետ: «Նորք-Մարաշ» կենտրոնը սրտի վիրահատությունների առումով մեզանում բարձր հեղինակություն է վայելում, գիտենք, որ այստեղ կատարվում են բավականին բարդ վիրահատություններ, որոնք նաեւ թանկարժեք են: Մերուժան Գալստյանի փոխանցմամբ` իրենց կենտրոնում ամենաբարդ վիրահատությունն արժե 3 միլիոն 700 հազար դրամ, որը «Նորք-Մարաշ» կենտրոնում սրտի վիրահատությունների մեջ համարվում է առավելագույն գինը: Իսկ «Նորք-Մարաշ» կենտրոնում սրտի վիրահատությունների մեջ ամենացածր գինը, ըստ պարոն Գալստյանի, 900 հազար դրամ է:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ