Ելիզավետա թագուհու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, օպերային երգիչ Սուրեն Շահիջանյանն իր ուսումը սկսել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ապա կատարելագործվել մեծանուն երգիչների մոտ: Սուրեն Շահիջանյանն առիթ է ունեցել երգելու համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսին են Լորին Մաազելը, Արմին Ջորդանը, Սեիջի Օզավան եւ ուրիշները: Սուրեն Շահիջանյանը դիրիժորական իր առաջին փորձով հանդես է եկել «Սերենադ» կամերային նվագախմբի հետ: Այնուհետեւ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հովանավորությամբ ղեկավարել է բազմաթիվ համերգներ: Սուրեն Շահիջանյանը տարբեր նվագախմբեր է ղեկավարել նաեւ Ֆրանսիայում: Իսկ 2012-ին հանդես է գալու որպես բեմադրիչ-դիրիժոր` Եվրոպայի տարբեր քաղաքներում ներկայացնելով Չայկովսկու «Իոլանտա» օպերան:
Ի. Պ.