«Արվեստի վաստակավոր գործչին շնորհակալագրեր չեն տալիս: Դա վիրավորական է», նախօրեին հայտարարել է Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը եւ կրթության գիտության նախարար Արմեն Աշոտյանիՙ Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի 65-ամյակի կապակցությամբ հանձնած շնորհակալագիրըՙ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ներկայությամբ վերադարձրել նախարարին:
Բացի կրթության եւ գիտության նախարարության շնորհակալագրիցՙ Գեղարվեստի ակադեմիայի դասախոսներին եւ աշխատակիցներին շնորհակալագրեր է հանձնել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ակադեմիայի դիզայնի ամբիոնի վարիչ Գագիկ Գեւորգյանին էլ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Արվեստի վաստակավոր գործչի» կոչում է շնորհվել:
«Մնում է Նոբելյան մրցանակ լիներ մշակույթի ասպարեզում եւ իրեն տայինք: Նա շատ էմոցիոնալ թվարկեց, թե ինչ պարգեւների, մեդալների է արժանացել այս ընթացքում: Ակամա հանգեցի այն մտքին, որ այդքան մեծ պաշար ունենալուց հետո, մնում է Նոբելյան մրցանակ լիներ մշակույթի ասպարեզում, որ տայինք: Մենք այդ լիազորությունը չունենք: Եվ հետո շատ կարեւոր է, որպեսզի առհասարակ մարդն իրեն սիրի այդ ոլորտի մեջ, այլ ոչ թե ոլորտն իր մեջ: Դա ոչ միայն մշակույթի, այլ նաեւ քաղաքական գործիչներին է վերաբերում», այսպես մեկնաբանեց Փարավոն Միրզոյանի վարմունքը նախարար Արմեն Աշոտյանը :
«Ազգ» -ի հետ զրույցում Փարավոն Միրզոյանն ասաց, որ որեւէ ակնկալիք չուներ. դեռ 10 օր առաջ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանին ասել է, որ ինքը նպատակահարմար չի գտնում իր անունը ներառել շնորհակալագիր ստացող արվեստագետների ցանկում: «Անվանի արվեստագետ եմ, պրոֆեսոր, հետեւաբար սա վիրավորական է: Այստեղ միայն իմ անձը չէ: Օրինակՙ հայտնի նկարիչ Մասիս Գրիգորյանին շնորհակալագիր են հանձնում: Ի՞նչ է դա նշանակում: Պարզապես պետք է հասկանան, թե ո՞ւմ եւ ինչի՞ համար են շնորհակալագիր տալիս, իսկ ես բազմաթիվ բարձր ու արժեքավոր մրցանակներ ունեմ: Հետեւաբար ժողովուրդը, հասարակությունը պետք է գնահատի իր արվեստագետներին ըստ արժանվույն», ասաց Փարավոն Միրզոյանըՙ հավելելով, որ Արմեն Աշոտյանի դեմ ոչինչ չունի, սակայն վերջինիս արտահայտությունը Նոբելյան մրցանակի վերաբերյալ «նախարարի արտահայտվելու ձեւ չէր»:
Այնուամենայնիվ, փաստենք, որ միջադեպը գեղեցիկ չէր, հատկապես, երբ արվեստի ներկայացուցիչը նման ձեւով հրապարակայնացնում է իր դժգոհությունը եւ վրդովմունքըՙ արհամարհելով փաստորեն կառավարության ներկայացուցչի հանձնած շնորհակալագիրը, որը կարելի է ստանալ բոլոր տեսակի մրցանակներից առաջ, հետո եւ կամ... արանքում:
Հ. Հ.