Մի արտառոց երեւույթ. հայաստանյան մամուլում ղարաբաղյան թեմայով ավելի «կատաղի» գրում կամ հանդես են գալիս հիմնականում ծագումով ղարաբաղցիներ:
Անուններ չտանք: Հրապարակումներ եւ հարցազրույցներ չհիշեցնենք: Առայժմ: Թե չէ հարկ եղած դեպքում, կարծում ենք, բավարար տեղեկատվություն կարելի է քաղել եւ վկայակոչել:
Ինչո՞ւ է այդպես: Ինչպե՞ս եղավ, որ Ստեփանակերտում ճանաչված, հաջող կարիերա անող լրագրողների, քաղաքական գործիչների այդ խումբը մի տեսակ աննկատ «քաշվեց» Երեւան: Եվ հիմա այնտեղից մեզ «խելք է սովորեցնում»: Սա` լավագույն դեպքում: Հիմնականում նրանք մեղմորեն կամ բացահայտ չարախնդում են: Ամեն մի առիթով: Իսկ եթե առիթ չկա` ստեղծում են:
Չասենք` «պատվեր են կատարում»: Դա չափազանցություն է թվում: Բայց ինչո՞ւ է այդպես: Երեւի ավելի հեշտ է լինել Երեւանի մամուլի ակումբի փորձագետ, քան ղեկավարել Ստեփանակերտի մամուլի ակումբը: Կամ` լինել խորհրդարանի միակ անկախ պատգամավոր:
Իհարկե, Ստեփանակերտում անհամեմատ դժվար է: Առօրյա կենցաղը` նույնպես` Երեւանի համեմատ: Եվ ընտրության միջակայքն է չափազանց նեղ: Բայց, ախր, դա մեր ընտրությունն է: Մենք ենք այն կատարել, երբ մեր հայրենիքի այս հատվածում անկախ պետություն ենք հռչակել:
Իսկ անկախությունը հաճույք չէ: Գոնե` մեր եւ գալոց մեկ-երկու սերնդի համար չի լինելու: Սա պարզ ճշմարտություն է: Քանի որ «Մոսկվան մի օրում չի կառուցվել»: Ոչինչ մի օրում չի կառուցվում: Պատմությունն է վկայում: Աշխարհի փորձը:
Մի ժամանակ Ստեփանակերտում փայփայվում էր «Իսրայելի փորձը կրկնելու» տեսլականը: Չստացվեց: Երեւի իրոք հրեաները բացառիկ ժողովուրդ են. նրանք գիտեն, որ ամեն րոպե կարող են ծայրահեղականների թիրախ եւ ահաբեկչության զոհ դառնալ, բայց իրենց Ավետյաց երկրից չեն հեռանում: Ընդհակառակը, 50-60 տարում այդ երկրի բնակչությունը տասնապատկվել է: Հիմնականում` վերաբնակիչների շնորհիվ:
Ինչո՞ւ է այդպես:
Ժամանակ առաջ նեղ շրջապատում խոսք բացվեց, որ կարելի է պետականորեն «ներում շնորհել» նրանց, որ պատերազմի ծանր տարիներին թողել-հեռացել են ԼՂ-ից: Արձագա՞նքը:
«Իսկ եթե նրանք գան, բայց հեռանամ ե՞ս»:
Ասողը պատերազմն անցած, պատերազմի հաշմանդամ` գործընկերներից էր: Հրեա վերաբնակիչների ո՞ր մասն է արաբա-իսրայելական պատերազմի մասնակից: Դժվար է ասել: Բայց երեւի ոչ բոլորը: Բայց հրեական պետությունն ընդունում է նրանց: Քանի որ պատերազմը չի սկսվում եւ չի ավարտվում, եթե մի ժողովուրդ առհասարակ ապրում է թշնամի միջավայրում:
Իսկ մենք ասում ենք. «Հաղթած ժողովուրդը պետք է արժանապատիվ ապրի»: Այո: Բայց` հաղթանակից հետո: Հաղթանակից տասնյակ տարիներ հետո: Իսկ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում ժողովուրդը մի խնդիր ունի` որպեսզի հաղթանակը չկորցնի: Չարժեզրկի:
«Երբ Անուշավան Դանիելյանը Ղրիմից վարչապետ եկավ, խոստացավ, որ Արցախի բնակչությունը 300 000 կդարձնի», վատ թաքցրած ծաղրանքով գրում է նախկին ստեփանակերտցի լրագրողը: Դատապաշտպանի դեր չստանձնենք: Անուշավան Դանիելյանն ընդամենը ասել էր, որ այդ քանակի բնակչություն ունենալու դեպքում Արցախի անկախության հարցում մենք ավելի ինքնավստահ կլինենք: Չէր ասել, որ իր վարչապետության տարիներին ԼՂՀ բնակչությունը կդառնա 300 000: Քանի որ չգիտեր` քանի՞ տարի է վարչապետ աշխատելու: Ոչ ոք չի կարող ասել, որ իր պաշտոնավարության տարիներին Արցախի բնակչությունը կրկնապատկվելու է: Բայց յուրաքանչյուր պաշտոնյա աշխատում է այդ նպատակադրվածությամբ:
Եվ նրան պարտավոր ենք օգնել բոլորս: Թեկուզ` բարի խոսքով: Գոնե այնքանով, որ ինքներս չլքենք Արցախը:
Հեռացողներից յուրաքանչյուրն իր «հիմնավորումն» ունի: «Արցախում քաղաքական կյանք չկա», ասում է խորհրդարանի նախկին պատգամավորը: Եվ նրա խոսքը հաճույքով բազմացվում- տարածվում է: Տարածում են շահագրգիռ լրատվամիջոցները: Բայց ոչ ոք չի հարցնում, թե ինչո՞ւ դադարեց գործել այն կուսակցությունը, որի համանախագահն էր ինքը` ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորը: Իշխանություննե՞րը փակեցին: Հետապնդեցի՞ն: Դատարանի որոշմամբ լուծարել տվեցի՞ն: Փակեցի՞ն նրա խմբագրած թերթը: Տպաքանակը բռնագրավեցի՞ն:
Ո՛չ: Ո՛չ: Ո՛չ:
Կուսակցությունն ինքնահեռացավ: Թերթը կամավոր դադարեցրեց գործունեությունը: Ինչպես մինչ այդ լուռ փակվել էր էլեկտրոնային լրատվամիջոցը, որին ոչ ոք չէր խանգարում: Ընդհակառակը` պետական բյուջեից լրավճար էր ստանում: Պետության հնարավորությունների սահմաններում, իհարկե:
Հեռացողներից ամեն մեկը Երեւանում որոշակի մթնոլորտ է ստեղծում: Իր շուրջը: Եվ, ցավոք, նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջը: Եվ ստացվում է, որ հաղթանակած երկրի մտավոր սերուցքի մի մասն այսօր երկրին «ծառայում է»... երկիր վարկաբեկելով:
«Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ»:
«Մեր ձախողումների համար ընկ. Անդրոպովը մեղավոր չէ», Սերգեյ Դովլաթովի օրագրային գրառումներից է` արված... Նյու Յորքում: Անդրոպովը` խորհրդային ԿԳԲ-ի ղեկավար, Դովլաթովը` քաղաքական վտարանդի:
Համեմատությունն, անշուշտ, տեղին չէ. ոչ մեր հեռացածներն են Դովլաթով, ոչ էլ նրանք «անդրոպովների հալածանքներից» են հեռացել: Բայց Դովլաթովի խոսքը մտորելու տեղիք, այնուամենայնիվ, տալիս է` թե ինչպես են սիրում եւ ինչպես պիտի սիրել հայրենիքը: Որովհետեւ հայրենիք կամ ունենում, կամ չեն ունենում:
Մերոնք, դժբախտաբար, ընտրել են կամավոր հայրենազրկությունը: Իրենց ընտրությունն է: Չփորձենք դասեր տալ: Պատշաճ չէ: Բայց նույնքան եւ դեռ ավելի անպատշաճ է, երբ նրանք Երեւանից մեզ` Արցախում ապրողներիս ուղղակի կամ անուղղակի, իրենց, թե ուրիշի բերանով խորհուրդ են տալիս, թե այստեղ ինչպես պիտի, ինչպես կարելի է, ինչպես է անհրաժեշտ ապրել:
Սա արդեն ծիծաղելի լինելու համար չափանց ողբերգական է:
Եվ այդ մասին պիտի այսօր ասվի: Վաղն ուշ կլինի: Վաղը նրանք, գուցե, հասցրած լինեն դառնալ «հերոստրատ»-ներ:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ