Տարածաշրջանի երկրների մասին բոլոր տեղեկատուներում կարելի է կարդալ, որ Ադրբեջանը գերազանցապես արտահանում է նավթ եւ գազ: Աշխարհի համար այդ երկիրը հետաքրքրություն ներկայացնում է հիմնականում դրանով:
Նավթն ու գազն արտահանվում են, պետական բյուջեի կամ իշխող վարչակարգի եկամուտներն ավելանում են: Ճիշտ է, դրանից հպատակների սոցիալ-կենցաղային պայմաններն այդպես էլ չեն բարելավվում: Բայց ո՞վ է ասել, թե պիտի բարելավվեին:
Նման պարտավորվածություն Իլհամ Ալիեւը չունի:
Փոխարենը նա իրեն խիստ պարտավորված է զգում մի հարցում. հավերժացնել այն մարդու հիշատակը, որն իր ոչ միայն կենսաբանական, այլեւ քաղաքական հայրն է. ծնել, սնել, դաստիարակել եւ իշխանություն է փոխանցել իրեն:
Խոստովանենք, որ դա շատ անկեղծ պարտավորվածություն է: Զարմանալին, սակայն, այն է, որ Իլհամ Ալիեւն իր երախտագիտությունը փորձում է հայտնել նաեւ այլ երկրների եւ հասարակությունների հաշվին:
Մի քանի տարի առաջ նա Թբիլիսիում ներկա էր Հեյդար Ալիեւի արձանի բացման արարողությանը: Վերջերս նույնը կատարվեց Աստրախանում: Մինչ այդ` Ուլյանովսկում: Գուցե` այլ տեղեր եւս:
Նման դեպքերում պաշտոնական քարոզչությունը հանդես է գալիս «հավուրպատշաճի» հաղորդագրությամբ, որից անտեղյակ մարդն այն տպավորությունը կարող է ստանալ, թե Վրաստանում, Ռուսաստանում կամ այլ երկրում իրոք նախանձախնդիր են Հեյդար Ալիեւի հիշատակի հավերժացմանը:
Մինչդեռ, պարզվում է, խնդիրն այլ կերպ է լուծվում: Գաղտնիքն օրերս բացահայտեց «Ազատություն» ռադդիոկայանի ադրբեջանական ծառայությունը: Ըստ այդմ, ադրբեջանական իշխանությունները Բելգրադի քաղաքապետարանին «գրավիչ առաջարկություն են արել»: Այն է` իրենց վրա վերցնել Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգու վերանորոգման ծախսը` երկու միլիոն եվրո ընդհանուր գումարով, եթե վերջիններս համաձայնեն այնտեղ կանգնեցնել Հեյդար Ալիեւի արձանը: Ընդ որում, դրա համար սերբական կողմը ոչ մի ցենտ չի ծախսի. արձանը կձուլվի Բաքվում, Բելգրադ կտեղափոխվի եւ կտեղադրվի Ադրբեջանի կառավարության հաշվին:
Վատ գործարք չէ, չէ՞:
Բայց, պարզվում է, Բելգրադում դրանից այնքան էլ ոգեւորված չեն: Մինչ քաղաքային իշխանության ներկայացուցիչը հանդես է եկել «պրագմատիզմի դիրքերից», հանրությունն անհանգստացած է: «Հեյդար Ալիեւը տոտալիտարիզմի դարաշրջանի գործիչ է», ասել է սերբ մի իրավապաշտպան` ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցի հարցման: Նա նաեւ ավելացրել է, որ Սերբիայի մայրաքաղաքին չէր պատշաճի «առնվազն ավտորիտար քաղաքական գործչի հիշատակի հավերժացումը»:
Բանակցությունները, սակայն, շարունակվում են: Եվ չկա երաշխիք, որ Բելգրադի քաղաքային իշխանությունները «կուտը կուլ չեն տա»: Եթե այդպես լինի, ապա մոտ ապագայում Սերբիայի մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգում կհառնի Հեյդար Ալիեւի արձանը:
Անշուշտ, չկա նաեւ երաշխիք, որ Բելգրադի քաղաքային իշխանությունները հետագայում կայացնեն Հեյդար Ալիեւի արձանը կազմաքանդելու որոշում: Այդ դեպքում Ադրբեջանը կկորցնի երկու միլիոն եվրո: Քանի որ անհնար կլինի պահանջել, որ Սերբիան վերադարձնի մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգու վերականգման համար Ադրբեջանի հատկացրած երկու միլիոն եվրոն:
Ամեն ինչ հնարավոր է: Նաեւ այն, որ աշխարհում Իլհամ Ալիեւի որդիական զգացմունքներից շահ քաղելու պակաս երեւի չկա: Բայց իրավիճակի ամենադիպուկ բնութագիրը թերեւս տվել է Մոսկվայում բնակվող մի ադրբեջանցի բլոգեր: Նա «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տեղեկատվությունը մեկնաբանել է այսպես. «Ամբողջ աշխարհում Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտնի են «Մակդոնալդս»-ով: Բայց եթե դրանք ամերիկացիներին փող են բերում, ապա այս դեպքում խժռվում են մեր փողերը»:
Ճիշտ այդպես, քանի որ հազիվ թե Իլհամ Ալիեւն իր անձնական միջոցների հաշվին է հավերժացնում հոր հիշատակը: Անկասկած, դրա դիմաց վճարում են հպատակները: Իսկ Հեյդար Ալիեւի արձաններն Ադրբեջանին «Մակդոնալդս»-ի մեկ վաճառակետի չափով անգամ շահ չեն բերում: Նաեւ` քաղաքական:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ