«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2011-04-06 | #61, 2011-04-07 | #62, 2011-04-08


ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Վերջերս «Новое Время» ռուսալեզու թերթում հանդիպեցի հետաքրքրական մի նյութի հետեւյալ խորագրով` «Ինչո՞ւ են ռուսական օլիգարխները դրամական ներդրումներ կատարում մշակութային ոլորտում, թանգարաններում»: Նախաբանում կարդում ենք. «Ռուսական օլիգարխների համար վերջացան այն ժամանակները, երբ նրանք չքնաղ կանանց հետ աղմկալից երեկույթներ էին կազմակերպում եվրոպական շքեղ անկյուններում: Այսօր ռուսական միլիարդատերերը եւ արվեստը չեն կարող առանց միմյանց յոլա գնալ»:

Հոդվածագիրը տեղեկացնում է, որ «Չելսի» ֆուտբոլային ակումբի տերը` Ռոման Աբրամովիչը, ի թիվս այլ բարեգործությունների, հովանավորել է նաեւ «Սովրեմենիկ» թատրոնի հյուրախաղերը Լոնդոնում: Միլիարդերի հարսը` Դարիա Ժուկովան, ֆինանսավորել է Մոսկվայի «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանի բացումը եւ էլի ուրիշ գործեր: Միլիարդեր Վլադիմիր Պոտանինը 150 միլ. դոլար է հատկացրել «Սնոբ» հանդեսի ստեղծմանը, Լիոնում «Անծանոթ Սիբիր» ռուսական ֆեստիվալի կազմակերպմանը, 5 մլն. դոլար էլ նվիրել Էրմիտաժին: Թերթում նման օրինակների թիվը շարունակվում է:

Իհարկե, հզոր Ռուսաստանի համար դրանք շատ մեծ զոհաբերություններ չեն. իրենք էլ չանեն, պետությունը կարող է դա անել:

Այդ նյութին ծանոթանալուց հետո մտաբերում եմ մեր մշակույթի ոլորտի վիճակը: Այսօր սոցիալ-տնտեսական լավ օրեր չապրող մեր հանրապետության համար դժվար է մշակութային բոլոր միջոցառումները հովանավորել. չնայած այդ պայմաններում էլ, այնուամենայնիվ, հնարավորինս արվել է պետության կողմից:

Ահա այս պարագայում կարեւորվում է չասեմ մեր օլիգարխների, այլ` մեծահարուստների դերը: Նրանց մի մասը սիրով կատարում է հայրենանվեր գործ: Օրինակ, մոսկվաբնակ Ս. Համբարձումյանը շուրջ 11 միլիոն դոլար հատկացրեց մեր հոգեւոր տաճարի` Մատենադարանի շինարարական աշխատանքների ավարտման համար: Հիշենք Ռուսաստանի հայերի միության նախագահի ազգանպաստ գործունեությունը: «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը բնակարաններ է նվիրում անօթեւան ընտանիքներին: «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանն իր ոչ մեծ հնարավորությունների սահմաններում միլիոնավոր դրամներ է հատկացնում խիստ անհրաժեշտ գրքերի հրատարակմանը, նաեւ օգնում Գորիսի դպրոցներին ու մանկավարժներին: Դրանք շատ են, բոլորին չես թվարկի: Բայց խոսքն եկավ հասավ գրքին` մեր հոդվածի նպատակին:

Երբ սկսվեց Արցախյան ազատագրական պայքարը, Արցախի պատմության եւ մշակույթի մասին օտար լեզուներով հրատարակված գրեթե ոչինչ չկար լայն ընթերցողին մատչելի: Ահա այդ ծանր օրերին Մատենադարանի տնօրենության, անձամբ Սեն Արեւշատյանի նախաձեռնությամբ հրատարակվեցին տողերիս հեղինակի «Արցախ-Ուտիքի մանրանկարչությունը 13-14-րդ դարերում» (1989 թ.), «Արցախի արվեստը» (1991 թ.) երեք լեզուներով, նաեւ պատմա-աշխարհագրական փաստացի տեղեկություններով. մի բան, որը շատ եւ շատ անհրաժեշտ էր եվրոպական եւ ռուսական հասարակությանը քիչ-շատ տեղեկանալու Արցախի պատմությանն ու իրադարձություններին:

1992 թվ. հրատարակվեց պրոֆ. Մուրադ Հասրաթյանի «Արցախի ճարտարապետության դպրոցը» արժեքավոր աշխատությունը եւ, վերջապես 1993 թվականին Բեռլինում մեծ հայասեր Մանֆրեդ Ռիխտերի եւ մեր ջանքերով գերմաներեն լեզվով հրատարակվեց «Հայկական լեռնային Ղարաբաղ (Արցախ) պայքարը, քրիստոնեական մշակույթը...» շքեղ հատորը, որտեղ մեր ծավալուն նյութից զատ ընդգրկված էին նաեւ բարոնուհի Կոքսի, Հերման Գոլտսի, Մանֆրեդ Ռիխտերի եւ երկու այլ հեղինակների հայանպաստ հոդվածները: Ըստ էության, դա առաջին դեպքն էր, երբ Եվրոպայի սրտում նման բնույթի գիրք է հրատարակվում... Դա աննախադեպ նշանակալի երեւույթ էր:

Այդ տարիների ոգեւորությունից հետո մեզանում հանգստություն տիրեց, հանգստություն (երեւի քաղաքական ձեռքբերումների հետեւանքով), որը ցավոք շարունակվում է առայսօր: Բայց արի ու տես ադրբեջանցիները գաղափարական այս պայքարում հանգիստ չունեն. գործում են եռանդով ու հետեւողականորեն: Փորձենք մտնել Բեռլինի, Փարիզի ու եվրոպական խոշոր քաղաքների գրախանութները. դրանցում ինչքան ասեք ադրբեջանանպաստ գրականություն է լցված եւ լցվում է: Բնական է, որ եվրոպական անտեղյակ ընթերցողը պետք է հավատա այդ պրոպագանդային: Մենք աններելի կերպով ուշացնում ենք գաղափարական պատասխանը:

Այսօր մեզանում պատրաստ են Արցախի պատմությանն ու մշակույթին նվիրված մի շարք աշխատություններ, նաեւ թարգմանված այլ լեզուներով, որոնք, չգիտեմ հույսով թե անհույս, սպասում են հովանավորի հայտնության: Մեզ արդեն ծանոթ Մանֆրեդ Ռիխտերը քանիցս առաջարկել է նոր խմբագրությամբ ու նյութերով վերահրատարակել 1993 թ. հատորը` այս անգամ մի քանի լեզուներով: Սեղանի վրա է պրոֆ. Մուրադ Հասրաթյանի «Արցախի ճարտարապետության դպրոցը», տողերիս հեղինակի «Արցախի մանրանկարչական արվեստը» պատկերագիրքը` նաեւ թարգմանված անգլերեն եւ ռուսերեն: Կուզեի ընթերցողին հավատացնել, որ Արցախի մատենական մանրանկարներում կան գեղանկարչական եզակի արժեք ունեցող նմուշներ, որոնք ոչ միայն մեզ, այլեւ շատ բան տեսած եվրոպացի արվեստասերներին զարմանք ու հիացմունք կպատճառեն. ապշելու գործեր են: Պատրաստվում է «Արցախի նկարազարդ ու քանդակազարդ եկեղեցիները» պատկերագիրքը (Մ. Հասրաթյան, Հր. Հակոբյան): Այդ ամենը Եվրոպային եւ Ամերիկային ներկայացնելը այսօր առաջնահերթ եւ պարտադիր անհրաժեշտություն է: Բայց ինչպես ժողովուրդն է ասում. «Դեռ հոգնահամբեր կսպասենք... հակառակորդը չի սպասում»:

Վերջում կուզեի անկեղծ մտահոգությունս հայտնել այս կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո մեր խելամիտ ու շրջահայաց գործարարներից շատերը կարողացան արդար վաստակով զգալի կարողությունների տեր դառնալ: Լավ է, փառք աստծո: Որքան էլիտար շենքեր են վեր խոյանում, շքեղ առանձնատներ կառուցվում, անսովոր ճոխ «Սասեր» ու «Էքսպրեսներ» բացվում: Նրանց անձնական մեքենաներին ուղեկցում են թիկնապահների ոչ պակաս թանկարժեք մեքենաները: Պե՞տք է արդյոք մեր հայրենակիցներին հիշեցնել, որ նրանց ձեռքբերումները, հաջողությունները վերջին հաշվով պայմանավորված էին Արցախյան ազատագրական պայքարից սկիզբ առած անկախությամբ, որի ընթացքում հարյուրավոր երիտասարդներ երազանքները հոգում զոհվեցին... Այսօր, գաղափարական ոլորտի այս անհաշտ պայքարում, եթե մեր բարի գործարարներից որեւէ մեկն իր շքեղ մեքենաներից մեկի գումարը զոհաբերի, ապա եվրոպական երկրների ընթերցողները շատ բան կիմանան Արցախյան պայքարի ճշմարտության մասին: Սպասենք:

Հ. Գ. Մեր հոդվածը պատրաստ էր, երբ հեռուստատեսությամբ նայեցի «Տաշիր 2011» Մոսկովյան ճոխ համերգը եւ աննախադեպ հարուստ մրցանակները... թվում է այդպիսի ճոխություն (չասենք շռայլություն) շատ հարուստ երկրներ էլ թույլ չեն տա:

ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4