«Երբ գերմանացիները չկարողացան գրավել Ստալինգրադը, պատերազմի ելքը շրջադարձային եղավ մերոնց համար, այսինքն` հաղթանակը մեր կողմն անցավ, մերոնք էլ սկսեցին նեմեցներին գերի վերցնել», պատմում է Արթիկի 75-ամյա բնակիչ Կարո պապը:
1945թ., երբ գերիների մի խումբ էլ բերեցին Շիրակի մարզի Արթիկ քաղաք, մեծ հետաքրքրություն առաջացավ տեղացիների մեջ նրանց հանդեպ: Հատկապես ոգեւորված էին երեխաները, նրանց թվում` այն ժամանակ դեռեւս 9-ամյա Կարապետը: Ճիշտ է, գերիները մշտական հսկողության տակ էին, բայց դա չէր խանգարում հետաքրքրքասեր երեխաներին հնարավորինս մոտիկից դիտել նրանց:
Ռազմագերիները, որ մոտ 700 հոգի էին, աշխատանքի անցան «Արթիկտուֆ»-ի հանքերում. քար էին կտրում, տեղափոխում, նաեւ մասնակցում էին տների շինարարությանը: Ապրելու համար նրանց հատկացված էր Արթիկի հին դպրոցներից մեկի կիսախարխուլ շենքը:
Հետպատերազմյան երկրում շատ դժվարին ժամանակներ էին բնակչության համար, ինչն, իհարկե, իր ազդեցությունը թողեց նաեւ գերիների վրա: Նրանց որոշ մասը հենց այստեղ էլ մահացավ տարբեր հիվանդություններից, սովից, ծանր աշխատանքից: Բայց քաղաքի իշխանությունն անտարբեր չէր: Նա գերմանացիներին աշխատատեղին մոտ մի տարածք հատկացրեց` մի բլուրի վրա, որ թաղեն իրենց հայրենակիցներին: Այդ ժամանակ դեռեւս այդ տարածքն ամայի էր եւ բնակելի չէր: Նրանց վատ չէին վերաբերվում նաեւ Արթիկի բնակիչները: Ինչպես հիշում է Կարապետ Մարտիրոսյանը, թեեւ այդ ընթացքում մարդիկ շատ վատ էին ապրում, բայց եթե չնչին բանով էլ կարողանում էին, օգնում էին գերիներին: Գերիներից ոմանք իրենց մոտ ոսկյա իրեր ունեին, որոնք փոխանակում էին սննդով, շորերով:
Արթիկի բնակչուհի, 65-ամյա Քնարիկը որոշ դրվագներ է հիշում` կապված գերմանացիների հետ, որ նրան է փոխանցվել մոր պատմածների միջոցով: «Մայրս պատմում էր, որ մեր տունը մոտ է եղել «Արթիկտուֆ» գործարանին: Երբ նա կարտոֆիլը մաքրում էր, կեղեւները միշտ մի ամանով դնում էր պատուհանին (որ հետո ցանի): Մի քանի անգամ պատահել է, որ ամանը դատարկ է վերցրել: Շատ է զարմացել, հետեւել է եւ տեսել, որ գերիներց մեկն է ամեն անգամ կեղեւները տանում: Խղճահարվել է, սկսել է մի քիչ հաստ մաքրել կարտոֆիլը, ավելցուկները նույնպես թողել է պատուհանին: Այսպես երկար ժամանակ: Մի օր էլ հերթական անգամ ամանը վերցնելիս մեջը ոսկյա մատանի է գտել: Նույն օրն իմացել է, որ առավոտյան գերիներին տարել են քաղաքից», պատմում է տիկին Քնարիկը` ընդգծելով, որ մայրը վարձատրվել է բարի գործ անելու համար:
Գերմանացիների թաղման վայրում այդ ժամանակ նոր-նոր սկսել էին տներ կառուցել, որոնց վրա աշխատել են նաեւ գերիները: 74-ամյա Օնիկի հիշողության մեջ մնացել են որոշ հուշեր. «9-10 տարեկան տղա կլինեի, որ հերս գերիներից մի երկու հոգու բերեց, որ մեր տան մեջ աշխատեն: Էդ ժամանակ ծաղիկներով, նկարազարդ ռեմոնտ չկար, բայց նեմեցները մեր տունն էդպես սարքեցին»:
1947թ., քաղաքական դրությունից ելնելով, Սովետական Միության ղեկավարների որոշմամբ, ռազմագերիները վերադարձվում են իրենց երկիր: Ողջ մնացած գերմանացիներին տանում են Արթիկից, իսկ մահացածների թաղված վայրը քաղաքում սկսում են կոչել «Նեմեցների գերեզմանոց»:
Երկար տարիներ անց` 1998թ., Գերմանիայից մարդիկ են գալիս Արթիկ` ունենալով հստակ տվյալներ, որ այս տարածքում զոհված հայրենակիցներ ունեն: Նրանց տանում են «Նեմեցների գերեզմանոց»:
«Գերմանական ժողովրդական միության եւ Գերմանիայի ռազմագերիների պահպանության ընկերության ֆինանսավորմամբ, այս` 48 մ երկարությամբ եւ 13 մ լայնությամբ տարածքը ցանկապատվում է, բարեկարգվում, պահակ է նշանակվում, գերեզմանաքարեր եւ մեկ ընդհանուր խաչքար է տեղադրվում»,- տեղեկացնում է Արթիկի քաղաքապետի տեղակալ Գեւորգ Փթուկյանը, որ այդ ժամանակ էլ նույն պաշտոնին էր եւ մասնակցել է այդ գործընթացներին: Նա ավելացնում է, որ Արթիկի քաղաքապետարանն էլ քաղաքի բնակչության կողմից գերեզմանոցին կից հուշաղբյուր է կառուցում եւ խաչքար է տեղադրում` նվիրված Գերմանիայի ռազմագերիների հիշատակին:
Ճիշտ է, արդեն մեկ տարի է, ինչ պահակը մահացել է, բայց մոտակա տների բնակիչները նույնպես չեն անտեսում գերեզմանոցը. երբեմն մաքրում են, հետեւում, որ երեխաները վնաս չտան: Գերեզմանոցը առաջ ավելի հաճախ, վերջին տարիներին` շատ հազվադեպ, իր այցելուներն է ունենում: Օնիկ պապը նույնիսկ հիշում է, որ շատ տարիներ առաջ մի գերմանացի կին էր գալիս գերեզմանոց` հավատացած լինելով, որ այստեղ է ննջում իր որդին:
ԱՆԻ ՌԱՓՅԱՆ