«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2011-04-06 | #61, 2011-04-07 | #62, 2011-04-08


DURA LEX SED LEX

(Խիստ է օրենքը, բայց օրենք է)

Որքա՜ն հաճախ եմ հիշում այն ահավոր դեպքը Զատկի կղզում։ Կարծում եմ Աստված փրկեց Սամվել Կարապետյանին, Հայկին եւ Վահագնին, մեզ հասկացնել տալով, որ հաջորդ անգամ պետք է եւ՛ ավելի խելացի, եւ՛ ավելի կանխատեսող լինել։ Չէ՞ որ դա ցունամի չէր, եւ ոչ էլ տորնադո, որոնք միշտ հանկարծակիի են բերում, եւ թերեւս ոչ մեկին չես կարող մեղադրել։ Այո, շարժիչը կարող է խափանվել ցանկացած ժամանակ եւ ամենաանպատեհ պահին։ Սակայն ավելի հաճախ նման բան պատահում է, երբ այնՙ շարժիչը հնամաշ է, անսարք եւ անհաշվելի նորոգումներ է անցել։ Այ հենց այդ «ամենից հաճախ»-ն է հիշեցնում մեղավորության չափի եւ ընդհանրապես հանցանքի մասին։ Ես եկա այն եզրահանգման, որ ինձ, որպես արշավախմբի պետի, չի արդարացնում նույնիսկ այն փաստը, որ մի քանի անգամ փորձել էինք նոր շարժիչ ձեռք բերել, բայց ապարդյուն։ Չէր ստացվել։ Այդ մասին ես արդեն պատմել եմ։ Բայց հիմա, նույնիսկ բավական ժամանակ անց հոգիս դեռ չի հանգստանում, եւ հենց այդ պատճառով եմ կրկնում։ Միակ մխիթարանքն այն է, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, եւ որ, ինչպես ասում ենՙ չկա չարիք առանց բարիք։ Սիդնեյում հայթայթեցինք շարժիչ։ Նորը։ Ճապոնական։ Եվ ոչ միայն շարժիչ, այլեւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռետինե նավակի համար։

Այստեղ չեմ կարող չպատմել այն մասին, որ դժվար թե կարողանայի օպերատիվ կերպով հասնել Սիդնեյ, եթե չլիներ մեր իսկական «շտապօգնությունը»ՙ Ռալֆ Յիրիկյանը։ Ես չեմ պատրաստվում նշել նրա կազմակերպության անունը, քանզի «Արմենիա»-ի վրա խստիվ արգելված է գովազդով զբաղվել։ Կասեմ միայն, որ չափազանց թանկ նստեց վրաս այդ քայքայիչ ուղեւորությունը, եւ դեռ պրոթեզն էլ ոտքիսՙ աքիլեսյան գարշապարի ճաքի եւ ջլերի պատռվածքի պատճառով։ Չէ՞ որ պետք էր Զատկի կղզուց, հիշեցնում եմ, վերադառնալ Չիլիի արեւելք, որտեղից այլ օդանավ նստել եւ վերադառնալ հետՙ արեւմուտք։ Ի դեպ, թռա Զատկի կղզու վրայով, որտեղ մեր «Արմենիա»-ն դեռ խարսխված էր ջրաշարում։ Երկրորդ օրը պետք է թռչեի Նոր Զելանդիա եւ այնտեղիցՙ ավստրալիական Սիդնեյ։ Թռիչքը մարտի մեկին էր։ Բայց Սիդնեյում վայրէջք կատարեցի մարտի երեքին։ Մեկ ամբողջ օր կորցրեցի ճանապարհին։ Միշտ այդպես է լինում, երբ հատում ես 180-րդ միջօրեականը։ Ոչինչ, հետդարձի ճանապարհին կորցրած օրը ետ կբերեմ։

Եվ նորից գովազդի մասին։ Նորից չեմ տա ընկերության անունը։ Կասեմ միայն այն, ինչ ընթերցողին հայտնի է։ Ահա արդեն մի քանի տարի, սկզբում «Կիլիկիա»-ում, ապա «Արմենիա»-ում մեր ամենապահանջված ապրանքը քաղցրավենիքն է, որով միշտ մեզ ապահովել է մեր բարեկամ Հրանտ Վարդանյանը։ Կոնֆետներ, քաղցրեղեն, մի խոսքովՙ այն ամենը, ինչը նաեւ նվեր է։ Իհարկե, ողջ անձնակազմը հաճույքով թեյ խմելիս բարի խոսքով է հիշում Հրանտին, բայց այդ նվերները մեզ այլ հարցում են փրկում։ Մենք հյուրասիրում ենք հայ եւ ոչ միայն հայ երեխաներին, իմանալով, որ նրանք ու իրենց ծնողները հիացմունքով են տեղեկանում, որ դրանք հայկական քաղցրավենիքներ են եւ Հայաստանից են։ Եվ ահա այդ նվերները վերջացան։ Ճիշտ է, մենք այնքան էլ չենք մտահոգվում, քանզի Ավստալիայում դժվար թե հանդիպենք մեր հայրենակիցների երեխաներին։ Իսկ Նոր Զելանդիայում, ես արդեն հաստատ գիտեմ, որ փոքր երեխաներ չկան։ Գործնականում բոլորն այնտեղ բնակություն են հաստատել անցած դարի մոտավորապես 90-ական թվականներին։ Այն ժամանակ բոլորն էլ երեխաներ ունեին։ Նույնիսկ նրանց համար կիրակնօրյա հայկական դպրոց բացեցին։ Երեխաները մեծացան։ Դպրոցն ինքնստինքյան փակվեց։ Մի խոսքով, կոնֆետները մեզ այնքան էլ պետք չեն գա։ Եվ ես կապվեցի մեր «քաղցր» բարեկամ Հրանտ Վարդանյանի հետ։ Պատմեցի ստեղծված իրավիճակի մասին։ Նա նույնիսկ թույլ չտվեց միտքս ավարտեմ։ Միայն խնդրեց ասել այն մարդու անունը, որը գիտի, թե ինչպես այդ ամենը կազմակերպել։ Իհարկե, ոչ ոք չի կարող նման գործից այնպես գլուխ հանել, ինչպես սամբոյի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Լեւոն Հայապետյանը։ Ես Զանգեցի Հայաստանի գլխավոր ավիատոր Արթուր Մովսիսյանին, որն օգնել էր մեզ դեռեւս «Արմենիա»-ի մեկնարկին։ Լեւոնը օդանավակայան տարավ «քաղցր» բեռը, որն ուղարկվեց Սիդնեյՙ Ավստրալիայի ամենաշարժուն, ամենազվարթ, ամենաձայնեղ, ուր-որ է ութսուն տարեկան հայինՙ Հակոբ Աբոլակյանին։ Իսկ դա նշանակում էՙ կասկած չունեմ, որ ավստրալիական երեխաներն անպայման կվայելեն հրանտյան քաղցեղենները։

Եվ այսպես, Սիդնեյում մեր ընտրությանն են սպասում երկու կախովի շարժիչներՙ հուրախություն Հայկ Բադալյանի եւ Վահագն Մաթեւոսյանի (առաջինն անընդհատ նորոգում է, իսկ երկրորդը անընդհատ վարում է «Փոքր Հայք»-ը եւ ջրատակ անում ուղեւորներին)։ Եվ իհարկե, շարժիչները ճապոնական են։ Դա նշանակում է, որ վերջնական արդյունքում մեր վրա ավելի էժան կնստեն։ Ինձ լավ ծանոթ այդ ահռելի քաղաքում հանդիպեցի բազմաթիվ հին ընկերների, որոնց մասին կպատմեմ, երբ «Արմենիա»-ն կառանվի Սիդնեյում։ Թռա Մելբուռն, որտեղ բառացիորեն օդնավակայանից բարեկամներս ինձ տարան Մելբուռնի լեգենդար օլիմպիական մարզադաշտ։ Այստեղ, հաղթահարելով կեղծ համեստությունը, պետք է պարծենամ, որ ժամանակին ես հիմնավորապես ուսումնասիրել եմ հին եւ նոր օլիմպիական խաղերը։ Գրել եմ ծանրակշիռ փաստագրական վիպակՙ «Լեգենդների զրնգուն արձագանքը», որը սկզբում շարունակաբար տպագրվել է «Կամչատսկի կոմսոմոլեց» թերթում, Տոկիոյի օլիմպիական խաղերի նախաշեմին (1964 թվական)։ Ասեմ, որ թեմային լավ եմ տիրապետում։ Բայց իմ հետաքննական հիշողության մեջ առավել ամրակուռ բարձրացել են Տասնվեցերորդ օլիմպիական խաղերը Մելբուռնում, որոնց մասին առավել մանրամասն կխոսեմ, երբ «Արմենիա»-ն խարիսխ նետի այնտեղ։ Իսկ առայժմ ինձ պետք էր ընդամենը նախապատրաստվել։ Սեփական աչքով տեսնել սեւ մարմարե այն հայտնի տախտակը, որի վրա ոսկե տառերով գրված են Ալբերտ Ազարյանի եւ Վլադիմիր Ենգիբարյանի անունները։ Տեսա։ Աչքերս լցվեցին։ Իսկույն զանգեցի Երեւանՙ Ալբերտ Ազարյանին։ Իմանալով, թե որտեղից եմ զանգում եւ ինչու եմ հասել այնտեղ, կարծում եմ նա նույնպես չկարողացավ զսպել արցունքները։ Խոստանում եմ մանրամասն պատմել մեր օլիմպացիների սխրանքների մասին, հենց որ «Արմենիա»-ն հասնի Մելբուռն, որտեղ մեզ սպասելու են։

Մելբուռնից անմիջապես հետո ես արդեն թռա Նոր Զելանդիաՙ «Արմենիա»-ին ընդառաջ։ Օկլենդի օդանավակայանում ուղեկցորդուհիները, տեսնելով, որ իմ ձախ ոտքը գիպսը փոխարինող պրոթեզի մեջ է, իսկույն ինձ համար կանչեցին սայլակով ծառայողին։ Ուղեկցորդուհիներ չեն, այլ խելքի ծով։ Մինչեւ բեռների բաժանմունք մեկ կիլոմետր ճանապարհ պետք էր անցնել։ Ինձ տանում էր մի բարի նորզելանդացի, անընդհատ հետաքրքրվելով, թե ինչպես եմ ինձ զգում։ Որոշ ժամանակ անց նա արդեն չէր հասցնում բերանը բացել, իսկ ես արդեն ասում էի «օ քեյ»։

Անձնագրային ստուգում։ Համազգեստավոր տղամարդը հարցրեց, թե ինչ լեզվի եմ տիրապետում։ Դարակից հանեց ռուսերեն հարցաթերթիկը, ներողություն խնդրելով, որ այդ փաստաթղթի հայերենը չունի։ Ես միանշանակ «ոչ» պատասխանը տվեցի երկու տասնյակ հարցերին այն մասին, թե տանո՞ւմ եմ ինձ հետ ոչ միայն զենք, պայթուցիկ նյութեր, թունաքիմիկատներ, հեղուկներ, այլեւՙ հաց, մրգեր, բույսեր, ծաղիկներ, սերմեր, ցանկացած սննդամթերք։ Եվ ես ուրախ անգլերեն գրում եմ «նոու», նաեւ բավական բարձր արտասանելով այդ բառը։

Նա ինձ շնորհակալություն հայտնեց, իսկ ես ասացի, որ նա լավ մարդ է։ Եվ մենք բաժանվեցինք։ Իմ բարի նորզելանդացին ինձ տարավ բեռների բաժանմունք, որտեղ արդեն ոչ ոք չկար։ Անկյունում որբացած ինձ էին սպասում գրքերով ճամպրուկը եւ անձնական իրերով ուսապարկը։ Դրանից հետո սկսվեց մանրազնին ստուգումը։ Հատուկ ծառայության գործն էր։ Ընթացքում հարց տրվեցՙ արդյոք սննդամթերք ունե՞մ ինձ մոտ։ Ես դարձյալ ուրախ պատասխանեցի բացասաբար, հիշելով, թե ինչպես Մելբուռնում ինձ ճանապարհող, ծնունդով անչարցի դաշնակ Փայլակ Ալամյանն ասաց, որ օդանավում, երեք ժամվա թռիչքի ընթացքում ձեզ չեն կերակրելու, արի՛ մի բան ուտենք։ Ես հրաժարվեցի։ Այդ ժամանակ նա խորհուրդ տվեց, որ գոնե միրգ վերցնեմ հետս։ Ես ծիծաղեցի այն պատճառով, որ գրամեքենայիս պայուսակում, որը ողջ կյանքում քարշ եմ տվել ամենուր, կային մեկ բանան, մեկ տանձ եւ մեկ խնձոր։ Մեզ իրոք չկերակրեցին։ Եվ մոտավորապես ճանապարհի կեսին ես կերա խնձորն ու բանանը։ Իսկ տանձի մասին նույնիսկ մոռացա։

Դա մի անհեթեթ երկխոսություն էր մեղադրյալի եւ մեղադրողների միջեւ։ Ես իմ ձեռքով գրել էի, որ մրգեր չեմ տանում։ Իսկ ինձ մոտ տանձ գտան։ Վերջ։ Պարզվեցՙ եթե նույնիսկ աշխարհը շուռ գա, եթե նույնիսկ աշխարհի վերջը գա, օրենքը պետք է պահպանել։ Եվ ես չեմ բարկանում։ Նույնիսկ զգում եմ, որ այդ ամենն ինձ դուր է գալիս։ Խիստ է օրենքը, բայց այդպիսին է։ Օրենքը հենց այնպես չի ընդունվում։ Ավելին, շուտով իմացա, թե ինչպիսի վնաս են հասցրել երկու կղզիների ինչ-որ մեկի կողմից բերված սերմերը, մրգերն ու սննդամթերքը։ Եվ ինչպիսի գյուղատնտեսական համաճարակ է սկսվել, որը շուտով վերաճել է համավարակի։ Այնպես որ, ամեն ինչ իրոք շատ լուրջ է։ Եվ նույնիսկ ուսանելի։ Ո՜ւր էր, թե այդպիսի օրենք սահմանվեր մեր Զվարթնոց օդանավակայանում։ Ինչ վերաբերվում է ինձ, ապա ակտ կազմվեց հիմնավոր տեքստով այն մասին, թե ես ինչ եմ արել։ Այն մասին, որ ես տուգանված եմ չորս հարյուր նորզելանդական դոլլարի չափով (280 ԱՄՆ դոլլար)։ Եվ վերջում էլՙ ներում, հաշվի առնելով, որ ես իրոք ոչինչ չգիտեի եւ դա առաջին անգամն էր։ Մի պահ մտածեցի, թե էլ ո՞ւմ էր պետք այդ ողջ բյուրոկրատական քաշքշուկը, եթե միեւնույնն է, ճերմակ մորուքս հարգելով, ներելու էին ինձ։ Պարզվեց, որ չափից ավելի պարզունակ էի դատում։ Իմ ձեռքին մնաց ակտի պատճենը։ Իսկ բնօրինակը հավերժաբար պահվելու է երկրի համար շատ կարեւոր այդ ծառայության համակարգչում։ Այնպես որ, եթե ես երբեւէ գրպանումս թեկուզ մեկ բրնձահատիկ ունենամ, եւ առավելեւսՙ տանձ, ապա փորձանքի մեջ եմ ընկնելու։ Ի դեպ, այդ տանձն առգրավեցին։ Որպես մխիթարություն ասեմ, որ շատ էլ անհամ տանձ էր։ Ես գիտեմ այդ տեսակը։

Ինձ դիմավորեց նորզելանդական հայերի խումբը։ Գիտեի բոլորի անունները։ Բայց ոչ մեկին դեմքով չէի ճանաչում։ Յուրաքանչյուրն ասում էր իր անունը, իսկ եսՙ ազգանունը, ինչով բոլորին զարմացրի։ Բայց ահա մի անվան վրա բերանս փակվեց։ Նա ասաց, որ իրեն Ալիկ են կոչում, իսկ ես այդպիսի մարդու չգիտեի։ Պարզվեց, որ Ալեքսանն է։ Ալեքսան Գրիգորյանը ինձ մի գրություն հանձնեց։ Դա Արիկն էր նրան ուղարկել էլեկտրոնային փոստով։ Դեռեւս Մելբուռնում մտքովս անցավ ամեն դեպքում մի քանի էլեկտրոնային հասցեներ ուղարկել նավՙ Արիկին։ Սկսեցի կարդալ տեքստը, եւ ասես գլխիս մուրճով խփեցին։ Դիմավորողներն զգացին, որ ինչ-որ սարսափելի բան է կատարվել։ Տեքստը գրված էր ռուսերեն։ Բովանդակությունը գիտեր միայն Ալիկը։ Նա ընտանիքով այստեղ է եկել Հայաստանից։ Սակայն, դատելով ըստ ամենայնի, նա էլ լավ չէր կարող հասկանալ, թե ինչ է կատարվում նավում։ Նա չգիտերՙ ինչ է նշանակում քամու 60 հանգույց արագություն։ Դա ավելին է, քան դասական փոթորիկը։ Արիկը ճշտել էր եւ այն, որ ըստ կանխատեսման, փոթորիկն առավելագույնը երեք օրում կհասնի «Արմենիա»-ին։ Որոշել էին կտրուկ փոխել ուղղությունը։ Մանրամասները ես ստացա քիչ ավելի ուշ։ Իմացա եւ այն մասին, որ սպասվող վտանգն առաջինը հայտնաբերել է Հայկ Բադալյանը, հետեւելով համակարգչային կայքին։ Չէ՞ որ բացի ամենայնից, Հայկը նավում եղանակի կանխատեսման պատասխանատուն է։ Այնպես որ, նա այդ հարցում գիտակ է։ Հաջորդ ռեպորտաժում կլինեն ոչ միայն մանրամասնությունները սարսափելի ցիկլոնի մասին, որի ճանապարհին հայտնվեց հակական փոքրիկ առագաստանավը, այլեւ Հայկ Բադալյանի դիմանկարի մի քանի վրձնահարվածներ։

Զորի ԲԱԼԱՅԱՆ, Խաղաղ օվկիանոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4