«ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի ԽՎ-ի , ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթերը, ինչպես նաեւ համաշխարհային առաջատար տերությունների ղեկավարների հայտարարությունները խոսում են ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի արդարացի դիրքորոշման մասին: Այդ պատճառով էլ Հայաստանը խուսափում է ԵԱՀԿ-ից բացի այլ միջազգային կազմակերպություններում ղարաբաղյան հակամարտության քննարկումից»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը` «մեկնաբանելով» ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի շուրջը հայաստանյան պատվիրակության դիրքորոշումը: Սկսենք նրանից, որ Զիաֆեթ Ասկերովը միանշանակ ստում է, երբ թվարկելով միջազգային կազմակերպությունները, ասում է, թե նրանց ընդունած փաստաթղթերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունները «խոսում են Ադրբեջանի արդարացի դիրքորոշման մասին»:
Ադրբեջանի դիրքորոշումն արդարացի չէ, չի համընկնում խնդրի միջազգային հանրության ընկալումներին, կարգավորման` միջնորդների եւ Ասկերովի հիշած կազմակերպությունների կողմից աջակցվող հայեցակարգին: Այդ իսկ պատճառով էլ վերջիններս հորդորում են հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով` հենվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների եւ նորմերի վրա:
Դա գիտակցում է նաեւ Զիաֆեթ Ասկերովը: Հակառակ դեպքում իր բարձրակոչ հայտարարությանը հավելում չէր անի. «Ցավոք, այսօր միջազգային իրավունքը չի կարող ցուցադրել իր ողջ ուժը... Դա ցույց է տալիս, որ միջազգային իրավունքը չի աշխատում, եւ Ադրբեջանն այդ իմաստով պետք է ավելի հզորանա»:
Ասկերովի մակարդակի պաշտոնյան, ցավոք, չի հասկանում կամ չի ուզում հասկանալ կամ հասկանում, բայց չի կարող խոստովանել, որ Ադրբեջանը չի կարող այնքան «հզորանալ», որ միջազգային հանրությանը թելադրի իր կամքը: Դա անհնար է անել նույնիսկ Թուրքիայի օժանդակությամբ:
Եվ այն, ինչ տեղի է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում, ասվածի ապացույցն է: Չէ՞ որ առանց Չավուշօղլուի ջանքերի ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովը «վերակենդանացնելու» որոշում չէր ընդունվի: Եվ շատ ճիշտ է վարվել հայաստանյան պատվիրակությունը` հրաժարվելով մասնակցել դրա «աշխատանքներին»:
ԵԽԽՎ-ն չունի ղարաբաղյան կարգավորման հարցում միջնորդություն իրականացնելու մանդատ: Առհասարակ, նման հարցերը խորհրդարանական քննարկումների առարկա լինել չեն կարող:
Այլ բան է, որ ԵԽԽՎ-ն կարող է աջակցել, որ հակամարտության կողմերի խորհրդարանականների միջեւ շփումներ լինեն: Բայց դրա համար հարկ կլինի Ստրասբուրգ հրավիրել նաեւ ԼՂՀ-ի Ազգային ժողովի ներկայացուցիչներին: Քանի որ հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային մակարդակով ընդունված բոլոր փաստաթղթերում խոսքը հակամարտության բոլոր կողմերի միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին է:
Զիաֆեթ Ասկերովն ասել է, որ «Հայաստանը խուսափում է, որովհետեւ փաստարկներ չունի»: Ընդհակառակը, փաստարկ կա եւ հնչեցվել է բազմիցս: Փաստարկ չունի Ադրբեջանը, քանի որ համառորեն խուսափում է ԼՂՀ ներկայացուցիչների հետ շփումներից: Հանդիպի ի՞նչ ասի: Պաշտոնական Բաքուն ի սկզբանե ունեցել եւ այսօր էլ միայն մի խոսք ունի. «Ընդունեք Ադրբեջանի գերիշխանությունը կամ մենք կոչնչացնենք ձեզ»:
Քսան տարի առաջ այդ լեզվով է սկսվել «Կոլցո» ռազմագործողությունը` Գետաշենում: Եվ, չնայած այն ամենին, ինչ տեղի է ունեցել հետագայում, այդ ոճն Ադրբեջանում մնացել է անփոփոխ:
Այդ դեպքում ո՞ւմ հետ եւ ինչի՞ համար բանակցել, քննարկումներ անցկացնել, եթե արդյունքը կանխորոշված է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ