ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, Հեռուստատեսության ու ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարումների ուղեկցությամբ Թեքեյան կենտրոնում երեկ տեղի ունեցավ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Արդեն 10 տարվա պատմություն ունեցող մրցանակաբաշխությունը գրականության, թատրոնի, գեղանկարչության, քանդակագործության, երաժշտության եւ լրագրության ոլորտներում լավագույն գնահատականներից մեկն է մեր արվեստագետներին եւ մտավորականներին: Ընդունված ավանդույթի համաձայն` կարեւորվում են մշակութային ասպարեզում արդեն վաստակ ունեցող արվեստագետներն ու մտավորականները: Կարեւորվում են երբեմն պետության ուշադրությունից դուրս մնացած ոլորտներն ու ստեղծագործողները: Այստեղ առանձնահատուկ ուշադրության են արժանանում նաեւ երիտասարդ ստեղծագործողները, որոնց համար մրցանակն ու դրամական պարգեւը (1.000 դոլար) կարող են խթան հանդիսանալ ստեղագործական հետագա գործունեության համար:
«Հաշվի ենք առել միայն մասնագիտական հանձնաժողովների կարծիքը», ասաց ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը ` հերթական անգամ փաստելով, որ մրցանակաբաշխությունն անաչառ է:
Թեքեյան մշակութային միության վարչության անդամ Գայանե Մուրադյանը նշում է, որ տարեցտարի մրցանակաբաշխության աշխարհագրությունն ընդլայնվում է. «Վահան Թեքեյան» պատվավոր մրցանակին արժանանալու համար այս տարի հայտեր են ստացել ոչ միայն Արցախից, Ջավախքից, այլեւ Սփյուռքից:
Հայտերը 120 էին, հաղթողները` 10:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ստեղծագործական կյանքում Ցեղասպանության թեմային նվիրված կտավները առանձնահատուկ տեղ են գրավում: «Գաղթ» գեղանկարը ստեղծել է անցյալ տարի` ցեղասպանության 95-րդ տարելիցին. «Գաղթում» մահվանը զուգահեռ ներկայացրել եմ նաեւ կյանքը: Այն մարդիկ, ովքեր փրկվեցին եւ հաստատվեցին Հայաստանում, իրենց հետ բերեցին անցյալը, իրենց եսը: Ոչ միայն ողբ ու լաց, այլեւ վերածնունդ ու կյանք է արտացոլված կտավում, որը փաստում է. հայերը շարունակելի կենսագրություն ունեցող ազգ են», նշում է գեղանկարչության անվանակարգում այս տարվա մրցանակակիր Կարեն Աղամյանը:
Նկարչի «Գաղթ» կտավը Գեղանկարչության անվանակարգի հաղթողն է:
Գրականագետ Աելիտա Դոլուխանյանի մեկնաբանությամբ` Գուրգեն Խանջյանի «Նամակներ ընթացքից» էսսեների ժողովածուն առանձնանում է հոգեբանական նուրբ վերլուծությամբ: Ստեղծագործությունների հիմքում մարդն է, նրա ապրումներն ու հույզերը: «Գեղարվեստական գրականության» անվանակարգի հաղթող Խանջյանը նշում է, որ 43 նամակից բաղկացած «Նամակներ ընթացքից» ժողովածուում ժամանակակից մարդը խորհում է Աստծո, հավատքի ու երկնային անսահմանության մասին:
«Սոցիալ-քաղաքական երգիծանքն այսօր վերածվել է «խուտուտի», որը անընդունելի է: KBH-ի հետնորդներն ուղղակի ապականում են մեր երգիծանքն ու հումորը»: Սա դերասան Միքայել Պողոսյանի գնահատականն է: Այսօր ժանրը ուշադրության կարիք ունի, որովհետւ այն պատշաճ մակարդակով չի ցուցադրվում
2005-ին «Սոցիալ-քաղաքական երգիծանք» անվանակարգում Պողոսյանն արժանացել է Հոլանդիայում «Պրինց Կլաուսի» մրցանակին: Միջազգային ժյուրին 2005-ը հայտարարել էր երգիծանքի եւ հումորի տարի: Մասնակից 80 երկրներից հայ դերասանն արժանացավ գլխավոր մրցանակին: «Ոչ պակաս պատվաբեր է «Վահան Թեքեյան» մրցանակը, հատկապես երբ թերթում եմ այս 10 տարվա ընթացքում մրցանակին արժանացածների ցանկը, շատ մեծ պատիվ է նրանց կողքին հայտնվելը», ասում է Պողոսյանը: Հանդիսատեսի գնահատականն ու ընկալումն էլ այնքան բարձր է, որ դերասանն իրեն վստահ է զգում փողոցում քայլելիս:
«Միքայել Պողոսյանը կոմիկ չէ, նա փիլիսոփա է: Դերասան, որ կոմիկականության մեջ ողբերգականությունն է ներկայացնում. Դրանում է նրա բացառիկությունը», ասաց «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը ` հավելելով, որ վերոնշյալ մրցանակի նվիրատուն Իրմա Տեր-Ստեփանյանն է. Նյու-Յորքիցՙ ի հիշատակ իր հորՙ երգիծանքի հայտնի վարպետ Միհրան Տեր-Ստեփանյանի հիշատակին:
«Մանկապատանեկան մշակույթի բնագավառում ստեղծագործությունները տարեցտարի սակավանում են», մտահոգություն է հայտնում «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի դիրիժոր Տիգրան Հեքեքյանը : Վերջին մոհիկաններից է մանկագիր Սուրեն Մուրադյանը , ում «Մանկական երգարան եւ մանկական պիեսներ»-ը լավագույնն էին «Արա Մարալ» մանկապատանեկան ստեղծագործությունների անվանակարգում, որը հաստատել է Նյու Յորքից մանկապատանեկան շատ գործերի հեղինակ Սիլվա Տեր-Ստեփանյանը:
Մանկագիր Սուրեն Մուրադյանի 95 ժողովածուից 50-ը ուղղված է մանուկներին: Մանուկների համար ստեղծագործելու համար Մուրադյանն առաջնային է համարում բարությունն ու զարմանալու հատկությունը. «Եթե երեխայի նման չկարողանաս զարմանալ, չես կարող ստեղծագործել», ասում է մանկագիրն ու խոստովանում, որ արդեն պատկառելի տարիքում ոչ միայն հեքիաթ է գրում, այլեւ հաճույքով կարդում: Այժմ նրա ամենահավատարիմ ունկնդիր-ընթերցողը ծոռնուհին է` 3-ամյա Էլիզան:
Երաժշտության բնագավառում անգերազանցելի էր Ստեփան Սուքիասյանի «Աղոթքի վերջին տողը» ստեղծագործությունը: Այստեղ կոմպոզիտորի զգացողություններն են, ցավն ու տառապանքը: Երկրաշարժին նվիրված ստեղծագործությունում կոմպոզիտորն աղոթում է, որ այլեւս նման բան չկրկնվի:
«Քանդակ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց Զավեն Կոշտոյանի «Գյումրիի կանայք կամ բաղնիք գնացողները» ստեղծագործությունը: «Ռադիո եւ հեռուստատեսություն» անվանակարգում առանձնացավ Անահիտ Թադեւոսյանի «Հոբելյաններ, կերպարվեստ» հաղորդաշարը: «Թատրոն» անվանակարգում, որը հաստատել են Ֆիլադելֆիայից Բաբկեն եւ Անահիտ Մկրյանները, լավագույնը Ռուբեն Մուրադյանն էր` «Սպարտակ» բալետում Սպարտակի դերակատարման համար:
«Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակում անվանակարգում «Հակոբ Վարդիվառյանի» անվան մրցանակը ստացավ Գերմանիայից «Ազգ» օրաթերթի հավատարիմ աշխատակից եւ նվիրյալ լրագրող Անահիտ Հովսեփյանը «Միջազգային լրահոս» նյութերի համար: Այս մրցանակը հաստատել է Նյու Ջերսիից լրագրող եւ հասարակական գործիչ Հ. Վարդիվառյանը :
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ` «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունը յուրօրինակ կամուրջ է Սփյուռքի եւ հայրենիքի միջեւ: «Այն ոգեւորում է, նոր լիցքեր հաղորդում: Սփյուռքի միավորման կարեւոր ձեռնարկ է, որ գնալով պետք է ընդլայնվի»: