Անցած կիրակի Բաքվում ընդդիմության բողոքի ակցիան դարձյալ խափանվել է: Ոստիկանությունը ձերբակալել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, 63 անձի: Շուրջ երկու տասնյակ մարդ նույն օրն ազատ է արձակվել: Մյուսների «գործերն ուղարկվել են դատարաններ»: Այդ մասին ասված է ոստիկանության Բաքու քաղաքի գլխավոր վարչության եւ դատախազության համատեղ հայտարարության մեջ:
Բնութագրական է, որ ապրիլի 15-ին ընդդիմության առաջնորդներ Ալիք Քերիմլին եւ Իսա Ղամբարը «հրավիրվել են» ոստիկանություն: Նրանք հարցաքննվել են որպես «ապրիլի 2-ին Բաքու քաղաքում հասարակական կարգի կոպիտ խախտման փաստով հարուցված քրեական գործում ներգրավված վկաներ»: Հարցաքննությունը տեւել է 6,5 ժամ:
Նույն օրը կառավարող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Հասանովը հանդես է եկել «մեկնաբանություններով»: Դրանք գերազանցում են փարիսեցիության նույյնիսկ ադրբեջանական չափանիշները:
Այսպես, Հասանովը գտնում է, որ «սահմանադրությունն, այո, երաշխավորում է ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքը, բայց կա նաեւ քաղաքացիների հանգստի իրավունք»: Ընդդիմությունը, նրա կարծիքով, փորձում է «խախտել հազարավոր մարդկանց հանգստի իրավունքը, երբ պահանջում է թույլ տալ բողոքի ակցիա անցկացնել «Սահիլ» զբոսայգում, որը մեծ գումարներ ծախսելով վերաբացվել է, որպեսզի մարդիկ այնտեղ հանգստանան»:
Հասանովի «մտքի թռիչքն ուղղակի հրաշքներ է գործում», երբ նա անցնում է բուն ասելիքին: Նա գտնում է, որ ընդդիմությունն իր բողոքի ակցիան պետք է անցկացնի այնտեղ, որտեղ «կկարողանա հավաքել համակիրներ»: Հակառակ դեպքում, ըստ կառավարող կուսակցության գործադիր քարտուղարի, ստացվում է այնպես, որ «գալով մարդաշատ վայրեր, ընդդիմությունը կարող է տպավորություն ստեղծել, թե հանգստացողները նույնպես համաձայն են իրենց տեսակետներին»:
Ոչինչ չես ասի. Հասանովն ընդդիմությանն առաջարկում է ցույց կամ հանրահավաք անցկացնել անմարդաբնակ վայրերում` նախապես այնտեղ բերելով իր համակիրներին:
Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ ընդդիմությունը նույնիսկ մայրաքաղաքի կենտրոնում է զրկված տեղաշարժի իրավունքից: Ինչպե՞ս կարող է նա համակիրներ հավաքել եւ տեղափոխել իշխանությունների նախանշած անմարդաբնակ տարածք, եթե ոստիկանությունը նույնիսկ երեք հոգու միեւնույն տեղում գտնվելու դեպքում է ուժ գործադրում:
Իսկ որ այդպես է, վկայում են «Սահիլ» զբոսայգում եւ նրան հարող փողոցներում ապրիլի 17-ին «Թուրան» գործակալության լրագրողի արած լուսանկարները:
Ի դեպ, լրագրողը հասցրել է «հավերժացնել» նաեւ կառավարող կուսակցության գործադիր քարտուղար Ալի Հասանովին, որն իր գրասենյակի պատշգամբից գոհունակության ժպիտով դիտում է, թե ինչպես են ոստիկանները մարդկանց մուտքն արգելափակում:
Ավելի անցանկալի վիճակում է հայտնվել «ընդդիմադիր» պատգամավոր Ֆազիլ Աղամալին: Նա եւս գտնվել է կառավարող կուսակցության գրասենյակում եւ, դուրս գալով պատշգամբ, մատի խորհրդանշական շարժումով ոստիկաններին հորդորել է «սպանել ցուցարարներին»` ինչպես պատգամավորի ժեստը մեկնաբանել է «Պոլիգոն» կայքի թղթակիցը:
Այդօրինակ «կայունությունը», սակայն, թվացյալ է: Ինչպես գրում է նույն «Պոլիգոն»-ը, Ադրբեջանում «հեղափոխության սցենարի հեղինակները եւս մի քայլ են կատարել»: Ըստ այդմ, «Վրաստանի նախագահի մերձավոր շրջապատից հայտնի է դարձել, որ Թբիլիսի են ժամանում արեւմտյան մի շարք հեղինակավոր կենտրոնների ներկայացուցիչներ: Նրանք Վրաստանում կգտնվեն որպես նախագահ Սաակաշվիլիի անձնական հյուրեր: Նախատեսված է, որ նրանց հետ հանդիպելու համար Թբիլիսի կմեկնեն կամ ընդդիմության առաջնորդները կամ նրանց հատուկ ներկայացուցիչները»:
Հիշյալ տեղեկատվության իսկությունը «Պոլիգոն» վերլուծական կայքը հիմնավորում է այն իրողությամբ, որ եվրոպական շուրջ երկու տասնյակ երկրների դեսպաններ «Մուսավաթ» կուսակցության գրասենյակում «փակ հանդիպում են անցկացրել ընդդիմության առաջնորդների հետ եւ, չնայած իշխանության պնդումներին, այդ մասին որեւէ տեղեկատվություն չեն փոխանցում ոչ ԱԳՆ-ին, ոչ նախագահի աշխատակազմին»:
«Պոլիգոն»-ի աղբյուրները նաեւ հավաստիացրել են, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության երկարամյա փոխնախարարի, որը ծնունդով Նախիջեւանից է եւ մինչ այդ համարվել է իշխող կլանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը, անսպասելի պաշտոնանկությունը պայմանավորված է ընդդիմության եւ եվրոպական երկրների դեսպանների շփումները վերահսկելու մասին «անձամբ Իլհամ Ալիեւից ստացած հանձնարարականը չկատարելու հանգամանքով»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
Նկար 1. Ֆազիլ Աղամալին հորդորում է «սպանել ցուցարարներին»:
Նկար 2. «Սահիլ» զբոսայգուն հարող փողոցները ոստիկանության կողմից շրջափակված են: