ԵԽԽՎ ապրիլի 11-15-ի նստաշրջանում թեեւ Հայաստանին վերաբերող օրակարգային հարց չկար, բայց տարբեր առիթներով Հայաստանի անունը հնչեց: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամները երեկ պատմեցին ինչն` ինչպես: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը կարեւոր համարեց, որ նստաշրջանի ընթացքում ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի նիստ տեղի չի ունեցել, թեեւ նա առանձին հանդիպում է ունեցել ենթահանձնաժողովի նախագահ Ջորդի Չուկլա Կոստայի հետ: Հայկական տեսակետը հայտնի է` այդպիսի ենթահանձնաժողովի գործունեությունն աննպատակահարմար է: Երկրորդ հարցը մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցի քննարկումն էր, այս փուլում դեռեւս քննարկումները գաղտնապահական են, ուստի մանրամասներ այդ մասին չներկայացրեց, միայն նշեց, որ ընդհանուր առմամբ համազեկուցողների` Հայաստան այցից հետոյի եւ մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետոյի հայտարարություններում մոտեցումները նույնն են: Հայտարարության համեմատաբար կոշտ մասի համաձայն` 2008-ի մարտի 1-ի դեպքերին առնչվող մարդկանց ձերբակալությունը, 10 զոհերի մահվան պատճառների չբացահայտումը շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը եւ բացասական ազդեցություն կարող են թողնել 2012-ի խորհրդարանական ընտրությունների վրա: Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ջոն Պրեսկոտը հայտարարությամբ են հանդես եկել ապրիլի 15-ին, որտեղ Հայաստանի իշխանություններին կոչ էին արել ընտրությունների հետ կապված եւ դատական ու ոստիկանական համակարգերում բարեփոխումների առումով խոսքից գործի անցնել: Բայց այս բոլորից ոչինչ գաղտնիք չէ, ըստ Դ. Հարությունյանի, քայլեր արվում են, պատշաճ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը ոչ ոք չի ժխտում եւ ոչ էլ` բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը. ամենօրյա տքնաջան աշխատանք է կատարվում, որքան էլ լրագրողները սենսացիաներ փնտրեն: Իսկ բանաձեւի կատարումը բխում է Հայաստանի շահերից, այդ ուղղությամբ էլ մերոնք աշխատում են: Որ արվողը բավարար չէ, ինչպես համազեկուցողներն են գտնում, ինքն էլ է այդ կարծիքի, դրա համար էլ աշխատում են: Ենթադրաբար` Հայաստանի հարցը քննարկման առարկա կդառնա մյուս նստաշրջանում, աշնանը:
Եղել է նաեւ եւս մեկ հարցի քննարկում մոնիտորինգի հանձնաժողովում` մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցի հետ կապված, այն դեռեւս սեւագիր տարբերակով է, եւ ներկայացված է` մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով գործադիր իշխանությունից: Մեկնաբանությունները Համարբերգը կստանա եւ հրապարակային կդարձնի իր զեկույցը հավանաբար մայիսին:
Նաիրա Զոհրաբյանը նորից ի մի բերեց այն ամենը, ինչի մասին նաեւ մանրամասներ էր փոխանցել «Ազգը»: Ադրբեջանցի պատվիրակներն իրենց մոտ տասը ելույթներում իննամյա երեխայի մահվան, ռազմագերիների եւ Ստեփանակերտի օդանավակայանի հարցերն էին դարձրել թիրախ` հայկական կողմին իրենց հայտնի եւ ստահոդ մեղադրանքներն ու սպառնալիքներն ուղղելով: Ն. Զոհրաբյանն իր ելույթներում պատասխանել է ադրբեջանական պատվիրակության ելույթներին, հայկական տեսակետը հնչեցրել, դիմել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Համարբերգին` վկայակոչելով ադրբեջանցի բարձր պաշտոնյաների բազմակի հայտարարությունները, որ իրենք կռմբակոծեն Ստեփանակերտ թռչող բոլոր քաղաքացիական ինքնաթիռները: Ի դեպ, այդ մտահոգությունը կիսել է նաեւ Համարբերգը: Էրդողանի ելույթին հերթագրված լինելու եւ հարց ուղղելուց զրկվելու պատմությունը եւս Ն. Զոհրաբյանը ներկայացրեց, (տես «Ազգի» ապրիլի 15-ի համարում)` որպես եզրակացություն մեկնաբանելով, թե Չավուշօղլուն, զբաղեցնելով ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնը, առաջնորդվում է ոչ թե ԵԽ հիմնարար արժեքներով, այլ այդ պաշտոնում թուրք-ադրբեջանական լոբբիինգով զբաղվելով: Այսինքն` նա ոչ թե ԵԽԽՎ նախագահ է, այլ թուրք գործիչ: Ն. Զոհրաբյանը պատրաստվում է դիմել նաեւ կանոնակարգային հանձնաժողով` շահերի բախման ինստիտուտի շրջանակում, քանզի Չավուշօղլուն իր երկրի վարչապետի համար ջերմոցային պայմաններ է ստեղծել` նրան ապահովագրելով հայկական պատվիրակության անդամների հարցերից: Մեր տեղեկացմանը, թե երեկ Չավուշօղլուն Անթալիայում ասել է` հայ պատվիրակները սխալ տեղեկատվություն են տարածում եւ զբաղվում մանիպուլյացիայով, ի պատասխան Ն. Զոհրաբյանը կրկնեց պատմությունը, ասելով, որ միայն Արմեն Ռուստամյանն է հարց տալու իրավունք ունեցել:
«Ազգի» հարցին, թե Էրդողանը Հայաստանի եւ սփյուռքի ուղղությամբ տարբեր հայտարարություններ արեց, որոնց ԵԽԽՎ ֆորմատով հնարավոր չէր պատասխանել, ինչպե՞ս պետք է դրանց պատասխանել, Դ. Հարությունյանը նկատեց, որ այստեղ եւս ոչ մի անակնկալ չկար` թուրքերի ոճն է բացահայտվում. Էրդողանի ոճը բացահայտվել է ոչ միայն հայ, այլեւ ֆրանսիացի պատվիրակին պատասխանելիս, իսկ այդ ոճը օբյեկտիվ մարդկանց մեջ որոշակի տպավորություն է ստեղծում, թե ի՞նչ երկրի եւ ի՞նչ գաղափարախոսության հետ մենք գործ ունենք: Ն. Զոհրաբյանն էլ հավելեց, որ իր համար ակնհայտ էր, որ Դավութօղլուի եւ Էրդողանի այդ կարգի պատասխաններն էին լինելու, սակայն կարեւոր էր, որ ԵԽԽՎ բազմաթիվ եվրոպացի պատգամավորների ներկայությամբ Զոհրաբյանը հանձնել է ցեղասպանության ենթարկված երեխաների նկարները եւ ասել այն, ինչ ուզում էր ասել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ