«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն առավել մոտ է եղել 1997-ին, քանի որ հնարավորություն կար լուծելու այնՙ որոշ տարածքներ հանձնելով Ադրբեջանին, կնքել հաշտություն, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետագայում որոշելու պայմանով»: Այդ մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ է առավելագույնս մոտ եղել հակամարտության կարգավորումը: Հարցին, թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, Հայաստանի առաջին նախագահն ասել է. «Քանի որ ղարաբաղցիները կարծում էին, որ դա քիչ է: Մոտեցումը մաքսիմալիստական էր: Նրանք կարծում էին, որ կարելի է էլի ապրել եւ ստանալ ավելին: Այսինքն, ոչ միայն ղարաբաղցիները, այլեւ իմ շրջապատը, իմ թիմի որոշ անդամներ: Նրանք չգնացին այդ ծրագրին: Ես իրենց ասացի` եթե կարծում եք, որ կա ավելի լավ լուծում, խնդրեմ, փորձեք: Ես չեմ կարող ձախողել այդ լուծումը: Փորձեք, տեսեք, թե ինչ կստացվի...»: Հարցին, պատկերացնո՞ւմ էին արդյոք Հայաստանում, թե ինչի կհանգեցնի Ղարաբաղի համար շարժումը, երբ սկսում էին, Տեր-Պետրոսյանն ասել է. «Ոչ, չէինք պատկերացնում: Երբ մենք սկսում էինք 1988-ին, որեւէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ Խորհրդային Միությունը կփլուզվի: Մենք ելնում էինք նրանից, որ կա ԽՍՀՄ, կա սահմանադրություն, եւ այդ սահմանադրության շրջանակներում մեզ թույլ էր տրված բարձրացնել հարց` դուրս բերել Ղարաբաղը Ադրբեջանի կազմից եւ ընդգրկել Հայաստանի կազմում: Նման նախադեպեր եղել են: Կարակալպակները մի քանի անգամ Ուզբեկստանից անցել են Ղազախստանին... Ղրիմը եւ այլն... Բայց դրա փոխարեն, փոխանակ ուշադիր քննարկի հարցը` խորհրդային ղեկավարությունը գնաց բախումների ճանապարհով: Նրանք զորքեր մտցրին, պարետային ժամ: Իհարկե, դրանից հետո գործընթացն ավելի արմատական դարձավ»:
«Ես լավատես եմ, վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, նորմալ երկիր կլինի», հայտարարել է Հայաստանի առաջին նախագահը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է տեսնում Հայաստանը 20 տարի անց: Նրա խոսքով, Հայաստանն այսօր մեկ խնդիր ունի, «աղավաղված իշխանությունը»: «Եթե Հայաստանին հաջողվի հաղթահարել այդ խնդիրը, կլինի «նորմալ, ազատ երկիր: Ե՛վ Ադրբեջանի հետ հարցերը, ե՛ւ Թուրքիայի հետ հարցերը կլուծվեն: Եթե Հայաստանը հայտնվի աղետի առջեւ, դա կլինի բացառապես մեր մեղքը», ամփոփել է Տեր-Պետրոսյանը:
Հ. Ա.