«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՉԱՐԱՇԱՀԵՑ ԻՐ ԴԻՐՔԵՐԸ

Նույն ժամին, երբ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարն ու մյուս անդամները ԱԺ-ում ամփոփում էին պատվիրակության աշխատանքները, «Հայացք» մամուլի ակումբում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն էր ամփոփում նույն պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Ամփոփելով նստաշրջանի արդյունքները` Փոստանջյանն ասաց, որ ԼՂ հարցով զբաղվող ենթահանձնաժողովը փաստացի չի գործել. քանի որ հանձնաժողովի նախագահը երկու օր հետո մեկնել է: «Չավուշօղլուի միջոցներով եւ ակտիվ գործունեությամբ ստեղծված ենթահանձնաժողովը դեռ չգիտեՙ ինչպիսի ապագա քայլեր մշակեն, երեւի որոշեցին գործունեությունը հետաձգել», ասաց Փոստանջյանը` հավելելով, որ սա միակ արդյունավետությունն էր ողջ նստաշրջանի ընթացքում:

ԱԺ պատգամավորը հավելում է, որ ԵԽԽՎ-ում զգուշանում են ԼՂ հարցի մասին խոսելիս. ադրբեջանցիների հարցերին ԵԽԽՎ գլխավոր քարտուղարն ու մարդու իրավունքների հանձնակատարը ձեռնպահ են մնում: Խնդիրը դիտարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության ներքո: Սա եվրոպացի պաշտոնյաների տեսակետն է: Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի` Թուրքիայի վարչապետ Էրդողանին հարցեր ուղղելու հնարավորությունից զրկելուն, Փոստանջյանն ասաց, որ ԵԽԽՎ ազգությամբ թուրք նախագահն ուղղակի չարաշահել է իր դիրքերը: Հայկական պատվիրակության հարցում-նամակին ի պատասխան ասել են, որ հարց տալու հերթականության խախտումը կանոնակարգի շրջանակներում էր:

Որ Չավուշօղլուն իր պաշտոնական դիրքն օգտագործում է ընդդեմ հայերի, Փոստանջյանը մեղադրում է նաեւ հայկական պատվիրակության մնացած անդամներին. «Երբ անցյալ տարի նախաձեռնեցի Չավուշօղլուի դեմ փաստաթուղթ, որով հայկական կողմը պետք է դեմ արտահայտվեր Չավուշօղլուի նախագահությանը, հայկական պատվիրակության մնացած անդամները չմիացան: Ավելին, նրանք ինձ փոխարինող կազմում էին գցել: Այսօր հայկական պատվիրակության անդամները կրում են նման գործունեության հետեւանքները»:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4