«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՂ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՇԱԽՄԱՏԸ»

Մեր զրուցակիցն է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի (ՔԳՀԱ) նախագահ, քաղաքագիտության դոկտոր (ՌԴ) Հայկ Սարգսի Քոթանջյանը

- Պարոն Քոթանջյան, Դուք քաղաքագիտության առաջին հայ դոկտորը դարձաք վերակառուցման ժամանակ ԽՍՀՄ-ի եւ ապա ՌԴ-ի ԲՈՀ-ի ցանկում «Քաղաքական գործընթացներ եւ ինստիտուտներ» մասնագիտության ընդգրկումից հետո, ինչպես նաեւ վերապատրաստվեցիք Եվրոպայի եւ ԱՄՆ-ի անվտանգային-քաղաքագիտական հեղինակավոր կենտրոններում: Պատմեցեք, խնդրեմ, Հայաստանում վերջերս գրանցված Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի եւ դրանում Ձեր դերի մասին:

- Ասոցիացիայի հիմնադիրները Հայաստանի առաջատար քաղաքագետներն են, որոնք հիմնականում Ռուսաստանի, Ամերիկայի եւ Եվրոպայի առավել առաջադեմ քաղաքագիտական դպրոցների հետ գիտական համագործակցության փորձ ունեն: Իմ գործընկերների համար, որոնց մեջ գերակշռում են երիտասարդ սերնդի մասնագետները, այժմեական է պրոֆեսիոնալ քաղաքագիտական միջավայրի եւ ինքնագործ քաղաքական մեկնաբանների գործունեության ոլորտի սահմանազատումը:

Ըստ այդմ, կազմակերպության կանոնադրության մեջ հիմնական նպատակ է հռչակված օժանդակությունը հայկական քաղաքագիտության գիտական հիմքերի եւ ավանդույթների ձեւավորմանը, քաղաքագիտական կրթության եւ ուսուցման զարգացմանը, քաղաքագետների գործունեության մասնագիտական եւ բարոյագիտական նորմերի արմատավորմանը, քաղաքագիտության փորձագիտական ներուժի զարգացմանը, ինչպես նաեւ արտերկրի համանման կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության ընդլայնմանը:

Ես նախագահում եմ ասոցիացիայի խորհրդի նիստերում, ըստ ամերիկյան չափանիշներիՙ խորհրդի չեյրմենն եմ (ատենապետ): Գործադիր տնօրեն է ընտրված ԱՄՆ Թաֆտսի համալսարանի դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի շրջանավարտ, գիտությունների երիտասարդ թեկնածու Բենիամին Պողոսյանը:

- Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում դրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ գործողությունները կծավալվեն այնպես, որ բացառվի Հայաստանում ներքին անկայունության հրահրումը, որպեսզի Ադրբեջանին հնարավորություն չտրվի դրանից օգտվելով նոր պատերազմ սանձազերծել: Որպես պրոֆեսիոնալ քաղաքագետ եւ քաղաքական գիտության ասոցիացիայի նախագահՙ ինչպե՞ս եք վերաբերվում տվյալ հայտարարությանը:

- Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն արժանի է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր կոչմանը եւ հասարակական կարգավիճակին: Այն արտացոլում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ համաշխարհային հայության ազգային անվտանգության շահերի անվիճարկելի գերակայության հարցում իշխող ընտրախավի եւ ընդդիմադիր հակաընտրախավերի միջեւ համաձայնության ձեւավորման հնարավորությունը:

Իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության ռազմավարական գերակայությունների հիման վրա երկխոսություն կառուցելու հնարավորությունը լիովին արտահայտում է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, որը առաջնակարգ կարեւորություն է տալիս հայ ժողովրդի անվտանգության շահերին:

- Դուք ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի առաջին նախագահի գործունեությունն անցյալում:

- Ոչ միանշանակ:

Նոր անկախ հայկական պետականության հիմքերի ստեղծման գործում առաջին նախագահի ծառայություններն անվիճելի են: Նրա օրոք Ղարաբաղի ազգային ազատագրական շարժման առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ համագործակցությամբ ընդհանուր քաղաքական հաղթանակ ձեռք բերվեց Լեռնային Ղարաբաղում օրինապատշաճ հանրաքվեի անցկացման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման գործում: Նրա օրոք ստեղծվեցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը: Ղարաբաղի ռազմաճակատներում ռազմական հաղթանակը նույնպես ձեռք բերվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ:

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել ազգային-պետական շինարարության մեջ առաջին նախագահի թույլ տված լուրջ սխալները, որոնք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական, սոցիալական եւ քաղաքական կյանքի այսօրվա դժվարությունների հիմքը դարձան:

Հայեցակարգային առումով սահմանափակ խորհրդային կենսակերպի բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանն առաջատար դիրքեր էր զբաղեցնում ճշգրիտ մեքենաշինության եւ էլեկտրոնիկայի մի շարք ճյուղերում, այդ թվումՙ ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրում: Տեխնիկապես ու տեխնոլոգիապես առաջատար տնտեսությանը համապատասխանում էր Հայաստանի հասարակության սոցիալ-մասնագիտական զարգացած կառուցվածքը: Այս առումով հատկանշական է այն փաստը, որ 1980-ականներին Հայաստանը 1000 մարդուն ընկնող բարձրագույն որակավորման մասնագետներիՙ գիտությունների դոկտորների ու թեկնածուների տեսակարար կշռով առաջին տեղն էր զբաղեցնում ԽՍՀՄ հանրապետությունների մեջ:

Մինչդեռ, առաջին նախագահի իշխանության տարիներին, որը մի շարք երիտասարդ, ձիրքաշատ անհատներից բացի պետության կառավարմանը մասնակից դարձրեց բազմաթիվ ապաշնորհ քրեական պոպուլիստների, տնտեսության եւ սոցիալական քաղաքականության բարեփոխման սկզբունքային սխալների պատճառով Հայաստանն սկսեց վերածվել այնպիսի պետության, որի տնտեսության մեջ փաստորեն դադարեց գործել գիտատար արդյունաբերությունը: Այստեղ անհրաժեշտ է վերապահություն անել եւ մատնանշել ԽՍՀՄ լուծարումից հետո արտադրության տեխնոլոգիապես առաջադեմ ճյուղերի անկման որոշ օբյեկտիվ պատճառների գոյությունը հետխորհրդային ողջ տարածքում: Օրինակՙ մատակարարումների շղթայի խզումը, Մոսկվայի դոտացիոն աջակցության դադարեցումը, 1980-ականներին համակարգչային համակարգերի դանդաղ ներդրման պատճառով արդունաբերության որոշ ոլորտների ցածր մրցունակությունը եւ այլն:

Սակայն սեփականաշնորհման ռազմավարության ու մարտավարության մեջ թույլ տված սխալները, ինչպես նաեւ նախկին խորհրդային հանրապետություններում գործընկերների հետ շփումների անհեռատես սառեցումը այդ ժամանակաշրջանում դարձան բարձր տեխնոլոգիական տնտեսության փլուզման եւ ազգային անվտանգության ռեսուրսների փոշիացման անհամեմատ ավելի կարեւոր գործոններ: Սեփականաշնորհմանը մասնակից դարձան պատահական մարդիկ, որոնք հաճախ շահագրգռված էին միայն ձեռքբերված արտադրական ակտիվները որպես մետաղի ջարդոն վաճառելով: Մասնավորեցման մյուս կարեւոր վրիպումը դարձավ սակավահող Հայաստանի պայմաններում գյուղատնտեսության սխալ բարեփոխումը, որի հետեւանքով տեղի ունեցավ հողային ֆոնդի եւ մեքենայացման միջոցների անարդյունավետ տրոհումՙ ճյուղի հետագա աստիճանական անկմամբ: Տվյալ գործընթացները խորացան Ադրբեջանի կողմից Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանների երկայնքով պարտադրած պատերազմի եւ հաղորդակցության ուղիների շրջափակման փորձի պատճառով:

Իշխանության եկած Հայոց համազգային շարժման սխալների մեջ, իմ կարծիքով, առանձնահատուկ տեղ էին գրավում Հայաստանի եւ Սփյուռքի առավել ազդեցիկ շահագրգիռ խմբերի (groups of interests) եւ քաղաքական կուսակցությունների միջեւ հավասարակշիռ համազգային երկխոսության հաստատման գործում թույլ տրված սխալները: ՀՅԴ-ի հետապնդումը եւ դրա ղեկավարների ձերբակալությունը, Սփյուռքի մյուս հեղինակավոր ուժիՙ Ռամկավար ազատական կուսակցության թուլացման փորձերը եւ մի շարք համանման քայլեր ազգային պետականության կազմավորման փուլում Հայաստանի սկզբնավորվող քաղաքական մշակույթում հակամարտության տարրեր մտցրին, ինչն արտահայտվում է Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության քաղաքականության հիմնական սուբյեկտների փոխհարաբերություններում:

- Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանի հասարակությունում սոցիալական բարձր լարվածության պատճառները:

- Անկախացումից հետո Հայաստանի տնտեսությունը ժամանակին չվերակողմնորոշվեց դեպի համագործակցության մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների հետ, մի տարածաշրջանի, որը եղել է եւ ներկայումս էլ մնում է շուկա ԽՍՀՄ պաշտպանական-արդյունաբերական համալիրի եւ նրա ժառանգորդ` Ռուսաստանի արդիականացված պաշտպանական արդյունաբերության արտադրանքի իրացման համար, մինչդեռ Հայաստանի` այդ տարիներին մասամբ թալանված ճշգրիտ մեքենաշինության համալիրը եւ այդ շրջանում զգալի չափով թուլացած գիտատեխնիկական հանրությունը եղել էին այդ համալիրի մի մասը:

Պետական իշխանության մասնագիտական անիրազեկության հետեւանքով Խորհրդային Հայաստանի արտադրական կարողությունների փլուզումը, իշխանական կառույցներում ժողովրդավարության ամբոխավարական իմիտացիայի քողի տակ առկա չարաշահումներն ու կաշառակերությունը հանգեցրին զանգվածային գործազրկության, սոցիալ-մասնագիտական կառուցվածքի աղետալի փոխակերպմանը եւ հայ հասարակության բեւեռացմանը, մասնագետների արտագաղթին, բիզնեսի մենաշնորհացմանը եւ օլիգարխացմանը, ինչպես նաեւ դժվարությունների` տնտեսության կայուն զարգացման, աշխատատեղերի համակարգի պլանավորման, մասնագետների պատրաստման եւ աշխատանքի տեղավորման ոլորտներում:

Վերջին հաշվով, անցյալի եւ ներկայի հենց նման սխալներով ու չարաշահումներով է պայմանավորված Հայաստանի հասարակության մեջ առկա սոցիալական լարվածությունը:

- Դուք ինչպե՞ս եք վերաբերվում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջերս հայտարարած հացադուլին:

- Րաֆֆին Հայոց Սփյուռքի առավել կրթված եւ հայրենասեր ներկայացուցիչներից է, որը Հայաստանում քաղաքական գործունեության ռիսկերը նախընտրեց ԱՄՆ-ում կանխատեսելի մասնագիտական կարիերայից:

Դրա հետ մեկտեղ հարկ է նշել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական քայլի ոչ հակամարտային, բարեկիրթ բնույթը, որը տեղավորվում է մարդու քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների բնագավառի միջազգային նորմերի, մեր ազգային պետության հիմնական օրենքում արտացոլված իրավունքների եւ ազատությունների համակարգում: Որպես քաղաքագետ ես հիմքեր չունեմ վիճարկելու նրա կողմից քաղաքական պայքարի ոչ բռնի միջոցների ընտրությունը հանուն Հայաստանում ժողովրդավարության եւ առաջադիմական զարգացման:

- Ի՞նչ կասեիք քաղաքականությունում շախմատ խաղալու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին:

- Անշուշտ, դա քաղաքական նախասիրությունների պատկերավոր արտահայտություն է: Իմ կարծիքով, այստեղ արժե վերհիշել արդիական քաղաքական ռազմավարության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկիՙ Սըր Ուինստոն Չերչիլի քաղաքագիտական առումով անթերի ասույթը. «Պետական այրերին հուզում է գալիք սերնդի ճակատագիրը: Քաղաքական գործիչներին հուզում է գալիք ընտրությունների արդյունքը»:

Կարեւոր է, որ իշխանությունները եւ ընդդիմությունը (տվյալ դեպքում ի դեմս գործող եւ առաջին նախագահների) առանձին-առանձին հրապարակավ արտահայտվեցին իրենց գլխավորած ուժերի ռազմավարական շահերից մեկի համընկնելու մասին: Խոսքը առանց Հայաստանի ներքաղաքական կայունությանՙ մեր ազգային անվտանգության գլխավոր գերակայություններից մեկի խախտման սպառնալիքի քաղաքական պայքարը շարունակելու կարեւորության մասին է: Այս իմաստով երկու առաջնորդների քաղաքականության մեջ շախմատը խորհրդանշում է ռազմավարության եւ երկարաժամկետ ազգային շահերի գերակայությունը մարտավարության եւ իրավիճակային անսկզբունք քաղաքականության նկատմամբ:

Քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների միջեւ նշմարվող երկխոսության զարգացման դեպքում մեր ազգային քաղաքական մշակույթի հարստացման շահերի տեսակետից ազգային անվտանգության ռազմավարական գերակայություններից մեկը կարող էր համարվել պաշտոնաթող նախագահների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում կարեւոր եւ պատվավոր դերերի կատարումն օրինականացնելու հնարավորությունըՙ աշխարհի շատ պետությունների դրական փորձի ստեղծագործաբար իմաստավորմամբ:

- Ինչպե՞ս կբնութագրեիք ազգային անվտանգության համար պատասխանատու երկխոսություն սկսելու Հայաստանի նախագահների կոչը:

- Ելնելով համազգային երկխոսությանը եւ համախմբմանը ուղղված կոչից, որպես մեր պետության ազգային անվտանգության գերակայություններն արտահայտող ռազմավարական նպատակ կարելի է հռչակել հետեւյալ հիմնարար սկզբունքը. «Հայաստանը իրավունք չունի պարտվելու եւ ոչ մի պատերազմում»:

Այս սկզբունքը միավորում է աշխարհի հայությանը եւ առանձնակի հրատապություն է ստանում պատերազմը վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքների կապակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին, ոճիր, որի մեջ Օսմանյան կայսրության հետ մեկտեղ որոշակի դերակատարություն է ունեցել նաեւ 1918թ. ինքնահռչակված Ադրբեջանը:

Համազգային անվտանգության տվյալ սկզբունքը կարող է հիմք դառնալ ռազմավարական կոնսենսուսի հասնելու համար` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Սփյուռքի հավաքական հզորության ցանցային համախմբմամբ:

Ռուս. թարգմ. Պ.Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4