«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


ՄԻ՞ԹԵ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՏԸՆԹԱՑ Է ԱՊՐԵԼ

Իրականությունն ու տարբեր աղբյուրներ հակառակն են փաստում

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ապրիլի 13-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած 2010-2011-ի գլոբալ տեխնոլոգիաների հաշվետվության մեջ Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսով զբաղեցրել է 109-րդ տեղը, երբ նախորդ տարի 101-րդ տեղում էր: Թվում էր, թե այս տարվա զեկույցը պետք է արձանագրեր մեր երկրի նկատելի առաջընթացը: Ինչո՞ւ:

Հայաստանում ինտերնետ հասանելիության խնդիրը «Արմենտելի» մենաշնորհի տարիներին էր անլուծելի թվում: Սակայն կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհի վերացումը բարենպաստ ազդեցությունն ունեցավ նաեւ տվյալների փոխանակման վրա, այսինքն ինտերնետ հասանելիության զարգացման համար: Մեկ ընկերության փոխարեն այսօր մեծածախ ինտերնետ են մատակարարում երեք ընկերություն, որոնցից մեկը իր գործունեությունը սկսել է 2009-ին: Ակնհայտ է, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում զարգացումներն այստեղ ավելի մեծ թափով են ընթանում: Ասվածն ավելի առարկայական դարձնելու համար ներկայացնենք Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից, Հայաստանում «Մայքրոսոֆթի» ներկայացուցչությունից, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացած տեղեկատվությունը:

Եթե 2009-ի վերջում 1 Մբիթ/վ արագագործ ինտերնետի մեծածախ գինը 234 հազար դրամ էր, ապա 2010-ի վերջում 71 հազար դրամ էր: Այս տարվա առաջին եռամսյակին արդեն 1 Մբիթ/վ ինտերնետի գինը կազմում է 55 հազար դրամ: Գների նման նվազումը բնականաբար բերել է սպառման ծավալների աճի: Եթե 2009-ի վերջում Հայաստանը ընդհանուր առմամբ սպառում էր շուրջ 3,2 Գբիթ/վ, ապա 2011-ի առաջին եռամսյակի արդյունքներով` 11,3 Գբիթ/վ ինտերնետ: Ավելացել է նաեւ սպառողների թվաքանակը: Ըստ պաշտոնական վիճակագրության, եթե 2009-ի վերջին Հայաստանում արագագործ ինտերնետի սպառողների թվաքանակը 70 հազար էր, ապա 2010-ի վերջին այդ թիվն ավելացավ 2,5 անգամ, կազմելով 173 հազար: Արդեն այս տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով, արագագործ ինտերնետի սպառողների թիվը 235 հազար էր: Համակարգիչների թվի աճը նույնպես զգալի է: 2010-ին Հայաստանում վաճառվել է շուրջ 90 հազար նոր համակարգիչ, երբ 2009-ին վաճառվել էր ընդամենը 28 հազար:

Վերոնշյալ ցուցանիշները թեեւ բավարար չեն ասելու համար, որ մենք արդեն դարձել ենք տեղեկատվական հասարակություն, բայց չի կարելի չնկատել, որ դրական տեղաշարժն իսկապես փոքր չէ: Հարկ ենք համարում հիշեցնել, որ այս բնագավառի զարգացման ուղղությամբ մի շարք քայլեր են արվել նաեւ կառավարության կողմից: Մասնավորապես Հայաստանի կառավարությունն անցել է էլեկտրոնային կառավարման համակարգի, ներդրվել է էլեկտրոնային ստորագրությունը: Էլեկտրոնային են դարձել լիցենզիաների տրամադրումը, ձեռնարկությունների գրանցումը, հարկային հաշվետվությունների տրամադրումը եւ այլն: Այս գործընթացը շարունակվում է նաեւ այլ ոլորտնեում: Հայաստանում «Վիվասել-ՄՏՍ»-ն անցյալ տարի ներդրեց «Երկարաժամկետ էվոլյուցիայի»` (LTE) տեխնոլոգիաների վրա հիմնված չորրորդ սերնդի (4G) լայնաշերտ ծառայությունների ցանցը: Այս ամենից հետո մեր երկրի հետընթացը Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցում իսկապես որ զարմանալի է թվում:

Երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ զեկույցի այդ գնահատականի իրական պատճառներից մեկի մասին խոսեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Նա քննադատեց համաշխարհային տնտեսական ֆորումի հարցմանը մասնակցած գործարարներին, որոնք միայն դժգոհում են տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մակարդակից, անտեղյակ լինելով կատարված փոփոխություններից եւ չեն ձգտում իրենց բիզնեսում կիրառել այս ոլորտի նորությունները: Նրանց պատասխաններն էլ այս գնահատականի հիմքերից են դարձել:

Ի դեպ, Հայաստանում ինտերնետի օգտագործման ցուցանիշների վերաբերյալ շատ ավելի արժանահավատ տվյալներ է հրապարակել ինտերնետային վիճակագրություն վարող Internet World Stats ոչ պակաս հեղինակավոր գործակալությունը: Համաձայն այդ տվյալների, 2010-ի հուլիսի դրությամբ Հայաստանում գրանցվել է ընդհանուր առմամբ մոտ 1,4 մլն ինտերնետ օգտագործող (ներառյալ բջջային հեռախոսներով ինտերնետից օգտվողները): Այս ցուցանիշով մեր երկիրը 7 անգամ գերազանցել է 2009-ի 191 հազար ինտերնետ օգտագործող ցուցանիշըՙ 258 երկրների մեջ զբաղեցնելով 76-րդ հորիզոնականը: Ընդ որում, ինտերնետ օգտագործողների տեսակարար կշռով Հայաստանը նախկին խորհրդային երկրներից հետ է մնում միայն մերձբալթյան երեք հանրապետություններից, իսկ մյուսներն այս ցուցանիշներով զիջում են մեզ:

Մնում է միայն ենթադրել, որ Համաշխարհային տնտեսական ֆորումի հաջորդ զեկույցում արտացոլված կլինեն վերոնշյալ փոփոխությունները, իսկ մեր երկրի առաջընթացը 2011-ին ավելի մեծ կլինի արդեն 2010-ի համեմատ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4