«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


«ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳՈՒ ԷԿՈԼՈԳԻԱ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ցեղասպանության թանգարանի այգու հարակից տարածքում հիմնվեց սոսիների պուրակ: Ապրիլի 16-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպությունների ասոցիացան 300 սոսի տնկեց նոր պուրակում, ծառատունկին մասնակցեց նաեւ ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը :

Ծառատունկը անցյալ տարվա մարտի 30-ին ՀՀԿ եւ ՌՀՄ նախաձեռնությամբ մեկնարկած «Անմեղ նահատակի հիշատակին» շարժման շրջանակներում է: Շարժման նպատակն է մինչ Հայոց ցեղասպանանության 100-ամյա տարելիցը Հայաստանի ողջ տարածքում տնկել 1,5 մլն ծառ: «Սա համախմբող նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Անչափ կարեւոր կլինի, որ յուրաքանչյուր հայ իր մեկ ծառը տնկելով մասնակից լինի այս նախաձեռնությանը: Հատկանշական է նաեւ երիտասարդության այսքան բարձր մակարդակի մասնակցությունը: Վստահ եմ, որ նրանք հետագայում հիշելու են այս օրը եւ այս օրով` մեր ժողովրդի պատմությունը, նրա միասնական լինելը: Ինձ ուրախացնում են նաեւ երիտասարդների ջանասիրությունն ու ուրախ տրամադրությունը, քանի որ ամեն մի գործում պետք է ներդնես հոգիդ, որպեսզի գործն այդ հաջողություն ունենա», այս տարի իր առաջին ծառը տնկելով` ասաց Արա Աբրահամյանը: Ի դեպ, ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահը, ծնված լինելով գյուղացու ընտանիքում, իր իսկ խոսքերով, 5 տարեկանից ծառ է տնկում. «Ամեն տարի մենք Մոսկվայում շուրջ 1000 ծառ ենք տնկում, եւ այսօր Հայաստանում այս տարվա առաջին ծառատունկին եմ մասնակցում», նշեց Աբրահամյանը:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Թովմաս Թովմասյանը նշեց, որ իրենց այգում կան արդեն մի քանի ծառատեսակների պուրակներ, եւ նոր` սոսիների պուրակի ստեղծումը խիստ կարեւոր է նաեւ էկոլոգիական տեսանկյունից: Էկոլոգիայի կարեւորության մասին խոսեց նաեւ ծառատունկին մասնակից, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը. «Այս նախաձեռնությունը մեզ համար ե՛ւ բնության, ե՛ւ հոգու էկոլոգիա է», ընդգծեց Անանյանը:

Ծիծեռնակաբերդի բարձունքի փեշին տնկված 300 սոսիները արդեն գոյություն ունեն: Նրանցից յուրաքանչյուրը խորհրդանշում է նահատակված մեկ հայի, որին հիշում, հիշատակին խոնարհվում է այսօրվա երիտասարդ հայը: Դրանցից յուրաքանչյուրը մեկ տոկոսով առնվազն լուծում է «անապատացող» Հայաստանի էկոլոգիական խնդիրները, ամեն տնկած ծառով հայ մարդը էլ ավելի է կապվում բնությանը, հասարակական գործունեության մեջ ներառվում: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ հեռանալիս ծառատունկին մասնակից գրեթե բոլոր երիտասարդները ուշադրությամբ հետեւում էին ճանապարհին` պուրակի տեղը ճիշտ հիշելու համար: Մեր առանձին զրույցներում նրանցից շատերը խոստովանեցին, որ անպայման հաճախ այցելելու են` տեսնելու իրենց տնկած սոսիների պուրակը: Իսկ մինչ այդ պուրակի մշակումը հանձն առավ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը. փոխտնօրեն Թովմասյանը վստահեցրեց, որ պուրակը երբեք անմշակ չի մնա: Երբ հեռանում էինք, նորատունկ սոսիներն արդեն սկսեցին ջրվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4