«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՄԱՆՏԻԿ, ՍԱԿԱՅՆ ԲԱՐԴ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է

Քչերը գիտեն, որ աշխարհում 250 հայազգի աստղագետներ կան, իսկ աստղագիտության մակարդակով Հայաստանը 20 առաջատար երկրների թվում է: Մեզանում նույնիսկ կան մարդիկ, որոնք մտածում են, թե Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանն այլեւս չի գործում: Մարդիկ գիտության, այդ թվում եւ աստղագիտության ոլորտի նորություններին իրազեկ չեն, քանի որ գիտության ոլորտն հավուր պատշաճի չի լուսաբանվում: Որ գիտությունը լուսաբանելու մեջ լրագրողները շահագրգռված չեն, իսկ հասարակությունն էլ ինչ-որ առումով անտարբեր է դարձել գիտական նորությունների հանդեպ, դա միայն լրագրողների մեղքը չէ: Դրանում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը տեսնում է նաեւ գիտնականների մեղավորությունը. «Հայաստանում գիտության PR-ը շատ թույլ է: Գիտնականներս պարտավոր ենք մամուլին պարբերաբար ներկայացնել մեր արդյունքները, եւ ներկայացնել հանրամատչելի լեզվով»:

Գիտությունն ավելի լավ լուսաբանելու եւ ոլորտի խնդիրներին ու նորություններին հասարակությանն իրազեկ դարձնելու նպատակով անցյալ տարի կազմվեց գիտական լրագրության խումբ, որի մեջ ընդգրկված են գիտության մասին գրող լրագրողները:

Ապրիլի 16-ին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց գիտական լրագրության մեկօրյա սեմինար, որի ժամանակ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը նախ անդրադարձավ աստղագիտության ու աստղադիտարանի ներկայիս վիճակին: Նրա խոսքով` ինտերնետային կայքերում եւս գիտության ոլորտը պետք է լավ ներկայացվի: Իսկ լրագրողների առաջին քննադատությունը վերաբերում էր Բյուրականի աստղադիտարանի կայքին (bao.am), որն ընդամենը կցկտուր ինֆորմացիա է պարունակում: Կայքի նման վիճակի պատճառը, ըստ պարոն Միքայելյանի, գումարի պակասն է:

Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն էլ նշեց, որ աստղադիտարանի խնդիրները հիմնականում կապված են ֆինանսների անբավարարությանը: Աստղադիտարանին պետական բյուջեից տարեկան հատկացվում է 63 միլիոն դրամ: Բնականաբար, անկախության տարիներին աշխատանքային հաստիքները կրճատվել են: «Ներկայումս աստղադիտարանը 85 աշխատակից ունի, բայց պետականորեն ֆինանսավորվում են 68 հոգին», ասում է Հայկ Հարությունյանը եւ հավելում, որ աստղագիտությունը պետք է զարգանա պետական ֆինանսավորման միջոցով. «Չի կարելի ենթակառուցվածք պահպանել միջազգային դրամաշնորհներով: Աստղադիտարանը պետական սեփականություն է, որը պետք է պահպանի պետությունը»:

Աստղագիտությունը թանկ գիտություն է, կան երկրներ, որտեղ աստղագիտություն ընդհանրապես չկա: Ներկայումս աստղագիտության մեջ առաջատար է Միացյալ Նահանգները: Իսկ ամենամեծ աստղադիտակը, որի հայելու տրամագիծը 10,4 մետր է, գտնվում է Կանարյան կղզիներում: Թեեւ աստղագիտության մակարդակով մեր երկիրը 20 առաջատար երկրների շարքում է, սակայն Բյուրականի աստղադիտարանն այսօր արդեն միջակ է համարվում: «Մենք հետ ենք մնում, որպես ենթակառուցվածք Բյուրականի աստղադիտարանը բավականին վատթար վիճակում է», նշում է Արեգ Միքայելյանը:

Շաբաթ օրը սեմինարի մասնակիցները եղան նաեւ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում, շրջեցին աստղադիտարանում եւ հնարավորություն ունեցան տեսնելու նաեւ Բյուրականի խոշորագույն աստղադիտակը, որը 2,6 մետր է: Արեգ Միքայելյանի փոխանցմամբ` այն կառուցվել է 1975-ին, իսկ պաշտոնական բացումը եղել է 1976-ին, ժամանակին դիտակի կառուցման ծախսերը կազմել են 8 միլիոն ռուբլի: Ներկայումս դիտումների համար աստղադիտարանը շատ հայտեր է ստանում, եւ յուրաքանչյուր աստղագետի առանձին ժամանակ է հատկացվում: Պարոն Միքայելյանը նշում է, որ վիճակագրության համաձայն, աշխարհում աստղադիտակները դիտումներին չեն բավարարում. հայտերը բազմաթիվ են: Կրկին խոսելով հայաստանյան խոշորագույն դիտակից` Ա. Միքայելյանն ասում է, որ ինչ-որ առումով այն արդեն հնացել է:

Ինչեւէ, աստղագիտության խնդիրներն ու նորությունները բազմաթիվ են, իսկ պատմությունը` շատ հետաքրքրական, ու եթե մեր երկրում կա նման գիտություն, ապա հարկավոր է պահպանել այն ու խթանել դրա զարգացումը: Եվ ինչպես նշեց աստղադիտարանի տնօրենը. «Վիկտոր Համբարձումյանի համար իր տունն ու արձանը շատ կարեւոր չէին, նրա համար կարեւոր էր, որ իր արած գործը շարունակվեր նաեւ հետագայում»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Բյուրական-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4