Մոտենում է Լիրիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, որը կդիտվի ապրիլի 21-22-ի գիշերվա երկրորդ կեսին Քնարի (Լիրայի) համաստեղության ուղղությամբ (Կարապի համաստեղության հարեւանությամբ), երկնքի ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ: Այդ տիրույթում է գտնվում ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ռադիանտ: Լիրիդների հոսքն արդեն սկսվել է եւ ընդհանուր առմամբ տեւում է 10 օր` ապրիլի 16-26-ը, սակայն ապրիլի 21-22 գիշերը միայն դրանք ուժեղ արտահայտված կլինեն` հոսքի ինտենսիվությունը մաքսիմումում կհասնի ժամում 10 ասուպի: Լիրիդների դիտումները սկսվել են դեռեւս 2600 տարի առաջ, ինչն ամենահինն է բոլոր ասուպային հոսքերի մեջ: Լիրիդները ժամանակ առ ժամանակ բռնկում են` հասնելով ժամում մինչեւ 100 ասուպի, ինչի պատճառները հայտնի չեն: Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, եւ վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են եւ ընկնող աստղեր հիշեցնող հետքեր թողնում: Սովորաբար երկնաքարերի չափերը շատ փոքր են, նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերեւույթին, միայն հազվագյուտ դեպքերում է որեւէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Պերսեիդները, Լեոնիդները եւ Գեմինիդները:
Աստղագետ