«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ ՈՒ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԻՆ

Կազանում վերջնագիծը հատեց ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 5-րդ տեղը: Մեր ծանրորդները երկամարտի արդյունքով նվաճեցին 3 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Ի տարբերություն անցյալ տարի Մինսկում կայացած Եվրոպայի առաջնության, որտեղ հայ ծանրորդներից երկուսն արժանացան չեմպիոնի տիտղոսին, այս անգամ մեր 10 ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց կանգնել պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Սպասելիքները մեծ էին նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Պողոսյանից: Վերջինս Մինսկում երկամարտի 369 կգ (165+204) արդյունքով չեմպիոն էր հռչակվել մինչեւ 85 կգ քաշային կարգում: Իսկ ահա Կազանում նա հանդես եկավ իր համար նորՙ մինչեւ 94 կգ քաշային կարգում: Իհարկե, Գեւորգին դժվար էր միանգամից հարմարվել քաշային նոր կարգին եւ պայքարել ուժեղագույնի տիտղոսի համար: Նա երկամարտի 389 կգ (173+216) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Պողոսյանը յուրաքանչյուր վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում կատարեց: Պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ նա բարձրացրեց 173 կգ, իսկ հետո ձախողվեց 178 կգ-ը բարձրացնելիս: Եթե ծանրաձողը ենթարկվեր նրան, Գեւորգը պոկում վարժությունում բրոնզե մեդալի փոխարեն ոսկե մեդալ կստանար:

Հրում վարժությունում էլ նա միայն 2-րդ մոտեցումը հաջող կատարեցՙ բարձրացնելով 216 կգ, ինչը նրան կրկին բրոնզե մեդալ պարգեւեց: Իսկ ահա 220 կգ-անոց ծանրաձողը գլխավերեւում պահել չհաջողվեց: Այլապես հայ ծանրորդը կնվաճեր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, որը բաժին հասավ ռուսաստանցի Անդրեյ Դեմանովինՙ 391 կգ (171+220): Արծաթե մրցանակակիր դարձավ մոլդովացի Անատոլի Կիրիկունՙ 390 կգ (173+217):

Հայաստանին վերջին մեդալները պարգեւեց Հռիփսիմե Խուրշուդյանը: Անցյալ տարի մինչեւ 75 կգ քաշային կարգում նա Եվրոպայում 3-րդ մրցանակակիր էր դարձել: Կազանում հանդես գալով 75 կգ-ից բարձր քաշային կարգում, Հռիփսիմեն երկամարտի 254 կգ (114+140) արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոնուհի հռչակվեց: Ինչպես տեսնում ենք, Կազանում նա 19 կգ պակաս բարձրացրեց, քան մեկ տարի առաջ Մինսկում: Եվս մեկ ուշագրավ փաստ. Հռիփսիմեն 76 կգ-ով զիջեց Եվրոպայի չեմպիոնուհի, ռուսաստանցի Տատյանա Կաշիրինային: Վերջինս մրցակցությունից դուրս էր ու ֆենոմենալ արդյունքի հասավ: Նա երկամարտում ցույց տվեց 327 կգ (146+181) արդյունք: 20-ամյա մարզուհին, որ 3-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը, համաշխարհային երկու ռեկորդ սահմանեց պոկում վարժությունում եւ երկամարտում: Իսկ նրա ցուցանիշներն առանձին վարժություններում եւ երկամարտում համաշխարհային նոր ռեկորդներ էին մինչեւ 23 տարեկան կանանց շրջանում:

Հայաստանի վերջին պատվիրակըՙ Արթուր Բաբայանը մինչեւ 105 կգ քաշային կարգում երկամարտի 380 կգ (170+210) արդյունքով գրավեց 8-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Հաջիմուրադ Ակաեւըՙ 425 կգ (195+230): 2-րդ տեղը գրավեց վրացի Գիա Մաչիվարիանինՙ 400 կգ (183+217): Բրոնզե մեդալակիր դարձավ լեհ Բարտոլոմեյ Բոնկըՙ 394 կգ (180+214):

Եվ վերջապես գերծանրքաշային ծանրորդների մրցավեճում ուժեղագույն ճանաչվեց ռուսաստանցի Դմիտրի Լապիկովըՙ 419կգ (192+227): Արծաթե մեդալը նվաճեց ուկրաինացի Իգոր Շիմեչկոնՙ 412 կգ (195+217): Բրոնզե մրցանակակիրը չեխ Ժիրի Օրսագն էՙ 410 կգ (184+226):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4