«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ 6 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻՆ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային 2-րդ մրցաշարը: Մրցումների վերջին օրը հայտնի դարձան հաղթողներն ու մրցանակակիրները:

Եզրափակիչում բոլորից շատՙ 11 ներկայացուցիչ ուներ Հայաստանը: Հայ բռնցքամարտիկներից վեցը դարձան մրցաշարի հաղթողներՙ պարգեւատրվելով 5 հազարական դոլարով: Մինչեւ 49 կգ քաշային կարգում եզրափակիչում մրցեցին Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանն ու 2009-ի պատանիների աշխարհի չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը: Համառ մրցապայքարում 28-22 հաշվով հաղթեց Սողոմոնյանը:

Մինչեւ 52 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Դերենիկ Գիժլարյանը, որի մրցակիցն ուզբեկ բռնցքամարտիկ Ժաստուբեկ Լատիպովն էր: Մինչեւ 56 կգ քաշայինների եզրափակիչը վերածվեց հայաստանցի բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովի եւ Արամ Ավագյանի դիմակայության: Ավելի դիպուկ գտնվեց Բաչկովը, որն էլ արժանացավ 5000 դոլար պարգեւավճարի:

60 կգ քաշայինների մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Վլադիմիր Սարուխանյանին, որը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճել է աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը: Նա պարտության մատնեց ղազախ Գանի Զնայլայովին: 64 կգ քաշայինների եզրափակիչը չկայացավ: Հրաչյա Ջավախյանի մրցակիցըՙ չեխ Զլադեկ Զդենեկը վնասվածքի պատճառով չկարողացավ ռինգ դուրս գալ: Հաղթանակը շնորհվեց Հրաչյա Ջավախյանին: Նրան հանձնվեց նաեւ մրցաշարի լավագույն բռնցքամարտիկի համար նախատեսված մրցանակը:

Մինչեւ 69 կգ քաշային կարգում Սամվել Մաթեւոսյանին բաժին էր հասել շատ ուժեղ մրցակիցՙ աշխարհի կրկնակի չեմպիոն, ղազախստանցի Սերիկ Սապիեւը: Վերջինս արդեն 2-րդ ռաունդում հաղթեց մրցակցին: Մինչեւ 75 կգ քաշային կարգում ուժեղագույնն Արթուր Խաչատրյանն էր: Նա միավորներով առավելության հասավ ուկրաինացի Ալեքսանդր Գանզուլվայի նկատմամբ:

Մինչեւ 91 եւ 91 կգ-ից բարձր քաշային կարգերում Ազատ Դավթյանն ու Արմեն Սիմոնյանը դարձան արծաթե մրցանակակիրներՙ եզրափակիչում զիջելով համապատասխանաբար Ղազախստանի ներկայացուցիչներ Վասիլի Լեւիտին եւ Իվան Դիչկոյին: Մինչեւ 81 կգ քաշային կարգում էլ հաղթող ճանաչվեց ղազախ բռնցքամարտիկ Ասկար Աբդուլաեւը, որը պարտության մատնեց հույն Իոանիս Միլիտոպոլոսին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4