«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2011-04-15 | #68, 2011-04-16 | #69, 2011-04-19


«ՈՒԼԻՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, որոնք հաղթեցին բոլոր չորս խաղերում էլ: Ընդ որում հյուրերին չհաջողվեց գեթ մեկ գնդակ խփել մրցակցի դարպասը:

Առաջնությունում հաղթարշավն է շարունակում «Ուլիսը», որը խոշորՙ 3-0 հաշվով պարտության մատնեց «Արարատին»: Աչքի ընկան Դավիթ Գրիգորյանը, Արտակ Գրիգորյանն ու Գեւորգ Նռանյանը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

  Արկադի Անդրեասյան («Արարատ») - Արարատցիները մշտապես սխալներ են թույլ տալիս, չեն պահպանում խաղային կարգապահությունը: Նրանցից ոմանք դեռեւս բարձրագույն խմբում խաղալու փորձ չունեն: Այսօր դարպասապահն էլ սխալներով խաղաց, թիմակիցներին ճիշտ չէր հուշում: Ուստի 2-րդ գոլից հետո նա փոխարինվեց: Մենք փորձառու ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն ենք տվել, սակայն նրանք չեն արդարացնում սպասելիքները: Ավելի ճիշտ կլինի նրանց փոխարեն խաղան երիտասարդները: Մենք պետք է ազատվենք նման ֆուտբոլիստներից, այդ թվում հավանաբար նաեւ դարպասապահ Ալեքսանդր Պետուխովից:

  Սեւադա Արզումանյան («Ուլիս») - Մինչեւ առաջին գոլը մեզ համար շատ դժվար էր խաղալը: Սակայն մրցակցի պաշտպանների սխալից հետո կարողացանք բացել հաշիվը: Ընդմիջումից հետո խփած արագ գոլը վստահություն ներշնչեց մեր տղաներին: 2-րդ խաղակեսում մեր պաշտպանների գործողություններում թերություններ նկատվեցին: Այժմ մեզ համար կարեւորը մինչեւ հաջորդ խաղը ֆուտբոլիստների վերականգնումն է:

Աստիճանաբար մրցաշարային գործերն է բարելավում «Փյունիկը», որը սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Շիրակին»: Հանդիպման ելքը վճռեց 17-րդ րոպեին Էդգար Մանուչարյանի խփած միակ գնդակը: 2-րդ խաղակեսում շիրակցի Անդրանիկ Բարիկյանին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը, սակայն մրցավարը «խաղից դուրս» վիճակ արձանագրեց: Այս առնչությամբ «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը նշեց, որ հարկավոր է դիտել այդ դրվագի տեսագրությունը:

«Շիրակի» հետ խաղում «Փյունիկի» դարպասը պաշտպանում էր երիտասարդ Կարեն Իսրայելյանը: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը տեղեկացրեց, որ սերբ դարպասապահ Դորդե Պանտիչի հարցում սխալվել են, ուստի նրա հետ պայմանագիրը լուծարվեց: Ներկայումս «Փյունիկը» դարպասապահի կարիք ունի: Տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ «Փյունիկը» կձգտի նոր դարպասապահ հրավիրել:

Ընթացիկ առաջնությունում հաջող են հանդես գալիս «Գանձասարի» ֆուտբոլիստները, որոնք առայժմ անպարտելի են: «Գանձասարը» Կապանում 1-0 հաշվով հաղթեց «Միկային»: Խաղասկզբում Գեւորգ Կասպարովի պաշտպանած դարպասը գրավեց Վիրգին Մարշավելան: «Գանձասարը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

Անհաջող ելույթներն է շարունակում «Բանանցը», որին ոչ մի կերպ չի հաջողվում անդրանիկ հաղթանակը տոնել: Իջեւանում էլ «Բանանցը» 0-1 հաշվով պարտվեց «Իմպուլսին», որին հաղթանակ պարգեւեց Արթուր Պետրոսյանի խփած միակ գնդակը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Ուլիս541010-213
2. Գանձասար53204-111
3. Փյունիկ53117-510
4. Միկա52216-38
5. Իմպուլս52036-66
6. Շիրակ51133-64
7. Բանանց50235-92
8. Արարատ50141-101

Ռմբարկուները

Գեորգի Կրասովսկի«Ուլիս»3
Գեւորգ Ղազարյան«Փյունիկ»2
Արթուր Քոչարյան«Գանձասար»2
Նարեկ Բեգլարյան«Միկա»2
Արտյոմ Ադամյան«Ուլիս»2
Բրունո Կորեա«Բանանց»2
Զավեն Բադոյան«Իմպուլս»2


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4