Ուստի մայիսի 4-ի նիստում քվեարկության կդրվի ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագիծը մերժելու հարցը
«Ազգը» դեռեւս ապրիլի 1-ին, վկայակոչելով թուրքական NTV-ին, տեղեկացրել էր, որ ֆրանսահայության լոբբիստական գործունեության շնորհիվ Հայոց ցեղասպանության ուրացման համար մինչեւ 45 հազար եվրո տուգանք եւ 5 տարի ազատազրկում սահմանող 2 օրինագիծ է ներկայացրել Ֆրանսիայի Սենատ, որոնք կքննարկվեն մայիսի 4-ի լիագումար նիստում:
Քննարկումը ենթադրում էր այդ օինագծերի քվեարկությունը: «Հյուրիեթի» ապրիլի 18-ի հրապարակումից պարզվում է ֆրանսիական Սենատի մայիսի 4-ի նիստում քվեարկության է դրվելու ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագիծը ոչ թե ընդունելու, այլ մերժելու հարցը, քանի որ դա արդեն մերժվել է Սենատի սահմանադրական հանձնաժողովում: Ըստ թուրքական թերթի, օրինագծի մերժումը սահմանադրական հանձնաժողովին ներկայացրած զեկուցագրում պահանջել էր սենատոր Ժան Ժակ Հիսթը: Զեկուցագրում նա մոռանալով Շվեյցարիայի մասին, նշել է, որ ոչ մի երկիր, ներառյալ Հայաստանը, Հայոց ցեղասպանության ուրացումը պատժող որեւէ օրինագիծ չի ընդունել: Նրա զեկուցագիրը միաձայն ընդունվել է, որի հիման վրա սահմանադրական հանձնաժողովը հետեւյալ եզրակացությունն է արել. «Պատմագրությունը օրենսդիր մարմինների խնդիրը չէ, օրինագիծը հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանն ու խոսքի ազատության ֆրանսիական սկզբունքներին»:
Մինչդեռ 2006-ի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել էր Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագիծը: Ելնելով Սենատի սահմանադրական հանձնաժողովի եզրակացությունից, պետք է ենթադրել, որ ֆրանսիական խորհրդարանըՙ ընդունելով այդ օրինագիծը, խոսքի ազատության սկզբունքների հետ խախտել է նաեւ Ֆրանսիայի սահմանադրությունը: Հետեւաբար խելամիտ կլիներ, եթե սահմանադրական հանձնաժողովը օրինագծի առնչությամբ անփառունակ եզրակացության հանգելու փոխարեն, պահանջեր Ֆրանսիայի Ազգային Ժողովի լուծարումը:
Տրամաբանականը հենց սա է, սակայն քաղաքականությունը տրամաբանության չի ենթարկվում հատկապես հայերի եւ արեւմտյան մեծ տերությունների պարագայում: Ի վերջո, Հայկական հարցի պատմությունը հայ ժողովրդի նկատմամբ մեծ տերությունների չարանենգ քաղաքականության պատմությունն է նաեւ:
Համենայն դեպս, Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող զույգ օրինագծերն ընդդիմադիր Սոցիալիստական եւ Կոմունիստական կուսակցությունների նախաձեռնությամբ կքննարկվեն Ֆրանսիայի Սենատի մայիսի 4-ի նիստում, սակայն քվեարկության կդրվի սահմանադրական հանձնաժողովիՙ դրանց մերժման մասին որոշումը: Եթե օրինագծերը քվեարկության բացասական արդյունքի հետեւանքով օրակարգում չդրվեն, ապա Սենատը դրանք կվերադարձնի Ազգային ժողովին: Այդ դեպքում արդեն օրինագծերի հաջորդ քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել միայն 2011-ին նախատեսվող Սենատի եւ 2012-ի նախագահական ու Ազգային ժողովի ընտրություններից հետո:
Մնում է հուսալ, որ առաջիկա ընտրություններում հիմնովին կնորոգվի Ֆրանսիայի Սենատի կազմը, իսկ նախագահ Սարկոզին պարտություն կկրի, որովհետեւ վերջինս արտգործնախարարության միջոցով հայտարարել է իր եւ կառավարության բացասական վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագծին:
Հ. ՉԱՔՐՅԱՆ