Ֆլաշինգում (Քուինզ, Նյու Յորք) տեղակայված Հայկական տան դահլիճում հավաքված ներկաներին իրենց հուշերն են պատմել երեք Եղեռնը վերապրողներ, տեղեկացնում է Թալին Բաբայանը, «Ամինյըն միրոր սփեքթեյթրի» ապրիլի 2-ի համարում:
Նրանցից ամենատարեցը 101 տարեկան Փիրուզ Գալստյանն է եղել, ծնված Պալույում, որ 6 տարեկանում է բաժանվել իր հորից: «Մեզ դուրս վռնդեցին մեր տնից, հորս ձերբակալեցին, տանը ուտելու ոչինչ չկար», պատմել է նա, ավելացնելով, որ մայրը իրենց Խարբերդի ամերիկյան որբանոցում է տեղավորել, որտեղ կարուձեւ է սովորել, որն օգտակար է եղել հետագայում: Տարիներ անց, մորը վերամիանալով, ԱՄՆ են գաղթել:
99 տարեկան Շարլոտ Քեչեճյանի վերջին հիշողությունը եղել է այն, որ հայրը փաթաթվել է նրան համբուրելու նախքան թուրքերը նրան կձերբակալեին: Դերզորյան աքսորի ամբողջ ճանապարհը սոված ու ծարավ անցնելովՙ ինքն ու մայրը հասել են Բեյրութ, որտեղից էլ հետագայում տեղափոխվել են Մ. Նահանգներ:
Երրորդ մազապուրծը 98-ամյա Արշալույս Դադիրն է եղել, շապինգարահիսարցի, որ հետագայում Կոստանդնուպոլիս վերադառնալովՙ ամուսնացել է, երկու զավակ ունեցել եւ տեղափոխվել Ամերիկա: Եղեռնից փրկված այս երեք հայ մայրիկները պատրաստվում են ներկա գտնվել մայիսի 1-ին «Թայմս սքուերում» կայանալիք ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հուշացերեկույթին:
Հ. Ծ.