«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2011-04-16 | #69, 2011-04-19 | #70, 2011-04-20


ՕԲԱՄԱՅԻ ՎՍՏԱՀԵԼԻ ԱՆՁԸ ՄՆՈՒՄ Է ՓԱՈՒԵՐԸ

Դուբլինցի քառասունամյա մի կին կարծես պատրաստվում է դառնալ աշխարհի ամենաազդեցիկ իռլանդուհին, գրում է Դոնալ Լինչը:

Երբ Սամանթա Փաուերը Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում հայտնվեց անցյալ շաբաթ, գունատ էր ու մտահոգ: Փորձում էր խուսափել լրագրողների հույլից, որոնք եկել էին լսելու իրեն: Պատճառը պարզ էր: Գիտեր, որ մի քանի ժամ անց նախագահ Օբաման էր ելույթ ունենալու գնդապետ Քադդաֆիի դեմ օդային գրոհներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին, եւ փորձառությունից գիտակցում էր (նա ստիպված էր եղել հեռանալ Օբամայի առաջին նախընտրական շտաբից Հիլարի Քլինթոնին «հրեշ» անվանելու հետեւանքով), որ ինքը չէր կարող օրվա «հերոսը» լինել կամ կրկնել անցյալի սխալը: Ավելի հարմար էր, որ նրան հիշեին իր լավ խոսքերի կոնտեքստում:

Երբ ավելի ուշ այդ օրը Օբաման միեւնույն արտահայտություններն օգտագործեց, եւ Հիլարի Քլինթոնն էլ հաստատեց, որ երկրորդ անգամ պետքարտուղար չի դառնալու, Վաշինգտոնում սկսեցին խոսել Փաուերի հնարավոր թեկնածության մասին որպես պետքարտուղարի, եթե Օբաման 2-րդ անգամ կընտրվի նախագահ հաջորդ տարի: Նա վաղուց է վաստակել նախագահի վստահությունը, եւ մի շարք առաջնակարգ պահպանողական մեկնաբաններ, այդ թվում նաեւ «Ֆոքս նյուզի» Գլեն Բեքը, արդեն իսկ նրան ամենահավանական թեկնածուն են համարում այդ պաշտոնի համար: Մեկ ուրիշ հարգարժան անձնավորություն «Նյու Յորք թայմսից» նույնպես թվարկելով նրա արժանիքներըՙ նշել է, որ նրա ամուսինըՙ սահմանադրական օրենքների մասնագետ Կաս Սանստայնը արդեն իսկ վարում է Սպիտակ տան «Տեղեկության եւ կանոնակարգման գրասենյակի» գործերը: Եթե նշանակվի պետքարտուղար, Սամանթան աշխարհի ամենաազդեցիկ իռլանդուհին է լինելու:

Դա ոչ բոլորին է դուր գալու: Փաուերն անկասկած ունի հակառակորդներ: Ամերիկյան լրատվությունը արդեն իսկ նրան համարում է Լիբիայի վրա հարձակումների իսկական «հեղինակը»: Ամերիկացիները այդ հարձակումները մի ավելորդ բեռ են որակում, իրենց արդեն իսկ երկու անհաղթահարելի պատերազմների մեջ խրված իրավիճակում: Սովորաբար լիբերալ տրամադրություններով «Salon.com» կայքը վերջերս մի բավական կոպիտ հոդված էր տպագրել, որտեղ Օբամային ներկայացրել էր որպես կանանց կոալիցիայի (Քլինթոնի եւ Փաուերի) թիրախը դարձած եւ նրանց դրդումով պատերազմի մեջ մտած «փալասի»:

Իռլանդուհի գիտնականը, որ նաեւ դասավանդում է Հարվարդում, նախագահի խորհրդականն է եւ արդեն հասցրել է հաշտվել ներկայիս պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, բայց նա զգույշ պետք է լինի, որպեսզի նորից չվիրավորի նրան: Իսկ դա նշանակում է, որ առայժմ լուսարձակներից հեռու պետք է պահի իրեն:

Բայց այդ դեպքում էլ ափսոս է, որ նա ստիպված է լինելու ճնշել կամ վերահսկել մարդկանց հետ համարձակորեն շփվելու իր բնական հատկությունը, որ հավելյալ փայլ էր ավելացնում իր Պուլիցերյան մրցանակին եւ «Այվի լիգի» (Բաղեղի լիգա) երկու գիտական աստիճաններին: Նա հետզհետե ավելի մոտիկացավ Օբամայի հետ, իսկ ցեղասպանության մասին գրած գիրքը առիթ ընձեռեց, որ նա ծանոթանա դերասան Ջորջ Կլունիի հետ, որը Դարֆուրի դեպքերի առնչությամբ բավական մեծ քարոզարշավ էր ծավալել:

Որպես անհատ պատկառազդու անձնավորություն է: Իզուր չէ, որ նրան կոչում են «ցեղասպանության շիկը»: Մի ժամանակ Ջուլիանա Մուրին էին հրավիրել ներկայացնելու նրա կերպարը Բրոդվեյում: Անձամբ Փաուերին այդ ներկայացումը դուր չէր եկել:

Արդեն 30 տարի Ամերիկայում է ապրում: Մինչ այդ ծնողները ապրել են Դուբլինում, Բոլզբրիջում: Հայրըՙ Էթլոունից, ատամնաբույժ էր, իսկ Կորքում ծնված մայրըՙ բժիշկ: Անհաջող ամուսնություն էր, եւ մայրը ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվում է Մ. Նահանգներՙ իր հետ տանելով Սամանթային եւ նրա հինգ տարեկան փոքր եղբորը:

Պիտսբուրգում հայելու առաջ երկար փորձերից հետո Սամանթան առաջինը ձերբազատվում է իռլանդական գավառական արտասանությունից, չնայած հետագայում ափսոսում է «հարմարվելու» իր ջանքերի համար:

Հայրը մահանում է 1983-ին: Սամանթան Պիտսբուրգից տեղափոխվում է Ատլանտա, որտեղ անցկացնում է իր դեռահասության տարիները: «Շատ լավ հիշում եմ իմ առաջին օրը ամերիկյան հանրային դպրոցումՙ Պիտսբուրգում: Ստիպված էի հագնել իմ «Մաունթ Էնվիլի» համազգեստը, որովհետեւ նոր շորեր գնելու փող չունեինք», խոստովանել է նա «Սանդեյ ինդիփենդենտ» թերթի թղթակցի հետ զրուցելիսՙ երկու տարի առաջ: «Դա ստորացուցիչ էր, մինչեւ օրս չեմ կարողանում մոռանալ այդ օրը: Եթե իրոք ցանկանում եք իմանալ, թե ինչպես սկսեցի հետաքրքրվել պատերազմական գոտիներով, ապա դուք պետք է հետ գնաք դեպի իմ առաջին այդ օրը ամերիկյան դպրոցում»:

Տակավին դեռահասՙ հնարավորություն էր ստացել հաճախելու Եյլի համալսարանը, սակայն նախընտրում է որպես լրագրող աշխատել Բալկաններում: Նա Հարավսլավիայի պատերազմների մասին գրեց «Բոստոն Գլոբ», «Էկոնոմիստ» եւ «Նյու ռիպաբլիկ» պարբերականներում:

«Ես տեսա այդ հյուծված մարդկանց փշալարերի հետեւում: Դա կարծես ահազանգ լիներ կամ կոչնագիր: Միամտություն կլիներ մտածել, թե գործողությունների, միջամտության կոչերին իմ ձայնակցելը կարող էր ինչ-որ օգուտ տալ: Բայց հենց այդպես էլ վարվեցի: Չզգացի, թե ինչպես եմ ռիսկի դիմում, բայց տեղ հասնելուս պես ցանկացա Սարաեւոյումՙ իրադարձությունների կիզակետում լինել: Նախքան լրագրող դառնալս գիտեի, որ «տառապում եմ այդ (լրագրողի) հիվանդությամբ»:

Դրանից ազատվելու ձեւը գտավ նա ավելի ուշ գրելով իր «Խնդիր դժոխքից: Ամերիկան եւ ցեղասպանության ժամանակաշրջանը» հատորը, որտեղ քննարկում էր Ամերիկայի արձագանքները 20-ր դարում կատարված ցեղասպանություններին, սկսած հայկականից եւ վերջացրած Կոսովոյի էթնիկ զտումներով: Գիրքը 2003-ին արժանացավ Պուլիցերյան մրցանակի: Բարաք Օբաման գիրքը կարդաց 2004-ի Ծննդյան օրերի ընթացքում եւ գովասանական խոսքեր շռայլելովՙ կապ հաստատեց նրա հետ: Ապա նրան ընգրկեց իր 2008-ի ընտրապայքարի արշավում, բայց ստիպված եղավ նրան հեռացնել այն բանից հետո, երբ շոտլանդական մի թերթ տպագրեց Հիլարի Քլինթոնին հասցեագրված նրա հայտնի ակնարկը:

Սակայն նա շարունակեց մնալ նախագահի վստահված անձը, եւ Հիլարի Քլինթոնի պետքարտուղարի պաշտոնում նշանակումից հետո կանաչ ճանապարհը նրա առաջ ավելի լայն բացվեց: Իսկ հիմա, դեպքերի հետաքրքրական զարգացման հետեւանքով իռլանդուհին կարծես զբաղեցնելու է հենց Հիլարի Քլինթոնի պաշտոնը: Ապագան ցույց կտա Վաշինգտոնում շրջող ասեկոսեների ճշմարտությունը:

Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4