Չգիտենք, թե ի՞նչ կապ ունեն Հայաստանի հարցով համազեկուցողների հայտարարության աննպաստ ձեւակերպումները, ԵԽԽՎ-ում թուրք-ադրբեջանական վոյաժները Հայաստանի դեմ, արաբական արենայում խաղարկվող նավթային շահերն ու Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ռուսական BBC-ի ծառայությանը, բայց լավ որոնողը կարող է գտնել այդ կապը, եւ դա ղարաբաղյան հարցի լուծումն է` տարածաշրջանային տարբեր շահերի համատեքստում: Վերլուծաբաններից շատերը համարում են, որ ղարաբաղյան հարցի արագացումը մեր շահերից չի բխում, իսկ արագացման ցուցիչ են զանազան միջազգային էմիսարների ստեպ-ստեպ արվող հայտարարությունները, որ չի կարելի անվերջ ձգել ստատուս քվոյի պահպանումը: Սակայն որ միջազգային էմիսարներին զուգահեռ` Տեր-Պետրոսյանն է ուզում վերստին ու կրկին «աղճատված իշխանությունը վերականգնելով (իմա` լեւոնականների վերադարձով իշխանության) Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարցերը լուծել, ասել է թե` տարածքները հանձնել, սա վերստին իմացանք վերոհիշյալ հարցազրույցից, ու լավ որոնելու դեպքում Տեր-Պետրոսյանի արեւմտյան դիրիժորների ասածների ու նրա հարցազրույցի միջեւ կապ կարելի է գտնել: Չգիտենք` ինչ նկատի ուներ Տեր-Պետրոսյանը` մաքսիմալիստական կոչելով արյունով հետ նվաճած հողերը չվերադարձնելու ղարաբաղցիների եւ իրեն ցտեսություն ասած հայ հասարակության վարքագիծը 1997-ին եւ ինչո՞ւ էր այդ մասին նորից խոսում BBC -ի հարցազրույցում, բայց փաստն այն է, որ ոչ միայն ղարաբաղցիներն ու Տեր-Պետրոսյանի թիմակիցներից մի քանիսն էին դեմ այն ժամանակ սեղանին դրված փուլային տարբերակին, այլեւ մեր ժողովրդի գերակշիռ մասը համաձայն չէր թղթի կտորի դիմաց ազատագրված 7 շրջան վերադարձնել, առանց վստահ լինելու, թե դրանից հետո ինչ կլիներ Ղարաբաղի կարգավիճակի հետ կամ լավ էլ հասկանալով գլխին գալիքը:
Վերջերս Տեր-Պետրոսյանը զարմանալի ծայրահեղութունների մի ամբողջ համալիր է մատուցում հասարակությանը, որոնց մեջ խորանալն ու նրա երկվությունների պատասխանը գտնելը շատ դժվար է, քանի որ նրա նոր հրապարակային հայտնությունների շարժառիթներն ու նպատակն ի վերջո մութ են մնում: Մանդակունի մեկնաբանելուց մինչեւ իշխանության հետ երկխոսության չսպառված լինելու հայտածում, ապրիլի 28-ի ջրբաժան, հիմա էլ` «իշխանությունն աղճատված է, պետք է վերականգնել այն», ու դրանից հետո, հասկանում եք, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարցերը կլուծվեն (ազատագրված հողերը կհանձնվեն` քանի որ երկուսն էլ տարբեր պայմաններով հենց ա՛յդ են ուզում): Ահա եւս մեկ առիթ, որպեսզի ՀԱԿ-ի առաջնորդի հետեւից գնացող ընդդիմադիր զանգվածը վերարժեւորի իր վարքագիծը, ինքն իրեն հարցնելով` արդյո՞ք ճիշտ է անում, որ գնում է այդպիսի ընդդիմադիր առաջնորդի հետեւից, որ հիմա էլ, 97 թվականի նման, նույն կերպ պատրաստ է վերադարձնել տարածքները:
Նրա «դեժավյուի» անհեթեթությունը երեկ շատերն էին նկատել ու բացասական էին արձագանքել անգամ նրա նախկին թիմակիցները: Օրինակ` ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, 1997 թվականին պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը երեկ շեշտել է, որ եթե 97-ին Հայաստանը գնար այդ պարտվողական տարբերակին, այսօր Արցախն ադրբեջանական կլիներ, եւ այնտեղ 5-6 ամսում ոչ մի հայ չէր մնա. ըստ փուլային տարբերակի` սկզբում 5, ավելի ուշ եւս 2 շրջան հանձնելուց հետո խաղաղապահ ուժեր պետք է տեղակայվեին, այդ թվում կարող էին լինել թուրքեր, որոնք պետք է վերահսկեին ԼՂՀ-ն Հայաստանին կապող 5 կմ- անոց միջանցքը, ադրբեջանցիք էլ պետք է վերադառնային Ղարաբաղ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ երեկ այն տեսակետն է հայտնել, թե ներքին շրջանառության համար է ջերմացվում Ղարաբաղի հարցը, սակայն արտաքին ազդեցությամբ: Նա դրա վկայություն է համարել այն փաստը, որ օրերս Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն էր հիշել, թե ինչքան մոտ էին կողմերը 2001 թվականին Քի Վեսթում հարցը կարգավորելուն, դրան էլ արձագանքել է Լեւոն Տեր-Պետրոսյանըՙ BBC-ի ռուսական ծառայությանն ասելով, թե որքան մոտ էին կարգավորմանը 1997 թվականին: Իշխող ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը եւս Տեր-Պետրոսյանին կշտամբեց, թե 97-ի տարբերակը Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ որեւէ երաշխիք չէր պարունակում, լավ է, որ ժամանակին նա հետ քաշվեց, ու արդեն 10 տարի գործընթացն այլ ուղիով է տարվում, Հայաստանի նախագահն էլ բազմիցս հայտարարել է, որ Արցախի հարցի լուծումը Ստեփանակերտում է, կարգավիճակի խնդիրն էլ հստակ դրել է բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ:
Իսկ մենք եւս մի անգամ, կարելի ասել, ավելորդ անգամ համոզվեցինք, որ կարմիր կաշին չի փոխվում, կուզիկին ոչինչ չի փոխի, իսկ հետեւություններ անողներ, կարծում ենք կգտնվեն, եւ հենց Տեր-Պետրոսյանի համակիրների մեջ: Հասկանալի է, որ դրսից շատ տարբեր ճնշումներ կան եւ կլինեն Հայաստանի վրա, դրանք արտացոլվում են ամեն ինչի մեջ ու անգամ տարբեր քաղաքական ուժերի պահվածքում, հասկանալի է, որ ռուսական ակտիվ շարժերը Հայաստանում փորձ է արվում հավասարակշռել ամերիկյան տարբեր պաշտոնյաների հայտարարություններով եւ դրանց հայաստանյան ձայնակիցներով, նույնը աննկատ ու նկատելի տեղի է ունենում հակառակ ուղղությամբ` զարմանալի ոչինչ չկա, տարածաշրջանային շահեր են, պիտի արտացոլվեն: Սակայն հայ հասարակության, երկրի ճակատագրով մտահոգ ուժերի խնդիրը պետք է լինի նոր խաբեություններին չտրվելու եւ արտաքին խաղերի կրողներին չհավատալու համար իրազեկված եւ զգոն լինել, իսկ արտաքին խաղերին տրվողներին ցույց տալ իրենց տեղը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ