«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2011-04-16 | #69, 2011-04-19 | #70, 2011-04-20


ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹՈՂԸ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից սահմանված Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի առաջին հաղթողը Լոնդոնի համալսարանի պատմության եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ Ռեբեկա Ջինքսն է: Ռ. Ջինքսը զբաղվում է Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի ուսումնասիրությամբ, արժանացել է մի շարք ակադեմիական մրցանակների եւ տիրապետում է անգլերեն, գերմաներեն եւ սերբերեն լեզուներին:

Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբեր ամսին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարեց Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, ովքեր մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստանի Հանրապետություն` տեղի գիտական հաստատություններում եւ գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Երիտասարդ հետազոտողների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը հանդիսանալու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում եւ գրադարանում, ինչպես նաեւ ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:

Դրամաշնորհի պայմաններով տարեկան նախատեսվում է մեկ ասպիրանտի այցելություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է գիտնականների երկկողմանի ճանապարհորդության եւ կացության ծախսերը:

ՀՑԹԻ-ն նախատեսում է ընդլայնել դրամաշնորհների այս ծրագիրը` նպատակ ունենալով նպաստել Հայոց ցեղասպանության գծով մասնագիտացող հետազոտողների պատրաստման գործին:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


Նկար 1. Ռաֆայել Լեմկին


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4