Ապրիլի 24-28-ը Իրանում կանցկացվի Քիշի առաջին միջազգային կինոփառատոնը: Ազատ առեւտրի գոտում կազմակերպվող փառատոնը նպատակ ունի վերականգնել Իրանական կինոյի եւ փառատոնների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվելու են վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնց մեջ են մտել նաեւ Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» եւ «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային եւ վավերագրական անվանակարգերում:
Բացի ֆիլմերի ռեժիսորից, Իրան են հրավիրվել նաեւ օպերատոր Վրեժ Պետրոսյանը եւ կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Քիշի փառատոնի հիմնադիրները նշում են, որ փառատոնի առանցքում լինելու են տարածաշրջանում առկա կրոնական ու մշակութային փոխհարաբերությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները, Իրանի ու տարածաշրջանի ժողովուրդների դերը համաշխարհային պատմության ու ներկայիս քաղաքական զարգացումների մեջ, իսլամական Իրանի խնդիրները, Պարսից ծոցի ու Կասպից ծովի դերը եւ այլն:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամլո ծառայություն