Սանկտ Պետերբուրգում բնակվող նախկին երեւանցի, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը հերթական հաղթանակը տոնեց: WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնը, որը գլխավորում է բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության դասակարգման ցուցակը, Սանկտ Պետերբուրգում կայացած մենամարտում 6-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց արգենտինացի Վալենտին Անտոնիո Օչոային:
31-ամյա հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 24-րդ մենամարտն անցկացրեց, որից 22-ում հաղթել է, կրել է 2 պարտություն: Արգենտինացի բռնցքամարտիկի համար այդ մենամարտը 41-րդն էր: Դրանցից 20-ում նա հաղթել է, 19-ումՙ պարտվել, 2-ն ավարտել է ոչ-ոքի: