Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվեց ընդդիմադիր ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը: Դատարանը Սամսոն Խաչատրյանին մեղավոր ճանաչեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ որոշեց նրան դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն կիրառելով փորձաշրջանՙ ազատ արձակեց հայտնի բռնցքամարտիկին: Նա ձերբակալվել էր ընդդիմության այս տարվա մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Մեղադրող կողմը պնդում էր, որ բռնցքամարտիկը ոստիկանի է բռունցքով հարվածել, Խաչատրյանն էլ պնդում էր, որ հարվածել է կանանց հրմշտող ու խփող ինչ-որ անձի, որը եղել է քաղաքացիական հագուստով եւ չի ներկայացել որպես ոստիկան: