«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2011-04-19 | #70, 2011-04-20 | #71, 2011-04-21


ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԳՈՎԵՐԳՈՂ ԵՐԿՈՒ ԲԱՆԱՁԵՎ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

Քեմալ Աթաթուրքն անձամբ չի մասնակցել հայերի ջարդին, սակայն շրջապատված է եղել արյունարբու մարդասպաններով

  «Ազգի» նախորդ համարում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի առնչությամբ նախատեսվող միջոցառումներին, նշել էինք, որ ապրիլի 24-ին ամերիկաբնակ թուրքերն ու ադրբեջանցիները պատրաստվում են ամերիկահայության ապրիլի 24-ի ցույցը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան առջեւ հակակշռել նույն վայրում նախատեսվող նստացույցով, որպեսզի «ցեղասպանության անհիմն պնդումների համար» հայերին դատապարտեն եւ զբաղեցնելով մայթըՙ թույլ չտան, որ վերջիններս մոտենան դեսպանատանը:

Միջոցառումների թվում պետք է նշել նաեւ ապրիլի 13-ին ԱՄՆ Սենատի շենքում 20 կոնգրեսականների մասնակցությամբ կազմակերպված հուշ-երեկոն, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որտեղ դեմոկրատական Ադամ Շիֆն այս տարվա ուղերձում «ցեղասպանություն» բառն օգտագործելու պահանջով նախագահ Օբամային գրած նամակն էր ընթերցել: Միջոցառմանը թուրքական կողմը պատասխանել էր ԱՄՆ կոնգրեսում Թուրքիայի հետ բարեկամության խմբի 4 համանախագահների Ներկայացուցիչների պալատ ներկայացրած «Հոկտեմբերի 29ՙ Հանրապետության տոն» վերնագիրը կրող բանաձեւով:

Ինչպես երեկ նշել էր թուրքական մամուլը, դրան հետեւել է թուրքամետ կոնգրեսական Էդըլֆուս Թաունսի «Ապրիլի 23-ըՙ ազգային ինքնիշխանության եւ երեխաների տոն» բանաձեւը, որը նա Ներկայացուցիչների պալատին է հանձնել ապրիլի 19-ին:

Թուրքիայում հանրապետական կարգերը հռչակվել են 1923 թ. հոկտեմբերի 29-ին, այսինքնՙ առաջին բանաձեւն առնչվում է Թուրքիայի Հանրապետության ստեղծման հետ: Ինչ վերաբերում է ապրիլի 23-ին, ապա ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքն այդ օրը բացի «ազգային ինքնիշխանության տոն» հռչակելուց, նվիրել էր նաեւ թուրք երեխաներին, որը 1924 թ.-ից ի վեր նշվում է երկրում:

Երկու բանաձեւերն էլ, ըստ ընթացակարգի, նախ կքննարկվեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Դրական արդյունքի դեպքում կհետեւի Ներկայացուցիչների պալատում դրանց քվեարկությունը: Թե ի՞նչ է ենթադրում թուրքական զույգ բանաձեւերի հնարավոր հաստատումը, պարզ չէ: Հեղինակները պարզապես գովեստի խոսքեր են շռայլել Թուրքիայի Հանրապետության եւ հիմնադրի հասցեին, գովերգել են թուրքական այսպես կոչված ժողովրդավարությունը, Բալկաններում, Մերձավոր եւ Միջին Արեւելքում, Կովկասում եւ Միջին Ասիայում կարեւորել են թուրքական պետության ստանձնած դերակատարության նշանակությունն Արեւմուտքի համար, ընդգծելով թուրք-ամերիկյան ռազմավարության դաշինքի առկայությունը:

Որքան էլ քաղաքականությունը չենթարկվի տրամաբանության, այնուամենայնիվ, կարծում ենք, Թուրքիայի Հանրապետության հռչակման օրըՙ հոկտեմբերի 29, ԱՄՆ-ում անկախության երկրորդ օր չի հռչակվի, ոչ էլ այս երկրում «երեխաների տոն» կհայտարարվի ապրիլի 23-ը: Այս դեպքում արդեն թուրքական նշված բանաձեւերը չեն կարող այլ նպատակ հետապնդել, քան հավասարակշռել հայկական բանաձեւերի հնարավոր նախաձեռնությունները, գովերգելով ԱՄՆ Կոնգրեսում ինչպես ժամանակակից Թուրքիային, այնպես էլ թուրքական ազգային պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին:

Թեեւ թուրքական կողմը, օգտվելով ամերիկացի մի քանի կոնգրեսականի ծառայությունից, շոու բիզնես է ձեռնարկում ԱՄՆ-ի կոնգրեսում, սակայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն անդառնալի է, ճանաչումն անխուսափելի է նաեւ ԱՄՆ-ի համար: Այսինքն, շոուները չեն կարող ճանաչման գործընթացի ծավալումը կասեցնելու միջոց դառնալ, ոչ էլ դրանով հնարավոր կլինի դիրքերի սպառումից փրկել թուրքական ժխտողականությունը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի Հանրապետությանը, ապա նրա հիմնադիր Քեմալ Աթաթուրքը շրջապատված էր մինչեւ կոկորդը հայի արյան մեջ թաղված մարդակերպ դահիճներով: Օրինակՙ Թոփալ Օսմանը, որն իր ավազակախմբով սպանել է տասնյակ-հազարավոր պոնտացի հույների, հպարտորեն պատմում էր, թե Տրապիզոնում ինչպես հայ մանուկներին ծղոտե ամանների մեջ ծովն է նետել կամ ինչպես շոգենավի կաթսայի մեջ ողջակիզել է անպաշտպան հայ կանանց ու ծերերին:

Այս թուրք մարդասպանն այնուհետեւ դարձավ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթուրքի թիկնազորի հրամանատարը: Կամ ազգային պատերազմներում Աթաթուրքին թիկունք տված Հասան փաշան, որը հայերին աներեւակայելի խոշտանգումներով սպանելու համար ստացել է «դելի», այսինքնՙ խելառ մականունը, եւ թուրք պատմագրության մեջ հիշատակվում է «Դելի Հասան փաշա», եղել է Աթաթուրքի դասընկերը, իսկ հետագայում Սաբիհ ազգանուն ստացած Ալի Իհսան փաշան, որին Դիլմանի ճակատամարտում ջախջախել է զորավար Անդրանիկը, ոչնչացնելով սրա ոհմակից ավելի քան 700 հրոսակի, 1500 արդեն որբացած հայ մանուկներին երեք օր ծարավ պահելուց հետո, երրորդ օրը կարգադրել էր ջուր տալ, ապա եւ հրամայել կենդանի թաղել, եղել է Աթաթուրքի համակուրսեցին ռազմական ուսումնարանում:

Թեեւ Քեմալ Աթաթուրքն անձամբ չի մասնակցել հայերի բնաջնջմանը, նա Առաջին աշխարհամարտի տարիներին Հիջազի ռազմաճակատում էր, սակայն շրջապատված էր միմիայն հայ ժողովդի արյունախում դահիճներով, ըստ երեւույթին, բարձր գնահատելով մարդասպաններին: Այսինքնՙ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրները եղել են ստոր մարդասպաններ: Որքան էլ ամերիկացի մի քանի կոնգրեսական գովերգեն Թուրքիային, պետք է իմանալ, որ այլ ժողովրդի արյան վրա արյունախում գազանների ստեղծած պետությունները կարող են առավելագույնս ունենալ հանցակից ժողովուրդ, որին խորթ եւ անհասանելի է օրինակելի ժողովրդավարությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4