Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2011-ի մարտ ամսվա սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա մարտի համեմատ մնացել է անփոփոխ, այսինքն աճ չի արձանագրել:
Հիշեցնենք, որ այս տարվանից Ազգային վիճակագրական ծառայությունն անցնում է մակրոտնտեսական ցուցանիշների հավաքման, հրապարակման եւ ամփոփման նոր մեթոդի: Մասնավորապես դադարեցվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական հաշվարկումը: Փոխարենը, որպես տնտեսության վիճակը գնահատող ամսական ցուցանիշ ներկայացվելու է տնտեսական ակտիվության ցուցանիշը, իսկ ՀՆԱ ցուցանիշները հրապարակվելու են եռամսյակային եւ տարեկան կտրվածքով: Նոր մեթոդին անցումը վիճծառայությունը կատարել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ Եվրոմիության փորձագետների խորհրդատվության հիման վրա:
Այսպիսով, տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա մարտի նկատմամբ մնացել է անփոփոխ, իսկ այս տարվա փետրվարի նկատմամբ աճել է 17,6 տոկոսով: Նախորդ տարվա մարտի համեմատ աճ են արձանագրել արդյունաբերությունը, առեւտուրը եւ էլեկտրաէներգիայի արտադրությունը: Մասնավորապես արդյունաբերությունը այս տարվա մարտին 2010-ի մարտի նկատմամբ աճել է 5,9 տոկոսով, իսկ այս տարվա փետրվարի նկատմամբՙ 12,7 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 7,8 տոկոսով, իսկ փետրվարի նկատմամբՙ 2,5 տոկոսով: Մանրածախ առեւտրում արձանագրվել է 5 տոկոս աճ անցյալ տարվա մարտի համեմատ, իսկ այս տարվա փետրվարի նկատմամբՙ 16,6 տոկոս աճ:
Շինարարությունը մարտին ունեցել է 5,2 տոկոս անկում, իսկ փետրվարի նկատմամբՙ 22,2 տոկոս աճ: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա մարտի նկատմամբ անկումը կազմել է 7,4 տոկոս, իսկ այս տարվա փետրվարի նկատմամբ աճըՙ 9,5 տոկոս: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը մարտին անկում է արձանագրել 2 տոկոսով, իսկ փետրվարի նկատմամբ աճելՙ 21,8 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը 2011-ի մարտին 2010-ի մարտի նկատմամբ ավելացել է 14,1 տոկոսով եւ կազմել 430 մլն դոլար: Արտահանումը կազմել է 92 մլն դոլար, արձանագրելով 21,8 տոկոս աճ, իսկ մարտինՙ փետրվարի նկատմամբ, ընդամենը 2,5 տոկոս աճ: Ներմուծումը կազմել է 338 մլն դոլար, նախորդ տարվա մարտի համեմատ աճելով 12,2 տոկոսով, իսկ այս տարվա փետրվարի համեմատՙ 23,2 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը խորացել է, կազմելով 246 մլն դոլար: Հիշեցնենք, որ փետրվարին արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը փոքր-ինչ նվազել էր, հունվարի 189 մլն դոլարից հասցնելով 184 մլն դոլարի, սակայն մարտին կրկին կտրուկ մեծացավ:
Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում մարտին կազմել է գրեթե 112 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ 140 հազար դրամ, պետականումՙ 88 հազար դրամ:
Եթե համադրենք մարտի ցուցանիշները նախորդ տարվա մարտի հետ, ապա զրոյական տնտեսական աճը բավականին մտահոգիչ է: Միակ դրականն այստեղ արդյունաբերության շարունակվող կայուն աճն է:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ