«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2011-04-19 | #70, 2011-04-20 | #71, 2011-04-21


«ՄԻԿԱՆ» ԽԱԽՏԵՑ ՏԽՈՒՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ

Գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է

Հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը: Վերջին 5 տարիների ընթացքում «Միկային» վերջապես հաջողվեց հաղթահարել «Բանանցի» արգելքն ու մտնել եզրափակիչ: Երեկ «Հրազդանում» կայացած գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Միկան» 1-0 հաշվով հաղթեց «Բանանցին»:

Մրցակիցների առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքիՙ 3-3: Պատասխան խաղում «Միկային» միայն հաղթանակ էր անհրաժեշտ, մինչդեռ «Բանանցին» բավարարում էր նույնիսկ ոչ-ոքին: Սակայն առաջին խաղակեսում «Բանանցն» ավելի ակտիվ էր գործումՙ հույսը չդնելով ոչ-ոքի արդյունքի վրա: Սակայն գոլային պահերը ստեղծվեցին միայն խաղակեսի վերջում: Նախ Արտակ Դաշյանի վտանգավոր հարվածից հետո Գեւորգ Կասպարովը փրկեց «Միկային»: Իսկ քիչ անց Նարեկ Բեգլարյանի գլխով հարվածից հետո «Բանանցի» դարպասապահ Օդոլսկին մի կերպ հեռացրեց գնդակը:

Ընդմիջումից հետո «Միկան» զգալիորեն ակտիվացավՙ դիմելով վճռական գործողությունների: Եվ դա տվեց իր ցանկալի արդյունքը: 62-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Աղվան Մկրտչյանը մոտ տարածությունից գրավեց դարպասը: Մնացած ժամանակահատվածում հստակ պաշտպանվելով, «Միկան» պահպանեց հաղթական հաշիվըՙ նվաճելով այնքան բաղձալի եզրափակիչի ուղեգիրը:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:

  Արմեն Շահգելդյան («Միկա») - Գավաթային հանդիպումները միշտ էլ դժվարին պայքարում են անցնում: «Բանանցն» արժանի մրցակից էր, որը վաղուց էր լուծել եվրոգավաթներում խաղալու հարցը: Իսկ մենք դեռ այդ հարցի լուծման ճանապարհին ենք ու հույսներս մեր վրա պետք է դնենք: Այդ մասին խաղից առաջ ասել էի տղաներին: Առաջին խաղակեսում մեր խաղն չստացվեց, չկարողացանք գոլ խփել, սակայն սեփական դարպասն էլ անառիկ պահեցինք: 2-րդ խաղակեսում չինացի հարձակվողը շատ հաջող խաղի մեջ մտավ, բավական ակտիվ էր: Հենց նրա հարվածից հետո անկյունայինի իրավունք ստացանք եւ Աղվանը գեղեցիկ գոլ խփեց: Շնորհակալ եմ բոլոր ֆուտբոլիստներիցՙ ներդրած ջանքերի համար: Կաշխատենք եզրափակիչում էլ հաղթել:

  Ստեւիցա Կուզմանոսկի («Բանանց») - Ընդհանուր առմամբ վատ չխաղացինք: Սակայն ամեն անգամ ֆուտբոլիստներից մեկի սխալի պատճառով թիմը պարտվում է, իմ եւ իրենց ողջ աշխատանքը ջուրն է թափվում: Գրոհների վերջնամասում էլ թերություններ կան: Թիմը 2-3 բարձրակարգ ֆուտբոլիստի կարիք ունի: Եթե նման խաղացողներ ունենայինք, ապա կարող էինք 1-ին տեղում հայտնվել: Իմ կարծիքով, գավաթը նվաճելու ամենամեծ հնարավորությունն «Ուլիսն» ունի:

Եվ այսպես, «Միկան» 6-րդ անգամ մտավ գավաթի եզրափակիչ: Թիմի մրցակիցը հայտնի կդառնա ապրիլի 27-ին «Հրազդանում» կայանալիք «Ուլիս»-«Շիրակ» կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ առաջին խաղում 1-0 հաշվով հաղթել էր «Ուլիսը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4