«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2011-04-19 | #70, 2011-04-20 | #71, 2011-04-21


ՏԱԹԵՎ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Շախմատի ԱՄՆ-ի առաջնության 5-րդ տուրում Վարուժան Հակոբյանը կրկին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը: Նրա մրցակիցն առաջատարներից մեկն էրՙ Յուրի Շուլմանը: Նախնական փուլի ավարտից 2 տուր առաջ Հակոբյանը 1-ին ենթախմբում 2,5 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ է տեղ զբաղեցնել առաջին 2 հորիզոնականներում: Մնացած 2 տուրերում Հակոբյանը մրցելու է Ալեքսանդր Իվանովի եւ Յան Էլվեստի հետ: Ուղեգիր նվաճելու համար անհրաժեշտ է հաղթել մրցակիցներին, քանի որ ներկայումս Հակոբյանը մեկ միավորով հետ է մնում առաջատարներիցՙ Գատա Կամսկուց եւ Յուրի Շուլմանից:

Գատա Կամսկին եւս հաշտություն կնքեց Ալեքսանդր Ստրիպունսկու հետ մրցավեճում: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաեւ Ալեքսանդր Իվանովի եւ Յան Էլվեստի մրցավեճում: Միակ արդյունավետ ելքը գրանցվեց Ռեյ Ռոբսոնի եւ Դանիել Նարոդիցկու պարտիայում, որում հաղթեցին սեւերը: Բացի Հակոբյանից, 2,5 միավոր ունեն նաեւ Իվանովը, Ռոբսոնը եւ Նարոդիցկին: 1,5-ական միավորով աղյուսակը եզրափակում են Յան Էլվեստն ու Ալեքսանդր Ստրիպունսկին:

2-րդ ենթախմբում միանձնյա առաջատարը Ռոբերտ Հեսն է, որը հաղթելով Գեորգի Կայդանովին, վաստակեց 4 միավոր: 3-ական միավորով հաջորդ տեղերում են Ալեքսանդր Օնիշչուկն ու Սեմ Շենկլենդը: Օնիշչուկը հաղթեց Լարի Քրիստիանսենին, Շեկլենդը պարտվեց Ալեքսանդր Շաբալովին: Բենջամին Ֆայնգոլդը պարտության մատնեց Յասեր Սեյրավանին:

Կանանց մրցաշարում Տաթեւ Աբրահամյանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Աննա Զատոնսկիխի նկատմամբ: Տաթեւը 3,5 միավորով 4-րդ տեղում է, որն այս պահին ապահովում է հաջորդ փուլ դուրս գալը: Մանավանդ որ 5-րդ տեղում ընթացող Աննա Զատոնսկիխը 1,5 միավորով հետ է մնում Տաթեւից: Փաստորեն նրա նկատմամբ տոնած հաղթանակը վճռորոշ կարող է լինել կիսաեզրափակիչի ուղեգրի համար մղվող պայքարում:

3,5-ական միավոր են վաստակել նաեւ Սաբինա Ֆոյշորն ու Քամիլա Բագինսկայտեն: Ֆոյշորը պարտվեց Ռուսուդան Գոլեթիանիին, իսկ Բագինսկայտեն հաղթեց Իրինա Զենյուկին: Առաջատարի դերը 4 միավորով ստանձնեց Իրինա Կրուշըՙ պարտության մատնելով Ալիսա Մելեխինային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4