«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2011-04-19 | #70, 2011-04-20 | #71, 2011-04-21


ԴԵՂԻՆ ՓՈՇԻՆ ՔԱՄԻՆ ԲԵՐԵԼ ԷՐ ՍԻՐԻԱՅԻ ԱՆԱՊԱՏՆԵՐԻՑ

Երեկ առավոտից մայրաքաղաքում մառախլապատ էր, փոշու ամպը ամենուր էր: Կեսօրին քաղաքի բարձրադիր վայրերում տեղացած կարճատեւ անձրեւն այդ փոշին վերածեց ցեխի, անմիջապես տրանսպորտի ու մարդկանց վերնահագուստների վրա դեղին փոշու հետքեր նկատվեցին:

  «Ազգը» «Հայհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից ճշտեց, թե նման երեւույթը ինչի հետեւանք է: «Հանրապետության տարածքը գտնվում է հարավային, հարավ-արեւմտյան օդային հոսանքների ազդեցության ներքո: Նմանատիպ հոսքերը մեր տարածաշրջան կարող են տեղափոխել փոշի եւ ավազ»: ՀՀ բնապահպանության հայէկոմոնիտորինգի տվյալների վերլուծության եւ պահպանման բաժնի ղեկավար Լիանա Մարգարյանից տեղեկացանք, որ դեղին փոշին եկել է «Սիրիայի անապատներիցՙ քամու միջոցով եւ որպես քիմիական բաղադրություն վնասակար ոչ մի հատկություն չի ներկայացրել: Երեկվա եւ այսօրվա տվյալներով օդի բաղադրության որեւէ փոփոխություն, պայմանավորված դեղին փոշիով, չի գրանցվելՙ որեւէ արտառոց դեպք չի գրանցվել: Դիտվել է փոշու նորմայի գերազանցում, որը նախորդ օրերին նույնպես գերազանցել է: Փոշին շատ մանր հատիկավոր է եղել եւ չի հասցրել օդում իր վնասակարությունը գործել: Քամին ու անձրեւը նպաստել են, որ փոշին նստի: Իսկ 1,7-1,8 փոշու առկայությունը գրեթե ամեն օրվա մշտական ցուցանիշն է», մանրամասնեց մասնագետը:

Առաջիկա օրերին հանրապետությունում ժամանակ առ ժամանակ տեղումներ կդիտվեն: Ջերմաստիճանը 21-23-ը կնվազի 4-5 աստիճանով: Ապրիլի 24-ին սպասվում են անձրեւ եւ քամի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4