«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2011-04-20 | #71, 2011-04-21 | #72, 2011-04-22


7800 ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ «ԱՂԵՏ»-Ի

Ապրիլի 20-ին, ժամը 20.15-ին ֆրանս-գերմանական arte հեռուստաալիքը եթեր հեռարձակեց Էրիկ Ֆրիիդլերի «Աղետ. մի ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որի մասին բազմիցս գրել ենք մեր թերթի էջերում: Ֆիլմը ցուցադրելու է նաեւ գերմանական Phoenix-ը ապրիլի 23-ին, ժամը 22.30-ին: Ի դեպ, Հայոց ցեղասպանության մասին արդեն 3 մրցանակ շահած «Աղետը» Phoenix-ը ցուցադրել էր նաեւ անցյալ տարիՙ հաջորդելով 2010-ի ապրիլի 9-ին ARD-ի անդրանիկ ցուցադրմանը: Ֆիլմից հետո Phoenix-ը բանավեճ էր կազմակերպելՙ հրավիրելով թուրք, հայ, գերմանացի բանախոսների: (Սրա մասին մանրամասն իրազեկել ենք ժամանակին «Ազգում»-Ան. Հ.): Ֆիլմի հեռարձակումը գերմանաբնակ թուրքերի բողոքն էր հարուցել, որ, պարզվում է, չի մարում, այլ ակտիվանում էՙ ֆիլմի հաջողություններին զուգահեռ:

Ինչպես ապրիլի 21-ին տեղեկացնում է գերմանալեզու Turkishpress կայքը, երկուշաբթիՙ ապրիլի 18-ին Հյուսիս-Հռենոս-Վեստֆալիա երկրամասի թուրքերըՙ գլխավորությամբ թուրք-գերմանական կրթական միության նախագահ Ալի Սոյլեմեցօղլիի, հանդիպել են երկրամասային ղեկավարությանը եւ նրանց հանձնել «1915-ի հայկական պնդումների» դեմ 7800 ստորագրություն ներկայացնող արձանագրությունը: Հիշյալ միության նախագահն ասել է, թե ֆիլմի ապատեղեկատվության փոխարեն ինքը կամենում է երկրամասի դպրոցներում բացատրել իրական եղելությունը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4