«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2011-04-20 | #71, 2011-04-21 | #72, 2011-04-22


ԲՐԱՅԶԱՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԱԽԻՋԵՎԱՆ ԵՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԵԼ ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐՈՎ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի վերջին ժամանակներում արած հայտարարություններն ու գործունեությունը բավական ուշագրավ են: Այն առումով, որ տպավորություն է ստեղծվում, թե Բրայզան, օգտվելով ԱՄՆ-ի նկատմամբ Բաքվի վարած «խռոված քաղաքականությունից», ամեն կերպ ամերիկահայ համայնքի առջեւ փորձում է արադարացնել իր նշանակումը: Բաքվում ամերիկյան դեսպանի պաշտոնը, որը թափուր մնաց շուրջ մեկ տարի, ամերիկահայ համայնքը, ինչպես նաեւ որոշ սենատորներ չէին ցանկանում վստահել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ, ազգությամբ թուրք (ըստ ոմանց` քուրդ) Զեյնո Բարանի ամուսին Մեթյու Բրայզային: Ամենեւին էլ փաստ չէ, որ վերջինս կշարունակի զբաղեցնել դեսպանի պաշտոնը, քանի որ, համաձայն ամերիկյան օրենսդրության, նորընտիր Սենատը դեռ կարող է այս աշնանը չհամաձայնել նախագահ Օբամայի այս նշանակմանը, մանավանդ որ Բրայզայի թեկնածության հաստատմանը վետո կիրառած ամերիկացի երկու սենատորներից մեկը վերընտրվել է:

Միգուցե նաեւ այս ամենը հաշվի առնելով` Մեթյու Բրայզան օրեր առաջ, անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի շուրջը բարձրացած աղմուկին, «հասկացրեց» Բաքվին, որ դեպի Նախիջեւան թռիչքները անցնում են Հայաստանի օդային տարածքով, մինչդեռ հայկական կողմը չի սպառնում ոչնչացնել այդ քաղաքացիական ինքնաթիռները, ինչը միջազգային պրակտիկայում անթույլատրելի է: Բրայզան հիշատակում է հենց Նախիջեւանը, ինչը, նույնպես գաղտնիք չէ ոչ ոքի համար, հայ-ադրբեջանական, այս դեպքում նաեւ ավելացրածՙ թուրքական, «մեծ հիմնահարցերից» մեկն է: Երբեմնի հայկական Նախիջեւանին անցյալ տարի տրվեց անգամ միջազգային որակավորում` «Ադրբեջանի սեւ այգին», նկատի ունենալով երկրամասում մարդու իրավունքների պաշտպանության տխուր իրավիճակը: Հիշեցնենք` եվրոպացի մի շարք փորձագետների, դիվանագետների ու լրագրողների` Բաքուն թույլ չտվեց մուտք գործել Նախիջեւանի Բենանյար գյուղ, որտեղ ավելի վաղ տեղ էին գտել անգամ շարքային քաղաքացիների ինքնահրկիզման դեպքեր: Ինչեւէ. հատկապես արեւմտյան գործիչներն ու դիվանագետները, ստացվում է, հասկացել են, որ Ադրբեջանին «կսմթելու» լավագույն ձեւը Նախիջեւանի մասին հիշատակումն է:

Դեռ նոր էր հարեւան երկրի քաղաքական-լրատվական դաշտը «մարսել» ԱՄՆ դեսպանիՙ Նախիջեւանի մասին հիշատակումը, երբ Մեթյու Բրայզան այս անգամ ոչ թե խոսեց, այլ հենց այցելեց Նախիջեւան: Ժամանակը, պետք է նկատել, բոլորովին էլ պատահական չէ ընտրված. ինչպես երեկվա համարում տեղեկացրինք` Ադրբեջանի ՊՆ-ն միակողմանի չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները` դժգոհ լինելով Վաշինգտոնի` մեր տարածաշրջանում վարած քաղաքականությունից, ավելի կոնկրետ` Հայաստանի նկատմամբ ճնշումներ կիրառելու ցանկության բացակայությունից: Բացի սրանից` ապրիլի 15-ին ելույթ ունենալով «Ազատություն» ռադիոկայանով, Երեւանում ԱՄՆ դեսպան Յովանովիչը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորման ծրագիրը` «Հազարամյակների մարտահրավերները» ծրագրով նախատեսված: Հետեւաբար, տարածաշրջանում ամերիկյան «հավասարակշիռ քաղաքականություն» ցույց տալու համար, Բրայզայի` Նախիջեւան այցը եւ այնտեղ արած հայտարարությունները արդարացված են:

Իսկ Նախիջեւանում Բրայզան երկօրյա այցով է: Նա արդեն հանդիպել է երկրամասի խորհրդարանի ղեկավար Վասիֆ Թալիբովի հետ, նախատեսվում են նաեւ ԱՄՆ դեսպանի հանդիպումները Նախիջեւանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Թալիբովի հետ դեսպանը քննարկել է` «Նախիջեւանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակին առնչվող հարցեր»: Արդեն լրագրողների հետ հանդիպմանը Բրայզան, ըստ «Թուրան»-ի, հայտնել է, որը ինքը նաեւ «հետաքրքրվել է շրջանում պահվող պատմական հուշարձանների, մասնավորապես, Նոր Ջուղայի խաչքարերի վիճակով»: Դեսպանն ափսոսանք է հայտնել, որ այս անգամ ինքը չի կարողացել այցելել Ջուղա` «տեղում իրավիճակին ծանոթանալու»ՙ «Բայց հաջորդ այցիս ընթացքում անպայման կլինեմ այնտեղ», նշել է Բրայզան` հավելելով, ավելի ճիշտ` ընդգծելով. «Ջուլֆայում գտնվող հուշարձանները մեծ հետաքրքրություն են ներկայացնում, ես ինքս այդ թեմաներով Հայաստանում մասնակցել եմ քննարկումներին...»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4