«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2011-04-20 | #71, 2011-04-21 | #72, 2011-04-22


ՄԻՊ-Ն ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽՆԴՐՈՎ

«Լրագրողին կամ որեւէ այլ անձի սուտ կամ վիրավորական խոսքի համար չի կարելի ենթարկել քրեական պատասխանատվության, սակայն գոյություն չունի ժողովրդավարական որեւէ մի պետություն, որտեղ մարդն իրավունք չունենա զրպարտության կամ վիրավորանքի համար պահանջել բարոյական փոխհատուցում: Այժմ խոսքի ազատության եւ մարդու արժանապատվության պաշտպանությունը կախված է դատավորների` միջազգային չափանիշներին համապատասխան մեր այս օրենսդրության պատշաճ կիրառումից», անդրադառնալով «Վիրավորանքի եւ զրպարտության» օրենքի ապաքրեականացմանըՙ երեկ հայտարարություն է տարածել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Որպես օրենքի քաղաքացիաիրավական կարգավորման գաղափարի հեղինակՙ Անդրեասյանը նշել է, որ ունի բազմաթիվ մտահոգություններ: Դրանցից մեկն այն է, որ դատական սխալների պատճառով չսահմանափակվի լրագրողների ազատ արատահայտվելու իրավունքը, օրենքի եւ լրագրողական էթիկայի տարրական կանոների խախտման պատճառով չնսեմացվի մարդկային արժանապատվությունը, իսկ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում բազմակարծության վիճակը բավարարի հասարակության յուրաքանչյուր անդամի:

Մայիսի 1-ին տեղի կունենա մամուլի ազատության մասին ֆորում, որտեղ պաշտպանը կներկայացնի կոնկրետ մեխանիզմ, որը կարող է կանխարգելել դատական սխալները խոսքի ազատությանը վերաբերող գործերում:

ՄԻՊ-ն անդրադարձել է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխություններին: Անդրեասյանն առանձնացրել է թվային հեռարձակման խնդիրը, որ մի շարք հեռուստաընկերությունների համար եթեր չի ապահովվել: «Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավոր են դարձրել հեռուստառադիոհեռարձակման թվայնացումը, եւ հնարավոր է դարձել հեռարձակվող հեռուստառադիոծրագրերի թվաքանակի անհամեմատ աճը, Հայաստանին մնում է ներդնել նոր տեխնոլոգիաների եւ արդյունավետ իրավական կարգավորման ենթարկել այն: «Ա1+»-ը, «Նոյյան տապանը», «ԳԱԼԱ»-ն շատ ու շատ այլ հեռուստաընկերություններ նոր տեխնոլոգիաների եւ պատշաճ իրավական կարգավորման ներդրմանը զուգահեռ հնարավորություն կստանան իրականացնելու հեռուստահեռարձակում», ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Հոկտեմբերից պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով կազմավորվել է աշխատանքային խումբ: Վերջին 2 ամսվա ընթացքում ակտիվ քննարկումների արդյունքում մշակվել եւ ամփոփվել է վերոհիշյալ խնդիրների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ապրլի 29-ին կքննարկվի ԵԱՀԿ եւ ԵԽ փորձագետների հետ:

Մամուլի ազատության վերաբերյալ ֆորումի ժամանակ կամփոփվեն նաեւ օրենքի լրամշակման արդյունքները: Դրա հիման վրա կվերջնականացվեն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին «ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի մշակման աշխատանքները, եւ մայիսի վերջին նախագիծը` աշխատանքային խմբի անդամների հատուկ կարծիքներով եւ միջազգային փորձագետների եզրակացություններով, կներկայացվի ՀՀ ԱԺ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4