«Իննամյա երեխայի ողբերգական սպանության տեղեկության շրջանառությունն ադրբեջանական իշխանությունների կողմից այլ բան չէ, քան փորձ` փրկելու Ադրբեջանի արատավորված հեղինակությունն այն բանից հետո, երբ մարտին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից սպանվեց հայ զինվոր»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Հայաստանի անունից ներկայացված նամակում նշվում է, որ այդ հիմնազուրկ մեղադրանքը փաստացի շեղում է միջազգային հանրության ուշադրությունը:
«Ադրբեջանական ապատեղեկատվության գրչակները պետք է հասկանան, որ այսպիսի էժանագին քայլերը ոչ միայն համոզիչ չեն, այլեւ ամոթալի են, քանի որ երեխայի կյանքն օգտագործվում է որպես պրոպագանդայի գործիք», նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ապրիլի իննով թվագրված եւ տասներեքին որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի փաստաթուղթ շրջանառության մեջ դրված նամակում` ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանից:
Նամակը ներկայացվում է որպես Անվտանգության խորհրդի վաթսունվեցերորդ նստաշրջանի օրակարգի 34 («ՎՈՒԱՄ տարածքում ձգձգված հակամարտություններին ու դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման համար»), 39 («Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում»), 66 («Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ դրսեւորումների վերացումը») եւ 75 («Պետությունների պատասխանատվությունը միջազգայնորեն ոչ իրավաչափ գործողությունների համար») կետերի առնչությամբ ու հասցեագրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:
Ըստ նամակի, վերջին շրջանում շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների աննախադեպ ավելացումը «որպես հիշեցում է ծառայում այն բանի, որ Ադրբեջանը չի կատարում 2011թ. մարտի հինգին Սոչիում եռակողմ հանդիպման համաձայնագիրը»: Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը հաշվի առնելու փոխարեն Ադրբեջանն, ըստ Կարեն Նազարյանի, շարունակում է մեծացնել լարվածությունն ու խոչընդոտել խաղաղ գործընթացին:
ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը անամոթաբար փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը իրականությունիցՙ ուրիշների վրա գցելով իր իսկ ռազմական գործողությունների ու հրադադարի խախտումների պատասխանատվությունը: «Սեփական հանցագործությունները ծածկելու համար ուրիշների վրա մեղքը գցելու պրակտիկան սովորական է դարձել Ադրբեջանի համար»:
Նամակում նշվում է նաեւ շփման գծի միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ առաքելության աշխատանքների մասին, որոնց ԼՂ կողմից ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներին ցուցաբերված աջակցության կողքին Ադրբեջանը դիտարկման հնարավորություն չի տվել: «Ավելի վատթարացնելով իրավիճակը` մարտի 10-ի դիտարկման ժամանակ Ադրբեջանը խախտեց հրադադարը եւս մեկ անգամ շփման գծի մի քանի հատվածներում` հանգեցնելով ԼՂՀ պաշտպանության բանակի տասնիննամյա զինվորականի մահվան»:
Նամակում հիշատակվում են մարտին տեղի ունեցած բոլոր նենգ խախտումների միջադեպերը, նշելով, որ այդ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը շարունակում է խախտել Սոչիի` վստահության հաստատմանն ուղղված մեխանիզմների ստեղծման եռակողմ համաձայնագիրը` սադրիչ գործողություններով խաթարելով խաղաղ գործընթացը:
Նամակին կցված է նաեւ հավելված`այս տարվա մարտի մեկից ապրիլի մեկը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին. մեկ ամսում զինադադարը խախտվել է 107 անգամ` մոտ 1407 կրակոցով:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Վաշինգտոն