«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2011-04-20 | #71, 2011-04-21 | #72, 2011-04-22


ԲԱՐՈՆՈՒՀԻ ՔՈՔՍԸ` ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ինչպիսի՞ ուղիներ է տեսնում ԼՂ հիմնախնդրի լուծման համար» հարցին ի պատասխան` Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ բարոնուհի Քերոլայն Քոքսը երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց. «Մենք այնտեղ ականատես եղանք, թե Մինսկի խմբի ձեւաչափով բանակցային գործընթացում ինչ առաջընթաց է եղել: Ես կարծում եմ, որ ԼՂ ժողովուրդը պետք է իրավունք ունենա մասնակցելու բանակցային գործընթացին: Ես տեսնում եմ, որ Հայաստանը, հայերը կամք են ցուցաբերել շարժվել այդ սկզբունքների հիման վրա, ու հիմա ադրբեջանցիներն էլ պետք է համագործակցեն»:

Նրա հետ ասուլիսին մասնակցող Համայնքների պալատի անդամ Ջոն Ուիթինգդեյլն իր հերթին խոստացավ Բրիտանիա վերադառնալուն պես Լորդերի պալատի Համայնքների պալատին ներկայացնել այն ամենը, ինչին ականատես է եղել Ղարաբաղում, քանի որ թյուր տեղեկություններ կան այդ ամենի վերաբերյալ: Իսկ բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամները հավաստիացրին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի Բրիտանիայում մարդիկ իմանան Հայոց ցեղասպանության մասին: «Մենք այցելեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ տեսանք կատարվածի բոլոր ապացույցները: Վերադառնալով Մեծ Բրիտանիա` ես կպատմեմ այն ամենը, ինչ տեսա», նշեց Ջոն Ուիթինգդեյլը: Նա տեղեկացրեց նաեւ, որ մտադիր է ցուցահանդես կազմակերպել բրիտանական խորհրդարանում` իրազեկելու համար իր գործընկերներին Հայոց ցեղասպանության մասին:

Բարոնուհի Քերոլայն Քոքսի կարծիքով` ցավալի է, որ Թուրքիան մինչ օրս ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ըստ նրա` ցեղասպանությունը, որը ժխտվում է եւ չի ճանաչվում, հող է նախապատրաստում նոր ցեղասպանությունների համար: Բարոնուհու գնահատմամբ` ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը բխում է արդարության ու մարդու իրավունքների սկզբունքներից. «Ես, հայ չլինելով, ցանկանում եմ ասել, որ Հայոց ցեղասպանության վերքերը չեն սպիանա, եթե այն չընդունվի», ասաց Քերոլայն Քոքսը: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4