«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2011-04-20 | #71, 2011-04-21 | #72, 2011-04-22


ԲԱԶՄԱՏԱՂԱՆԴ ԵՐԳԻԾԱՆԿԱՐԻՉԸ

Վաստակավոր նկարիչ Յարալյան Գեորգի Յակովի (ծնվել է 13.11.1927թ., Գանձակում): 1930 թ. տեղափոխվել է Թբիլիսի: Ավարտել է ԵԳԹ-ն (Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ) (1953թ.):

Ուշագրավ են նրա դիպլոմային 3 աշխատանքները «Ոչ պատերազմ հրահրողներին», «Զգոն եղիր» եւ «Առնետի մի պատմություն»:

2009-ին Գ. Յարալյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարիչ կոչումը: 1958-ից ՀՀ նկարիչների միության անդամ է:

Հեղինակ է պլակատների («Չիլի», 1983թ., «Կրծողի էվոլյուցիան», 1986թ.) երգիծանկարների («Վերնիսաժ», 1975), նաեւ նույնանուն անտիպ գիրքը, 1996, «Համերգն սկսվեց», 1986, երգիծական ալբոմ, մանկական գրքերի պատկերազարդումների («Մանկական հանելուկներ», 1986, «Գտիր ինքդ» 1987), ջրաներկ բնանկարների («Ծովանկար», 1985, «Ծաղկաձորն աշնանը», 1991): Ձեւավորել եւ պատկերազարդել է շուրջ 450 երգիծական գրքեր («ժողովրդական սրախոսություններ», 1992, «Գյումրվա անեկդոտներ», 1993, «Եզոպոսի առակները», 1994 եւ այլն): 1954-ից մասնակցում է հանրապետական եւ արտասահմանյան ցուցահանդեսների, ծաղրանկարներով հանդես է գալիս մամուլի էջերում (առավել` «Ոզնի», «Ազգ», «Երեւան», ինչպես նաեւ «Կրակադիլ» (Մոսկվա), «Քաջ նազար» (Լոս Անջելես) եւ վերջին 14 տարիների աշխատել է «Ազգ» օրաթերթում:

«Վիետնամից տեղում քայլով մարշ» եւ «Խաղաղություն» երգիծանկարների համար «Երգիծանքը հանուն խաղաղության պայքարում» ցուցահանդեսում պարգեւատրվել է «Երգիծանք-69» մեդալով (Մոսկվա, 1969): Յարալյանի արվեստին (ջրաներկով, տուշով, գուաշով կատարված գործեր) բնորոշ են հեղինակի սուր դիտողականությունը, երգիծանքով ընդհանրացված պատկերումը, քաղաքացիական դիրքորոշումը:

Անհատական ցուցահանդես է ունեցել 1978-ին Երեւանում: 2004թ. անհատական ցուցահանդես է ունեցել Դանիայում:

Լինելով «Երգիծաբանների ասոցիացիայի» պատվավոր անդամ, բազմիցս մասնակցել է երգիծանկարների ցուցահանդեսի: Դրանցից վերջինը, որին Գեորգի Յարալյանը ներկայացրել էր մեկ տասնյակ երգիծանկարներ, նվիրված էր «Ծիծաղի օրվան»:

Նրա աշխատանքներից շատերը պահպանվում են Ազգային պատկերասրահում եւ այլ թանգարաններում, անհատական հավաքածուներում:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Գեորգի Յարալյանի հուղարկավորության համար ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողովՙ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ:

Անվանի երգիծանկարչին վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր, ապրիլի 22-ին, Հայաստանի նկարիչների միության շենքում, ժամը 12.00-14.00: Այնուհետեւ հուղարկավորությունըՙ Քաղաքային պանթեոնում:

Ցավակցություն

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը խոր վշտով ցավակցում է ՀՀ ժողովրդական նկարիչ, «Ազգ» օրաթերթի ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանի հարազատներին, մտերիմներին, գործընկերներին նրա մահվան կապակցությամբ:

Նրա ծաղրանկարները շուրջ 15 տարի անընդմեջ տպագրվել են «Ազգ» օրաթերթում, հանրապետության բազմաթիվ թերթերում եւ ամսագրերում:

Գեորգի Յարալյանի հիշատակը վառ կմնա մեր սրտերում:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4