Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում գրանցվել է բոտուլիզմի 11 դեպք: Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչության սնուցման ու սննդամթերքի անվտանգության բաժնի պետ Մարգարիտա Բաբայանն «Արմենպրեսին» փոխանցել է, որ արձանագրված դեպքերի մեջ կան նաեւ մահվան ելքեր. բոտուլիզմից մահացել են Տավուշի ու Լոռու մարզերի 2 բնակիչներ: Մարգարիտա Բաբայանն ասել է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, բոտուլիզմի դեպքերը չեն ավելացել. «Մենք շարունակում ենք պահածոների պատրաստման վերաբերյալ քարոզչական աշխատանքներ իրականացնել` բնակիչներին տեղեկացնելով, թե սննդի որ տեսակները կարելի է պահածոյացնել»:
Անդրադառնալով սնկից թունավորումներին` առողջապահության ոլորտի աշխատակիցը նշել է, որ սունկ հավաքելու շրջանը նոր է սկսվում. «Սակայն մենք բնակիչներին զգուշացնում ենք, որ սունկ չհավաքեն, նաեւ խորհուրդ տալիս, որ սունկ չգնեն պատահական վայրերից»:
Ի.Պ.