Ավարտին է մոտենում շախմատի ԱՄՆ-ի առաջնության նախնական փուլը, որում խաղարկվում են կիսաեզրափակիչի ուղեգրերը: Այս առումով նախավերջինՙ 6-րդ տուրը վճռորոշ էր Վարուժան Հակոբյանի համար: Կիսաեզրափակիչի ուղեգրերին հավակնելու համար նրան անհրաժեշտ էր վերջին 2 պարտիաներում հաղթել: Սակայն 6-րդ տուրում Վարուժանը սեւերով պարտվեց Ալեքսանդր Իվանովին ու զրկվեց պայքարը շարունակելու նույնիսկ տեսական հնարավորությունից: Վարուժան Հակոբյանը 2,5 միավորով 5-րդ տեղում է:
Ամենայն հավանականությամբ 1-ին ենթախմբից կիսաեզրափակիչ դուրս կգան Գատա Կամսկին եւ Յուրի Շուլմանը: Կամսկին հաղթելով Դանիել Նարոդիցկուն, 4,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Նրան կես միավոր զիջող Յուրի Շուլմանը ոչ-ոքի խաղաց Ռեյ Ռոբսոնի հետ: Յան Էլվեստը հաղթեց Ալեքսանդր Ստրիպունսկուն:
Ավարտական տուրում Գատա Կամսկին մրցելու է Յուրի Շուլմանի հետ: 3,5 միավոր ունեցող Ալեքսանդր Իվանովի մրցակիցն է 3 միավոր ունեցող Ռեյ Ռոբսոնը: Հենց այս երկու պարտիաներն էլ կորոշեն 1-ին ենթախմբից պայքարը շարունակող 2 ուժեղագույններին:
2-րդ ենթախմբում ուղեգրերից մեկի տերն արդեն հայտնի է: Ռոբերտ Հեսը սեւերով հերթական հաղթանակը տոնելով Լարի Քրիստիանսենի նկատմամբ, վաստակեց 5 միավոր ու անհասանելի դարձավ մրցակիցների համար: Նրանից 1,5 միավորով հետ են մնում Ալեքսանդր Օնիշչուկն ու Սեմ Շենկլենդը: Նրանք հաշտություն կնքեցին համապատասխանաբար Յասեր Սեյրավանի եւ Բենջամին Ֆինեգոլդի հետ: Գեորգի Կայդանովը հաղթեց Ալեքսանդր Շաբալովին:
Կանանց մրցապայքարում խաղարկվող 4 ուղեգրերի համար բավական թեժ մրցավեճ է ծավալվել: Դրանցից մեկն իր համար արդեն ապահովել է Իրինա Կրուշը, որը հերթական հաղթանակը տոնելով Իրինա Զենյուկի նկատմամբ, 5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Հաջողությանը մոտ է նաեւ Տաթեւ Աբրահամյանը, որը ոչ-ոքի խաղալով Ալիսա Մելեխինայի հետ, վաստակել է 4 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ Սաբինա Ֆոյշորն ու Քամիլա Բագինսկայտեն, որոնց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի:
Առաջատար քառյակի միակ հետապնդողն Աննա Զատոնսկիխն է, որը հաղթելով Ռուսուդան Գոլեթիանիին, վաստակեց 3 միավոր եւ դեռեւս տեսական հնարավորություններ ունի պայքարելու ուղեգրի համար: Ավարտական տուրում նա սպիտակներով մրցելու է Սաբինա Ֆոյշորի հետ: Տաթեւ Աբրահամյանին Իրինա Զենյուկի հետ պարտիայում բավարարում է նույնիսկ ոչ-ոքին: Վճռորոշ նշանակություն կունենա նաեւ Բագինսկայտե-Կրուշ պարտիայի արդյունքը: