Թենիսի Հայաստանի կանանց հավաքականն այս տարի եւս կմասնակցի ֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Մեր թիմն ընդգրկված է եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբում: Այստեղ ընդգրկված են նաեւ Վրաստանի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Մարոկկոյի եւ Բոսնիայի հավաքականները: Նախնական փուլում 7 հավաքականները կբաժանվեն 2 ենթախմբի, որոնցում հաղթողները կպայքարեն 1-ին խմբի երկու ուղեգրերի համար: Մրցումները տեղի կունենան մայիսի 4-7-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում:
Հայաստանի հավաքականի մարզական պատիվը կպաշտպանեն Անի Ամիրխանյանը, Օֆելյա Պողոսյանը, Նունե Խաչատրյանն ու Աննա Մովսիսյանը: Վերջինս կկատարի նաեւ մարզչի պարտականությունները: Այսօրվա դրությամբ Հայաստանի կանանց հավաքականը 222 միավորով դասակարգման ցուցակում 62-րդ տեղում է: