«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2011-04-21 | #72, 2011-04-22 | #73, 2011-04-23


«ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴՔԱՆ ԴԱԺԱՆ ԳՏՆՎԵՑԻՆ ՄԵՐ ՀԱՆԴԵՊ»

Հարցնում են ցեղասպանության ականատես-վկաները

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հունվարի 1-ի տվյալներովՙ Հայաստանում բնակվում է 1915 թ. Օսմանյան Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանությունը վերապրած 141 անձ` 109 կին, 32 տղամարդ: Նրանք 1915-ի ցեղասպանության, մարդկային դաժանության ու ատելության լուռ վկաներն են: Այսօր նրանք սպասում են արդարության հաստատման, որը ուշանում է: Ուշանում, որովհետեւ միջազգային հանրությունը տնտեսական շահը, ռազմական ու քաղաքական գործարքները վեր է դասում պատմական արդարությունից եւ արհամարհում ցավն ու տառապանքը:

103-ամյա Մարի Վարդանյանը ծնվել է Մալաթիա քաղաքում: «Այսօր էլ կարող եմ փակ աչքերով մեր տունը գտնել: Մեր տան վերեւում ու ներքեւում տնվորներ կային, դիմացը գեղեցիկ այգի կար, վարդեր, ծաղիկներ: Հիմա էլ որ գնամՙ կգտնեմ տունը», պատմում է նա:

Հիշում է, որ խնջույքի ժամանակ թուրքերը դավադրաբար սպանել են պապին` Գեւորգ Մազմանյանին:

«Պապս 5 զավակ է ունեցել` 3 աղջիկ, 2 տղա, նրանք չկան, բոլորին թուրքերը սպանեցին, այրեցին: Մեր ունեցվածքը գողացան: Մորս էլ ճանապարհին սպանեցին: Ես ու տատիկս հայտնվեցինք որբանոցում: Էլ բան չեմ հիշում», հեկեկալով պատմում է տիկին Մարին ու պարբերաբար կրկնում. «Ես չէի սիրում թուրքերին, ատում էի նրանց»:

107-ամյա Սիմա Անտոնյանը նախ կորցրեց եղբորը, հետո մորը: 7 զավակներից միայն նա ողջ մնաց: Տիկին Սիմայի հիշողության մեջ դրոշմվել է այն պահը, երբ թուրքերը 6 թոռներին դրել են տատի ծնկների վրա ու սպանել: «Թուրքերն ասում էին` բաջի՛, քեզ ոչ մի բան չենք անի, թոռներիդ ենք սպանելու: Տատս մղկտում էր, աղաչում, որ իրեն սպանեն, բայց թուրքերը միայն ծիծաղում էին»:

Տիկին Սիման հիշում է, որ թաքնվել է ձորում: Թե ինչպես է հայտնվել Հայաստանում, չի հիշում:

Ցեղասպանության ականատես-վկան 7 զավակ, 18 թոռ ու ծոռներ ունի: Նրանց բոլորի դաստիարակության հիմքում բարությունն է: Տիկին Սիման առավոտը սկսում է աղոթքով, թոռներին էլ ինքն է սովորեցրել «Հայր մերը»: Տիկին Սիման հավատում է, որ աշխարհը կփրկեն միայն բարությունն ու սերը, սակայն թուրքերին ներել չի կարողանում:

Անհնար է Եպրաքսիա Գեւորգյանի արտաքինից ու եռանդից գուշակել, որ նա 105 տարեկան է: Այս տարիքում էլ սիրում է գիրք կարդալ: Նախընտրում է Թումանյանի ստեղծագործությունները: Ասում է` «Էնտեղ բարությունը շատ է»:

«Հիշում եմ, որ ձորում էինք թաքնվել, փախնում էինք, հենց ձայն էինք լսում, թաքնվում էինք: Վախից դողացնում էինք, լուռ լացում, որ թուրքերը մեր ձայնը չլսեին: Եկանք հասանք Արազ: Ջուրը ամբողջությամբ կարմիր էր, հայի արյունն էր դա», հիշում է նա: Եպրաքսիա տատիկը 9 տարեկան էր, երբ գաղթեցին Կարսի Մառվակ գյուղից: Գաղթի ճանապարհին կորցրել է մորն ու եղբորը: Գյումրիում կորցրել քեռուն ու հայտնվել Գյումրիի մանկատանը:

1909թ. ծնված Ալիս Կասրյանն այսօր ապրում է Արմավիրի մարզի Նոր Պատ գյուղում: 102-ամյա կինը պատմում է, որ հորը` Հակոբ Բերբերյանին սպանել են, երբ ինքը 6 ամսական էր: Մաշկազերծ են արել վարդապետ հորեղբորը: Ալիսը հարազատների հետ փախել է Հունաստան` տատի մոտ:

Կարճ ժամանակ անց հիվանդությունից մահանում է նաեւ մայրը: Մորը Ալիսը չի հիշում. տպավորվել է միայն նրա անունը` Զարուհի: Հունաստանում Ալիսն ապրել է քեռու տանը, մեկ սենյակում 11-հոգանոց ընտանիքն էր ապրում:

«Ինձ դաժան ճակատագիր բաժին ընկավ: Ամուսինս հայրենական պատերազմի ժամանակ մահացավ: 1947-ին որպես հայրենադարձ վերադարձա ու հաստատվեցի Հայաստանում», պատմում է նա:

Արաքս գյուղում է ապրում Գյուլե Հովհաննիսյանը: Նրա ծնողներն ապրել են Բիթլիսի Խանըկ գյուղում: Տիկին Գյուլեի պապը գյուղի քահանան էր: «Թուրքերը հայերի ձեռքից զենքերը հավաքում էին: Պապիկս, որ ուսյալ անձնավորություն էր, անհանգստացել է, հասկացել, որ հայերին վտանգ է սպառնում: Կարճ ժամանակ անց նրան ձերբակալեցին: Պապիս ասացին, որ կրոնը փոխի ու մահմեդականություն ընդունի, բայց հրաժարվեց: Նրան գցել են մի փոքր սենյակ, տանջել թեւերը կոտրել, սակայն նա հրաժարվել է ընդունել մահմեդականություն», հիշում է տիկին Գյուլեն: Նա ծնողների եւ եղբոր հետ փախել է Սիրիա:

Տիկին Գյուլեն Հայաստան է եկել 1947-ին: Ասում էՙ Սիրիայում սարսափելի կյանքով են ապրել: «Մայրս շուտ մահացավ: Աղքատություն էր, սով: Հինգ տարի մեզ ֆրանսիացիները պահել են: Հետո մի կերպ նավով եկանք Բաթում, այնտեղից էլ Հայաստան: Այս տարիքում էլ ինքս ինձ հարց եմ տալիս, իսկ ո՞րն էր մեր մեղքը, ինչո՞ւ մեզ այդպես պատժեցին, ինչո՞ւ այդքան դաժան գտնվեցին մեր հանդեպ: Որ հա՞յ էինք: Մի՞թե հայ լինելը մեղք է: Մի՞թե քրիստոնյա լինելը անեծք է», հարցնում է տիկին Գյուլեն ու անկեղծորեն զարմանում, որ աշխարհը գիտի իրենց տառապանքների ու զրկանքների մասին, սակայն մեղավորին չի պատժում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4