«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2011-04-21 | #72, 2011-04-22 | #73, 2011-04-23


ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵՐԿԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Այս տարի Սուրբ Զատկի ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրերը համընկել են: Զատիկը եկեղեցական շարժական տոներից է, որի հաշվարկը կապված է գարնանային գիշերահավասարի օրվան: Ապրիլի 11-ի համարում «Ազգը» հանգամանալից գրել էր, թե ինչու են այս օրերն համընկել:

Հիշեցնենք, որ ամսի 24-ի առավոտյան Վեհափառ հայրապետը լինելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, որտեղ կատարելու է հոգեհանգստի արարողություն: Այնուհետեւ Գարեգին Երկրորդն ու սրբազան հայրերը կվերադառնան էջմիածին, որտեղ հայրապետական պատարագը կմատուցվի 11.30-ին:

Քանի որ Սուրբ Հարության տոնի օրն համընկել է անմեղ զոհերի հիշատակման օրվան, մարդկանց մեջ անհանգստություն է առաջացել, թե ի՞նչ ձեւով են նշելու Ս. Զատիկը, ինչպե՞ս են շնորհավորելու միմյանց: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը «Ազգի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ հավատացյալներն առանց որեւէ անհանգստության կարող են շնորհավորել միմյանց «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով եւ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանով: Տեր Վահրամը հավելում է. «Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես հավատացյալները կարող են ձու ներկել»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4