Սակայն Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը անդառնալի է նաեւ ԱՄՆ-ում
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ամեն տարի ապրիլի 24-ին բոլորն անհամբեր սպասում են ԱՄՆ նախագահի ելույթին: Սպասելու պարագայում խնդիրը սոսկ Հայաստանը կամ Սփյուռքը չեն, ոչ էլ ելույթի նկատմամբ հետաքրքրություններն են սահմանափակվում Թուրքիայով: Պարզապես հայերը մտավախություն են ունենում, թե նախագահը չի արտասանի «ցեղասպանություն» բառը, իսկ թուրքերը տագնապ են ապրում, ելնելով այդ բառի արտասանման հավանականությունից:
Թեեւ այս տարի արաբական երկրներում բռնկված հակակառավարական խռովությունները, հայտնվելով միջազգային հանրության օրակարգում, երկրորդ պլան են մղել Հայոց ցեղասպանության հարցը, այդ իսկ պատճառով էլ Թուրքիան, ի տարբերություն նախորդ տարիներին, համեմատաբար հանգիստ է, սակայն դա ամենեւին էլ չի ենթադրում թուրքերի ապրիլի 24-ի տագնապի վերացումը:
Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ CNN-turk-ին, ահա թե ապրիլի 21-ին կայքէջում ինչ է գրել այս հեռուստատեսությունը. «Մոտենում է ապրիլի 24-ը... Բոլորի հայացքն ուղղված է դեպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ուշադրության կենտրոնում ցեղասպանության հայկական պնդումների առնչությամբ նրա ելույթն է: Թուրքիան շարունակում է շփումները ԱՄՆ-ի գերատեսչությունների հետ: Արտգործնախարարության խոսնակ Սելչուք Ունալը, նկատի ունենալով Օբամային, ասաց. «Հույս ունենք, որ անկողմնակալ եւ արդար մոտեցում կդրսեւորի»:
Արտգործնախարարությունում կազմակերպված մամուլի ասուլիսում Ունալը 1915-ի իրադարձություններին եւ ապրիլի 24-ին առնչվող հարցերին ի պատասխան նշեց, որ իրենք այդ ուղղությամբ, ինչպես ԱՄՆ-ի վարչակարգի, այնպես էլ նախագահ Բարաք Օբամայի հետ աշխատում են սերտ համագործակցությամբ, ավելացնելով. «Մենք մեր գործընկերներին ամեն անգամ հասկացնում ենք, որ քաղաքական, իրավական եւ բարոյական առումով խնդրահարույց է լինելու ԱՄՆ-ի գերատեսչությունների վճիռը միջազգային այն տարաձայնության շուրջը, որն ընդգրկում է պատմական վիճելի մի ժամանակահատված»:
Այնուամենայնիվ բաց է մնումՙ «ապրիլի 24-ի ելույթում Օբաման կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ» հարցը: Այդ մասին դժվար է կարծիք հայտնելը, սակայն կարելի է ենթադրել, որՙ ոչ: Դրա համար հիմք է ծառայում ոչ այնքան թուրք խոսնակի այսպես կոչված լավատեսությունը, այլ արաբական աշխարհում տեղի ունեցող քաղաքական զարգացումները, որոնք թեկուզ մասնակի, սպառնալիքի տակ են դնում ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության շարունակականությունը:
Անցյալ տարի այս օրերին Անկարան ԱՄՆ էր գործուղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի երկու պատվիրակություններ, որոնք Վաշինգտոնում եւ Նյու Յորքում բացատրական աշխատանքներ էին տանում: Եթե Հայոց ցեղասպանության հարցը չմնար տարածաշրջանային զարգացումների ստվերում, կասկածից վեր է, որ Թուրքիան պատվիրակություն կուղարկեր նաեւ այս տարի:
Եթե ապրիլի 24-ի ելույթում նախագահ Օբաման արտասանի «ցեղասպանություն» բառը, ինչ խոսք, դրանով զգալի կդյուրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի անցկացումը ԱՄՆ Կոնգրեսում: Չպետք է սակայն մոռանալ, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ոչ միայն սպառել է թուրքական ժխտողականության դիրքերը, այլեւ անդառնալի է դարձրել գործընթացի հետագա ծավալումը նաեւ ԱՄՆ-ում: Հետեւաբար ելույթում «ցեղասպանություն» բառի օգտագործումից Օբամայի խուսափելը ընդամենը ժամանակավոր ձախողում կլինի: Այլ կերպՙ դրանով թեեւ կհետաձգվի ցեղասպանության ճանաչումը, սակայն ճանաչման հարցը, անկախ նախագահի ելույթի բովանդակությունից, կպահպանվի ԱՄՆ-ի օրակարգում:
Այս հանգամանքը հնարավոր ձախողմանը հակազդելու դրսեւորումների առումով Հայաստանի, Սփյուռքի, առավել եւս Ամերիայի հայերի համար ենթադրում է հավասարակշռություն եւ այդ դրսեւորումների չափավորում քաղաքական էթիկայի շրջանակներում: Ի վերջո, Հայոց ցեղասպանության ճանաչումը համահայկական խնդիր է, իսկ ազգային խնդիրներում ժամանակավոր ձախողումները պետք է արժանապատվությամբ դիմավորել, քաջ գիտակցելով, որ սանձարձակությունները չեն նպաստի դրանց լուծմանը: Չպետք է նաեւ մոռանալ, որ պետությունները եւ պետական գործիչները, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ընդամենը մարդկության դեմ կատարված հանցագործությունն են դատապարտում, ընդ որում ելնելով այն ստորագրությունից, որը դրել են ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի եւ դրա կատարելագործված տարբերակի տակ: