Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը երկիրը բնութագրում է «հանդուրժողական, բազմազգ եւ բազմադավան»: Ըստ էության, դրա նպատակն է տպավորություն ստեղծել, որ «ադրբեջանցին ոչ թե էթնիկական, այլ` քաղաքացիական բնորոշում է»: Այսինքն, հանրապետության բոլոր բնակիչները քաղաքացիությամբ ադրբեջանցի են, ադրբեջանահպատակ, ազգությամբ` ազերի- թուրք, մեսխեթցի թուրք, թաթար, քուրդ, թաթ, լեզգի, ռուս: Եվ անգամ... հայ:
Ի հակակշիռ, ադրբեջանական կողմը Հայաստանին եւ ԼՂՀ-ին մեղադրում է «էթնիկական անհանդուրժողականության» մեջ: Հիմնական «փաստարկն» այն է, որ «Հայաստանի բնակչությունը գրեթե բացառապես բաղկացած է հայերից, ԼՂ-ից աքդրբեջանցիները բռնատեղահանվել են»:
Մի կողմ թողնելով այդ անհեթեթությունը, փորձենք հայացք ձգել Ադրբեջանի բնակչության ազգային կազմին: Նախապես ասենք, որ դիտարկումների համար հիմք ենք ընդունել ադրբեջանցի ուսումնասիրող Արիֆ Յունուսովի «Ադրբեջանի էթնիկ կազմն ըստ 1999թ. մարդահամարի» հոդվածը /տես` http://www.iea.ras.ru/topic/census/mon/yunus-mon2001.htm/:
Ըստ այդմ, 1989թ.` խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով, Ադրբեջանում հաշվվել էեն 112 ազգություններ եւ էթնիկ խմբեր: Բնակչության 83 տոկոսը կազմել են ադրբեջանցիները, մնացածը` ռուսները, հայերը, լեզգիները եւ այլն: Ըստ դավանանքի բնակչության 87 տոկոսը մահմեդական էր, 12-ը` քրիստոնյա` ուղղափառ եւ լուսավորչական:
1999թ. մարդահամարի պաշտոնական տվյալներով Ադրբեջանի բնակչությունը կազմել է 7 995,4 մարդ, որից 7 205,5-ը կամ 90 տոկոսը` ադրբեջանցի: Ընդ որում, գյուղական շրջաններում եւ Նախիջեւանում ադրբեջանցիները կազմել են բնակչության 96-99 տոկոսը, այդ թվում Բաքվում` 88 տոկոսը:
Ըստ ազգությունների պատկերը հետեւյալն է.
1979թ. Ադրբեջանում բնակվել է 475, 3, 1989-ին` 392,3 , իսկ 1999-ին` 141, 7 հազար ռուս: Այսպիսով, 20 տարում ռուսների քանակը երեք անգամ կրճատվել է, տոկոսային հարաբերակցությամբ` ամբողջ բնակչության հետ համեմատած, 5,6-ից հասնելով 1,8-ի:
1989թ. մարդահամարի տվյալներով Ադրբեջանում հաշվառվել է 390,5 հազար հայ: 1999թ.` 645, որից 36-ը` տղամարդ, 609` կին:
Մինչ անկախություն ձեռք բերելը Ադրբեջանում մարդահամարի ժամանակ իսլամադավան վրացիները չեն հաշվառվել: Ուստի հնարավոր չէ դատել` ավելացե՞լ է նրանց թվաքանակը, թե՞ նվազել: 1999 թ. հաշվառվել է 14,9 հազար իսլամադավան վրացի:
10 տարում չի աճել Ադրբեջանում ապրող լեզգիների, թաթերի եւ թաթարների թվաքանակը, ինչից ենթադրվում է, որ այդ ազգությունները գտնվում են ուծացման եզրին: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանից հեռացել է 31,3 հազար հրեա: 1999թ. հաշվառվել է 8,9 հազար հրեա` ներառյալ հուդայականություն ընդունած թաթերին:
Ըստ Յունուսովի ուսումնասիրության, Ադրբեջանում կրկնակի կրճատվել է ուդիների թվաքանակը: 1999թ. տվյալներով 4,2 հազար ուդի բնակվել է Նիժ գյուղում, ինչը կասկածելի է թվում:
Սրանք են, ահա, ադրբեջանցի ուսումնասիրողի վկայակոչած փաստերը: Իսկ եթե նկատի ունենանք նաեւ այն, որ ըստ Յունուսովի, 1999թ. Ադրբեջանի ռուս բնակչության շուրջ 30 տոկոսն անաշխատունակ տարիքի մարդիկ էին, ապա թերեւս կարելի է եզրակացնել, որ այս պահի դրությամբ ռուս բնակչությունն Ադրբեջանում ավելին չէ, քան` 100 000: Նույնը` այլ ազգային փոքրամասնությունների պարագայում. ամենուր նկատելի է թվաքանակի անկում: Իսկ դա ամենեւնի էլ չի խոսում Ադրբեջանի` «բազմազգ պետություն լինելու» օգտին:
Յունուսովի ուսումնասիրությունն, ընդհակառակը, վկայում է, որ ոչ հեռավոր անցյալում Ադրբեջանն իրոք բազմազգ է եղել: Իսկ ավելի հեռավոր անցյալում, ամենայն հավանականությամբ, թուրք-ազերի էթնիկական խումբը փոքրամասնություն է կազմել: Սակայն շուրջ մեկդարյա ուծացման քաղաքականությունը, որ սկզբնավորվել է Ադրբեջան պետության հռչակմամբ, խորացել է ԽՍՀՄ գոյության տասնամյակներին եւ իր բարձրակետին հասել անցյալ դարավերջին` որպես էթնիկական զտումների պետական քաղաքականություն, հանգեցրել է նրան, որ երբեմնի էթնիկական բազմազանության փոխարեն առկա էր ազերի-թուրքական տարրի էթնիկական բացարձակ գերակայություն:
Իսկ ի՞նչ վիճակ է այսօր` Յունուսովի ուսումնասիրությունից 10 տարի անց (հոդվածը տպագրվել է 2001թ.), ոչ ոք չգիտի: Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայության կայքէջում բնակչության էթնիկական կազմի մասին տվյալներ չկան: Ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ իշխանությունները պարզապես խուսափում են դրանք հրապարակելուց, քանի որ պատկերն ավելի քան խայտառակ է:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ