Ազգային ժողովում երեկ տեղի ունեցավ «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» գրքի շնորհանդեսը: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ ժողովածուն 2007 թ. դեկտեմբերի 19-20-ը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացած խորհրդարանական լսումների սղագրությունների ամփոփումն է եւ ներառում է լսումների ընթացքում հնչած զեկուցումները, ելույթները, հարց ու պատասխանները եւ հիմնահարցին առնչվող կարեւոր փաստաթղթերը: Գրքի տպագրությունն իրականացվել է շնորհիվ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, Եվրասիա-համագործակցություն հիմնադրամի, Շվեդիայի Միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության: Քարտեզները տրամադրել է պատմաբան Բաբկեն Հարությունյանը: Ըստ Ա. Ռուստամյանի` ժողովածուն նախատեսված է հիմնախնդրով մտահոգ պետական եւ հասարակական կառույցների, մասնագետների, հանրության լայն խավերի համար եւ օգտակար կարող է լինել խորհրդարանական դիվանագիտության զարգացման առումով: Այս կարգի մի ժողովածու էլ լույս էր տեսել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, էլի խորհրդարանական լսումներից հետո:
Մ. Խ.